Քաղաքական

29.09.2014 13:01


ԱԺ–ում վերաքվեարկում են, որ չանցկացնեն

ԱԺ–ում վերաքվեարկում են, որ չանցկացնեն

Այսօր ՀՀ ԱԺ նիստում քվեարկության է դրվել պատգամավորներ Մ. Մելքումյանի, Ն. Զոհրաբյանի, Է. Վարդանյանի, Վ. Էնֆիաջյանի և Վ. Բաբայանի ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու մասին հարցը։ Պատգամավորների քվեարկության արդյունքում գրանցվել է 47 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ ձայն, սակայն Է. Շարմազանովը քվեարկության արդյունքները հնչեցնելիս «խառնվել է» հաշվարկներում և նախագիծը դրել կրկնակի քվեարկության՝ պատճառաբանելով.

«Քանի որ մեր պատգամավորների մի մասը սխալվել է»։

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պահանջել է հիմնավորել կրկնակի քվեարկությունը, որին ի պատասխան՝ Է. Շարմազանովն ասել է. «Ձեր խմբակցությունից երկու հոգի է սխալվել, մեր խմբակցությունից՝ 6 հոգի»։

Չնայած պատգամավորները շեշտել են, որ քվեարկության արդյունքներով՝ օրենքն անցել է, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշում է կայացրել այն նորից դնել քվեարկության, որից հետո գրանցվել են 39 կողմ, 62 դեմ և 3 ձեռնպահ։ Այդպիսով Է. Շարմազանովն արձանագրել է, որ որոշումը չի անցել։

Տիգրան Ուրիխանյանը հարց է բարձրացրել. «Խոսքը քաղաքակա՞ն սխալի մասին էր, թե՞ տեխնիկական։ Հազիվ մեկ անգամ ակամայից լավ բան արեցիք, անմիջապես չեզոքացրեցիք... խնդրում եմ՝ պարզաբանեք։ Միանգամից այդքան թվով պատգամավոր սխալ կոճակ սեղմե՞ց։ Մարդիկ փորձառություն ունեն, լավ էլ գիտեն՝ ինչ են սեղմում, և սեղմեցին հօգուտ ժողովրդի»։

Ի պատասխան՝ Շարմազանովը հակադարձել է, որ կատարվածը տեխնիկական թյուրիմացություն էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը