Լրահոս

29.09.2014 17:45


Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ–ում

Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ–ում

Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը եւ լիագումար նիստի հենց առաջին օրը քվեարկության է ներկայացվել ԵԽԽՎ ադրբեջանական լոբբիի կողմից ներկայացված՝ «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» բանաձեւի որոշման նախագիծը։ Նախագիծը ներկայացվել է Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆիկ Հուսեյնովի եւ հունական պատվիրակության անդամ, Իլհամ Ալիեւի ընտանիքի մտերմուհի Դորա Բակոյանիսի կողմից։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անընդունելի է համարել ներկայացված նախաձեռնությունը՝ կոչ անելով ԵԽԽՎ-ին մնալ իր մանդատի շրջանակներում ու չանել քայլել, որոնք վնասելու են բանակցային գործընթացին ու է՜լ ավելի են սրելու կողմերի միջեւ առկա անվստահությունը։

Իր ելույթում հայ պատգամավորն ասել է՝

Տիկին Նախագահ, Հարգելի գործընկերներ,

Ես ցանկանում եմ անդրադառնալ Բյուրոյի և մշտական կոմիտեի հաշվետվության այն հատվածին, որը վերաբերում է Հանձնաժողովներին փոխանցվող տեքստերին: Ուզում եմ անդրադառնալ Սուլեյմանովի և Բակոյանիսի կողմից ներկայացված բանաձևերի առաջարկություններին տրված Բյուրոյի երաշխավորություններին։

Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչու են մեր գործընկերները նման նախաձեռնությամբ հանդես եկել։ Նրանց, որ նույնն է՝ Ադրբեջանի նպատակը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը տապալելն է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձևաչափին զուգահեռ մի նոր գործընթաց սկսել - ահա այս ռազմավարությունն է որդեգրել Ադրբեջանը։ Ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում ձերբազատվել ԵԱՀԿ գործող ձևաչափից: Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Բավական է միայն լսել ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ, հակահայ ելույթները, կամ պարզապես հետևել այդ երկրի ռազմական բյուջեի աճի դինամիկային և ձեռք բերվող զինատեսակներին՝ խախտելով սպառազինությունների վերահսկման միջազգային ռեժիմներն ու պարտավորությունները, հասկանալու համար այդ երկրի իրական նպատակները։

Հասկանալի է, որ նմանօրինակ նախաձեռնություններով Ադրբեջանը փորձում է մեր Վեհաժողովի ուշադրությունը շեղել իր երկրում քաղաքական բանտարկյալների թվի աճից եւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներից: Փաստորեն, երկիր, որը նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության երաշխավորը հանդիսացող այս կազմակերպությունը, հեղինակազրկեց այն՝ կազմակերպության արժեքների ու սկզբունքների հանդեպ իր բացահայտ արհամարհանքով:

Հարգելի գործընկերներ,

Նմանաիտպ նախաձեռնությունները ուղղակիորեն վնասելու են վերջին սահմանային լարվածությունից հետո հաստատված անչափ փխրուն կայունությունը։

Ուզում եմ հավատալ, որ նրանք, ովքեր ստորագրել են Սուլեյմանովի և Բակոյանիսի բանաձևերի առաջարկությունների տակ, դա արել են՝ չնկատելով, որ մեծապես վնասելու են բանակցային գործընթացին։ Եկեք հիշենք, թե ի՞նչ ազդեցություն ունեցավ նույն հարցի վերաբերյալ 2005թ. բանաձևը: Պատասխանեմ՝ ոգեւորվելով դրանից՝ Ադրբեջանը էլ ավելի ուժգնացրեց իր հայատյաց հռետորաբանությունը, հրաժարվեց կարգավորման ձեռք բերված հիմնարար սկզբունքներից, մերժեց Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված փոխվստահության բոլոր միջոցառումները՝ շփման գծում ավելացնելով հրադադարի խախտման դեպքերն ու մահվան ելքով սադրանքները: Այդ բանաձևի արդյունքում ԵԽԽՎ-ում երկու պատվիրակությունների միջև փոխվստահությունը հավասարվեց զրոյի: Ցավոք, սա է նման նախաձեռնությունների արդյունքը:

Մեր կազմակերպությունը հստակ մանդատ ունի՝ ջանքեր գործադրել եվրոպական տարածքում պաշտպանելու մարդու իրավունքն ու ժողովրդավարությունը։ Եւ եթե բոլորիս ցանկությունն է հասնել այս նպատակին, ապա կոչ եմ անում դրսևորել զգոնություն, խոհեմություն ու պատասխանատվություն, երբ հարցը վերաբերում է մեր տարածաշրջանի փխրուն կայունությանը, այդտեղ բնակվող ժողովուրդների անվտանգությանը և ապագային:

Այս խորագրի վերջին նյութերը