Կարծիք

29.09.2014 11:14


Խոսքերի արժեքը և մտածողության տարբերությունը

Խոսքերի արժեքը և մտածողության տարբերությունը

Օրեր առաջ հանդիպելով ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ՝ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում մի քանի կարևոր շեշտադրում է արել՝ մասնավորապես, ասելով, որ մեր երկրին անհրաժեշտ է քաղաքական ուժերի համագործակցություն` հանուն բարեկեցիկ երկրի, քանի որ միայնակ ոչ ոք և ոչ մի քաղաքական ուժ չի կարող լուծել երկրի առջև ծառացած խնդիրները: Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է բոլորի համար ստեղծել հավասար և արդար պայմաններ` առողջ մրցակցություն ապահովելու համար, ինչը միայն օգուտ կբերի մեր երկրին:

Սրա հետ կապված՝ ցանկանում եմ մի քանի բան շեշտադրել, քանզի հենց այս մոտեցումը օգնում է շատ հստակ տարբերություն տեսնել այլ քաղաքական գործչի հետ համեմատության մեջ:
Շատ նորմալ է, որ ժողովրդի մեջ կան տարբեր կարծիքներ քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ, նորմալ է, որ տարբեր մարդիկ իրենց խնդիրների լուծման ճանապարհները կապում են տարբեր քաղաքական գործիների հետ: Սակայն անհրաժեշտ է սթափ մոտենալ գործիչների և կուսակցությունների խոսքերին և արարքներին, անհրաժեշտ է վերջապես իմանալ քաղաքական գործիչների խոսքերի արժեքն ու ընկալել մտածողությունների տարբերությունը:
Ծառուկյանի և Դեմիրճյանի հանդիպումից օրեր առաջ կայքերում հայտնվեց Սերժ Սարգսյանի խոսքերի սղագրությունը, ինչ նա ասել էր Չեխիայում ամիսներ առաջ հայերի հետ հանդիպման ժամանակ: Սարգսյանի խոսքերն այն մասին, թե «բա փոքր երկիր է. հո 10 հոգի շաքար չի՞ ներկրելու» ցույց են տալիս Սարգսյան քաղաքական գործչի մտածողությունն ու իրական նպատակները: Նրա համար տնտեսական մրցակցությունն ու նաև մրցակցությունը քաղաքական դաշտում անընդունելի երևույթներ են:

«Փոքր երկիր ենք. հո 10 կուսակցություն չի՞ պայքարելու հաղթանակի համար»,- իրականում հենց այսպես է մտածում Սարգսյանը, և այդ իսկ պատճառով տարիներ իր վեր փորձում է անապատացնել քաղաքական դաշտը, հիմա էլ ցանկանում է Սահմանադրությունը փոխել, որ միայն ինքը հավերժ իշխի այս երկրում: Հա, բա. փոքր երկիր ենք. հո 10 նախագահ չե՞նք փոխի…
Սարգսյանի նման մոտեցմամբ է արտահայտվում նաև այն, որ նա ձգտում է սուպեր օլիգարխիկ երկիր ստեղծելուն, և հենց նա է մեր երկրում կլանաօլիգարխիկ համակարգի ճարտարապետն ու գոյության հենասյունը:
Սարգսյանը շաքարի ներկրման մասին իր անկեղծ խոսքերով նաև պայթեցնում է այն փուչիկը, թե, օրինակ, Օֆշորի Տիկոյին նշանակել էր պաշտոնին, որ այդ «ուսյալ և կրթյալ» երիտասարդը պայքարեր օլիգարխիայի դեմ: Իրականում Տիգրան Սարգսյանն ընդամենը գործիք էր բիզնեսի դեմ կուլակաթափություն կազմակերպելու գործընթացում: Իսկ այդ գործընթացը նպատակ ուներ ստեղծել սուպեր օլիգարխիկ երկիր: Եվ Տիգրանը շատ օգնեց Սերժ Սարգսյանին այս գործի մեջ՝ բնականաբար, ստանալով իր օգուտը այդ պաշտոնը զբաղեցնելուց:
Խոսքս ցանկանում եմ ավարտել այն գաղափարով, որ իրոք որ միայնակ ոչ մի ուժ կամ գործիչ չի կարող այսօր կանգնեցնել իշխանություններին, և միայն համատեղ պայքարը կարող է ռեժիմին ստիպել հանձնելու իր դիրքերը: Հետևաբար, պետք է միասնական ճակատով պայքարել սեփական երկրի և ժողովրդի ապագայի համար: Եվ հետևաբար, հանդիպում ենք հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում:

Արմինե Ամիրյան

Այս խորագրի վերջին նյութերը