Կարծիք

30.09.2014 11:02


Մերի Մովսիսյան. «Թե՛ հոկտեմբերի 10–ին, թե՛ ընդհանրապես սահմանադրական փոփոխությունները չպետք է թույլ տալ»

Մերի Մովսիսյան. «Թե՛ հոկտեմբերի 10–ին, թե՛ ընդհանրապես սահմանադրական փոփոխությունները չպետք է թույլ տալ»

Հոկտեմբերի 3-ին Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյան հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի» և «Ժառանգության» հերթական մարզային հանդիպումն է քաղաքացիների հետ։ Թեման նույնն է՝ 12–կետանոց պահանջը և սահմանադրական փոփոխությունների հարցը։

Վազգեն Սարգսյանի հրապարակը պետք է որ բազմամարդ լինի, ըստ տրամաբանության, անկախ նրանից, որ Արարատի մարզպետից ու վարչկենտրոնի ղեկավարից սկսած՝ հանրապետականներ են։

Իսկ ինչո՞ւ պետք է բազմամարդ լինի։ Ասեմ. վերջին տարիներին երկրի քաղաքական կյանքում զգալի տրանսֆորմացիաներ են տեղի ունեցել։ Այսպես, առկա իշխանության ու նրա ականների ոչ պակաս ջանքերի շնորհիվ հավասարության նշանը Վազգեն Սարգսյանի և ՀՀԿ–ի միջև դարձել է, մեղմ ասած, անտեղի։ Ներկայիս ՀՀԿ ղեկավարը և նրա ականներից մեկը՝ Արամ Զավենի Սարգսյանը, նույն ինքը՝ Վազգեն Սարգսյանի եղբայրը, ջանք չեն խնայում՝ վարկաբեկելու նրա հիշատակը։ Ոչ վաղ անցյալում, երբ Սարգսյանը եվրաասոցացման ակտիվ փուլում էր, Արամ Սարգսյանը Բաղրամյան 26-ի երկրի շահերին դեմ գաղափարն էր պրոպագանդում։ Արամի ստրկամտությունը հասել էր նրան, որ նա չէր էլ թաքցնում, որ ԵՄ ինտեգրման գործընթացը հաջող պսակելու համար պետք է պատրաստ լինել Ղարաբաղի հարցում գնալ զիջումների։ Փաստորեն, Վազգեն Սարգսյանի հիշատակը և նրա գործն այդպես է շարունակում նրա հարազատ եղբայրը՝ իհարկե, ոչ առանց Բաղրամյան 26-ի մասնակցության։

Կարծում եմ՝ առաջին հերթին յուրաքանչյուր արարատցու (երևի, բացի սպարապետի սեփական եղբորից) համար պետք է պատիվ լինի՝ բարձր պահելու սպարապետի անունն ու գաղափարները։ Սա այն հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու արարատցիները պետք է գտնվեն Վազգեն Սարգսյանի հրապարակում։

Եթե Արարատում իսկապես վառ են պահում սպարապետի հիշատակը, ապա նրանք իրենց մասնակցությամբ թե՛ հոկտեմբերի 3-ին, թե՛ հոկտեմբերի 10–ին, թե՛ ընդհանրապես չպետք է թույլ տան, որ սահմանադրական փոփոխությունները՝ հանուն Սարգսյանի վերարտադրության, իրականություն դառնան։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը