Լրահոս

30.09.2014 18:45


ՄԻԵԴ-ի ՀՀ դատավորի մրցույթը մտահոգություններ է հարուցում

ՄԻԵԴ-ի ՀՀ դատավորի մրցույթը մտահոգություններ է հարուցում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթի արդարության և թափանցիկության սկզբունքների պահպանման վերաբերյալ հայտարարություն են տարածել մի շարք իրավաբաններ և ՀԿ-ներ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության գործընթացը մտահոգություններ է հարուցում` կապված մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործելաոճի հետ:

Ս.թ. սեպտեմբերի 11-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (այսուհետ` ԻԵՄ) գրավոր դիմել էր Հանձնաժողովին` խնդրելով հնարավորություն ընձեռել դիտարկելու ընտրության գործընթացի բոլոր փուլերը: Ցայսօր հասարակական կազմակերպության դիմումին պատասխան չի տրվել:

Թեկնածուների դիմումների ընդունման վերջնաժամկետը լրանալու պահին, այն է` ս.թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 18:00-ից հետո, ըստ մամուլում առկա տեղեկությունների, դիմումատուների թիվը 11-ն էր, ընդ որում նրանց անունները հետևողականորեն գաղտնի էին պահվում Հանձնաժողովի կողմից: Երեք օր անց հրապարակված լուրերում դիմումատուների թիվն արդեն 14-ն էր, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ եղել են դիմումներ, որոնք ընդունվել են վերջնաժամկետի ավարտից հետո: ԻԵՄ-ն այդ երեք օրերի ընթացքում մի քանի անգամ փորձել է տեղեկություններ ստանալ դիմումատուների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթանալ թեկնածուների փաստաթղթերի ընդունման գրանցամատյանին, սակայն այդպիսի հնարավորություն նրան չի ընձեռվել: Ս.թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պաշտոնապես հրապարակել է թեկնածուների ցուցակը:
Ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 10:25-ին և 11:20-ին ԻԵՄ-ը հեռախոսազանգով փորձել է ճշտել Հանձնաժողովի նիստի անցկացման վայրն ու ժամը: Նրան տեղեկացրել են, որ նիստն արդեն սկսվել է, սակայն չեն նշել անցկացման վայրը: Իսկ ժամը 11:35-ին, ի պատասխան երրորդ հեռախոսազանգին, տեղեկացրել են որ նիստն ավարտվել է՝ կրկին չհայտնելով դրա անցկացման վայրը:
Վերոնշյալ փաստերը և տեղեկատվության տրամադրման հետևողական և անդրդվելի մերժումները լուրջ կասկածներ են հարուցում ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության դատավորի ընտրության գործընթացի օրինավորության նկատմամբ:

Այս առնչությամբ մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս և անհատներս, պահանջում ենք Հանձնաժողովին ապահովել արդար, թափանցիկ և պատշաճ գործընթաց՝ պահպանելով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով` յուրաքանչյուր քաղաքացու համար երաշխավորված տեղեկություններ փնտրելու և ստանալու իրավունքը, ինչպես նաև 27.1-րդ հոդվածով երաշխավորված իրավասու պետական մարմիններին դիմում ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու իրավունքը: Պահանջում ենք հայցող կազմակերպություններին և ԶԼՄ-ներին թույլ տալ ծանոթանալ գրանցամատյանին և տրամադրել Հանձնաժողովի ս.թ. սեպտեմբերի 29-ի նիստի արձանագրությունը, ինչպես նաև հետագա աշխատանքային բոլոր փաստաթղթերը: Պետական կառույցների նկատմամբ հանրության վստահության բացակայության պայմաններում` սա է արդար և թափանցիկ գործելաոճի հրամայականը:

Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների համատարած ոտնահարումների համատեքստում անչափ կարևորվում է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների ընտրության պատշաճ գործընթացը, և այն չի կարող անցնել աննկատ և գաղտնի հանրության համար: Դռնփակ և գաղտնի գործելաոճը վնասելու է և՛ Հանձնաժողովի անդամների վարկանիշին և՛ բացասական հետևանքներ է ունենալու ընտրված թեկնածուների համար: Հետևաբար, կոչ ենք անում ձեռնպահ մնալ ժողովրդավարական կառավարմանն անհարիր գործելաոճից և իրականացնել արդար և թափանցիկ մրցույթ:
«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան խումբ» ԻՀԿ
Ծովինար Նազարյան, ակտիվիտ, Խիզախ կին 2012
«Էկոլոգիական իրավունք», ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն», ՀԿ
Արա Զաքարյան, փաստաբան
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե», ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության», ՀԿ
Լարիսա Ալավերդյան, Մարդու իրավունքների առաջին պաշտպան
«Նոր սերունդ», մարդասիրական ՀԿ
Լուսինե Սահակյան, փաստաբան
Երվանդ Վարոսյան, փաստաբան
«Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն», ՀԿ
«Երեւանի մամուլի ակումբ» ՀԿ
Նիկոլայ Բաղդասարյան, փաստաբան

Այս խորագրի վերջին նյութերը