Լրահոս

29.09.2014 13:47


Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Երևան ժամանած Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Հելեն Քլարկին:
ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱ -ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը և, մասնավորապես, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությունը Հայաստանի զարգացմանը, ամենատարբեր բնագավառների խնդիրների լուծմանն ուղղված օժանդակությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` տիկին Քլարկն ասել է, որ անցած տարիներին Հայաստանի իշխանությունների հետ արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռել խոշոր ծրագրեր իրականացնել Հայաստանում, առաջ մղել ՄԱԿ-ի կողմից հռչակված Հազարամյակի նպատակների իրագործումը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել աշխարհի տարբեր մասերում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող առաքելության, ինչպես նաև գլոբալ խնդիրների լուծմանն ուղղված գործունեության վերաբերյալ, քննարկել են համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները, հետագա անելիքներն ու հեռանկարային նախագծերը։
Բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի կարևոր խնդիրներին և դրանց լուծման գործընթացներում ՄԱԿ-ի դերակատարությանը։ ՄԶԳԾ-ի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին։
Զրույցի ընթացքում կարևորվել է ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը և ներգրավվածությունը նրանց աշխատանքներին:
Զրուցակիցները խորը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների կողմից իրականացվող բռնությունների կապակցությամբ։ Այս առումով նախարար Նալբանդյանը ողջունել է անցյալ շաբաթ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում միաձայն ընդունված բանաձևը, որն ուրվագծում է ծայրահեղականների դեմ պայքարի հիմնական ուղղությունները։

Այս խորագրի վերջին նյութերը