Կարծիք

29.09.2014 17:15


Ո՞ւմ եք խաբում, պարոնա՛յք

Ո՞ւմ եք խաբում, պարոնա՛յք

«Եռյակի» երեկվա հանրահավաքները Սյունիքի մարզի Սիսիան և Կապան քաղաքներում ցույց տվեցին, որ իշխանությունները վերջնականորեն կորցրել են ինքնատիրապետումը, և, ուզած թե չուզած, մատնում են իրենց ակնհայտ հուզմունքն ու անհանգստությունը:
Երեկ՝ կիրակի օրը, երբ լրահոսը համեմատաբար հանգիստ է լինում, իսկ լրատվական կայքերը աշխատում են հանգստյան օրվա ռեժիմով, իշխանական լրատվամիջոցները նույն թափով գործում էին, իսկ հիմնական թեման ու նպատակը Սիսիանի ու Կապանի հանրահավաքները փնովելն էր, կեղծելը, իրենց համար ցանկալի լույսի ներքո ներկայացնելը: Դա մի բան էր նշանակում. կար հրահանգ՝ ամեն ինչ անելու Սիսիանի ու Կապանի հանրահավաքները գոնե լրատվական դաշտում սևացնելու համար, այլապես ոչ մի կայք հենց այնպես, սեփական բարի կամքով չէր հրաժարվի անգնահատելի հանգստյան ռեժիմից:
«Ֆեյսբուքում» գործի էին դրվել իշխանական գրչակները, որոնք գրառումը գրառման հետևից էին գրում, բնականաբար, էլի հանրահավաքի մասին, և դրանք անմիջապես հայտնվում էին լրատվական կայքերում:
Սա՝ համացանցում:
Իսկ տեղում իշխանությունն անցել էր նույն ժանգոտած մեթոդների կիրառմանը: Մասնավորապես, բազմաթիվ ՀՀԿ-ական երիտասարդներ խոչընդոտում էին հանրահավաքը, կոնֆլիկտի մեջ մտնում կազմակերպիչների հետ, փորձում խոչընդոտել լրագրողներին: Փակվել էին մի շարք գյուղերից դեպի Սիսիան ու Կապան տանող ճանապարհները. ևս մեկ իրեն սպառած ու ժանգոտած մեթոդ:
Իսկ որ ամենածիծաղելին է ու զավեշտալին՝ Կապանում հանրահավաքի ժամանակ «հանկարծ» անջատվեց էլեկտրաէներգիան:
Նույն իշխանությունները երևի չեն պատկերացնում, որ նման հին ու ծեծված մեթոդներով մարզային հանրահավաքների դեմ պայքարելն ավելի է մատնում իրենց իսկ ներքին խուճապն ու անհանսգտությունը: Նույնիսկ սկսել են արդեն տարբեր կայքերով իրենք իրենց համոզել, որ հոկտեմբերի 10-ին քիչ մարդ է գնալու համընդհանուր հանրահավաքին և այլն:
Ո՞ւմ եք խաբում, պարոնա՛յք, ժողովրդի՞ն: Բայց ժողովուրդը շատ լավ տեսնում է, թե ինչ է կատարվում, տեսնում է ձեր կիրառվող հակընդդեմ միջոցները և հասկանում, որ խուճապի մեջ եք: Թե՞ ինքներդ ձեզ եք խաբում ու փորձում ինքներդ ձեզ համոզել, որ ամեն ինչ նորմալ է: Եթե ամեն ինչ նորմալ է, ուրեմն ինչո՞ւ եք բոլոր ուղղություններով անցել հարձակման:
Երեկ բազմաթիվ գրառումներ և լրատվական կայքերի նյութեր տեսա, որտեղ գրված էր, որ «եռյակը» իրեն սպառել է և այլն. եթե սպառել է, ապա ինչո՞ւ է այդքան այդ մասին գրվում, քանի որ իրենց սպառած ուժերի մասին ուղղակի չեն գրում. դրա կարիքը չկա: Մի խոսքով, որքան մոտենում է հոկտեմբերի 10-ը, այնքան ավելի ակնհայտ են դառնում իշխանությունների խուճապն ու վախը, իսկ ինքնախաբեության հին մեթոդը վերջում թակարդ է դառնալու հենց նույն դրանով ապրող իշխանությունների համար:

Արտակ Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը