Մեկնաբանություն

30.09.2014 00:11


Գողը գոռում է՝ բռնե՛ք գողին

Գողը գոռում է՝ բռնե՛ք գողին

Եվրոպաներում, մասնավորապես, Սուրբ Աթոռում շրջագայելուց, Հռոմի պապին մոտիկից տեսնելուց հետո վերադառնալով Հայաստան՝ Արմեն Աշոտյանի առաջին գործը եղավ Սիսիանի ուղղությամբ հեռակա հայացք նետելը, որտեղ կիրակի օրը ոչիշխանական ուժերի «եռյակը» հերթական հանրահավաքն անցկացրեց:

Չկարծեք, թե Սուրբ Աթոռից ու Հռոմի պապից ներշնչված՝ Աշոտյանը որոշել է մտորել ու բարձրաձայնել Սյունիքի մարզպետի պաշտոնում Լիսկային վերանշանակելու անարդար ու խայտառակ որոշման մասին: Որոշում, որն, ի դեպ, դեռ Սերժ Սարգսյանի կողմից չի հաստատվել-ստորագրվել, բայց արդեն Լիսկային շախով-շուխով տարել ու պաշտոնապես ներկայացրել են մարզպետարանի աշխատակիցներին:

Աշոտյանի հայացքը շրջանցել է նաեւ այս ապօրինությունը:

Աշոտյանը ուշադրություն է հրավիրել այլ հանգամանքին, ինչը նրան զարմացրել ու զայրացրել է, եւ նա այդ մասին խոսում է սպառնալից տոնով։

«Ինձ տեղեկություններ են հասնում, որ այնտեղ, որտեղ կրթական հաստատությունների տնօրենները «եռյակի» կուսակցությունների, մասնավորապես, ԲՀԿ-ի ներկայացուցիչներ են, հանրահավաքային գործընթացի մեջ փորձում են ներքաշել ուսումնական հաստատությունները Հեռո՛ւ մնացեք կրթական համակարգից, եթե չեք կարողանում ձեր կոչերով, լոզունգներով, քաղաքական դիրքորոշումներով մարդ հավաքել: Դա չի նշանակում, որ պետք է ուսումնական հաստատություններից, այնտեղ, որտեղ ի վիճակի եք, մարդ բերեք»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարում է Աշոտյանը՝ զգուշացնելով, որ համապատասխան հաստատությունների ղեկավարները պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով:

Ինչպես նկատեցիք, Աշոտյանն ուզում է «Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ», ինչն, իհարկե, ծիծաղելի է:

Թեպետ, նրա այս կեցվածքը հիշեցնում է նաեւ մեկ այլ ասացվածք՝ «Գողը գոռում է՝ բռնե՛ք գողին»:

Սուրբ Աթոռից վերադարձել ու սրբի կերպարանք է ընդունել, խոսում է քաղաքական գործընթացներից կրթական հաստատությունները զերծ պահելու մասին, բարբառում նման մոտեցումների անընդունելի լինելու մասին:

Ա՛յ մարդ, էս ի՜նչ սուրբ է ՀՀԿ փոխնախագահը: Նա երեւի մինչեւ հիմա տեղյակ չի եղել ու չի տեսել, թե ինչպես է իր հարազատ կուսակցությունը բոլոր նախընտրական շրջաններում օգտագործում կրթական հաստատություններում սովորողներին եւ դրանց ղեկավարներին:

Ընդ որում, օգտագործել եւ շարունակում է օգտագործել անխնա ձեւով՝ ուսանողությանն ու բարձր դասարանցիներին, բուհերի ղեկավարությանն ու դպրոցների տնօրեններին ներգրավելով ամենատարբեր գործընթացներում, որոնք միտված են ՀՀԿ-ի հեղինակության, նրա քաղաքական «կշռի» եւ առաջնորդի վարկանիշի բարձրացմանը:

Այլ հարց է, որ այդ ամենը որեւէ օգուտ չի տալիս. կրթական ոլորտի ներուժի օգտագործման միջոցով ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի հեղինակությունը չի բարձրանում, բայց որ Աշոտյանը միշտ էլ ակտիվորեն օգտագործել է եւ շարունակում է օգտագործել այդ վարչական ռեսուրսը, փաստ է:

Հաճախ այնպես են օգտագործում, որ երիտասարդությունը փուչիկներից «պաժառ» է ընկնում, իսկ ուսուցիչներն էլ մինչեւ գետին խոնարհվում են ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի առջեւ: Կամ՝ նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ առաջնորդին դիմավորելու համար ժամերով փորձում են նրա մուտքի պահը՝ «Մովսես առաջնորդն է գալիս»:

Էլ չենք խոսում ընտրական տեղամասերը դպրոցներում տեղակայելու մասին, որոնց տնօրենների 90 տոկոսը ՀՀԿ-ական են, իսկ մանկավարժներն էլ ներգրավված են ընտրական գործընթացներում (հանձնաժողովներում)` հիմնականում որպես ընտրակեղծարարներ:

Իսկ Աշոտյանը եկել ու չգիտես՝ ինչեր է խոսում:

Բուհերի ուսխորհուրդներն առավոտից իրիկուն զբաղված են ՀՀԿ-ի քարոզչությամբ եւ ուսանողներին հանրապետականացնելով, իսկ Աշոտյանը հայացքը հառել է Սիսիանի կողմը և ուզում է ղեկավարության առաջ միավորներ հավաքել:

Իսկ իշխող ուժին ո՞վ պետք է հիշեցնի օրենքները չխախտելու մասին, եւ ո՞վ պետք է նրան զգուշացնի, որ կրթական հաստատությունները որպես քաղաքական գործիք օգտագործելու մշտական գործելակերպը ենթակա է պատասխանատվության:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը