Քաղաքական

28.09.2014 13:56


Վարդան Օսկանյան. Ոչ թե կառավարության հրաժարական, այլ խորքային և արմատական փոփոխություններ

Վարդան Օսկանյան.  Ոչ թե կառավարության հրաժարական, այլ խորքային և արմատական փոփոխություններ

–Գործ ունենք մի կառավարության, իշխանության հետ, որը բացարձակապես հետաքրքրված չէ հետապնդելու ժողովրդի շահերը։ Նրանք զբաղված են միայն ու միայն իրենց անձնական շահերը հետապնդելով,–այս պահին Սիսիանում ընթացող ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը։

Նա հավելել է, որ իրենց ներկայացրած 12 պահանջներից գրեթե որևէ մեկն իշխանությունը չի կատարել, քանի որ ցանկություն և կարողություն չունի դրանք կյանքի կոչելու։

–Մենք՝ ձեզ հետ միասին, միասնական կամքով պետք է արդեն շատ ավելի մեծ խնդիր դնենք՝ ոչ թե կառավարության հրաժարական, այլ երկրում խորքային և արմատական փոփոխություններ։ Դրանց ձևը, բնույթը և ժամկետները շատ բանով կախված են ձեզանից, թե դուք ինչքանո՞վ ձեր ժամանակը կնվիրեք այդ գործին, ինչքանո՞վ կկանգնեք մեր կողքին, ինչպես մենք ենք կանգնած ձեր կողքին, ինչքանո՞վ պահանջատեր կլինեք, և մենք իրոք կկարողանանք դա իրականանցել հնարավորինս ամենակարճ ժամկետում,–նշել է Վ. Օսկանյանը։

Անդրադառնալով իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, նա ընդգծել է՝ այդ ճանապարհով իշխանությունն ուզում է վերարտադրվել։

–Չհավատա՛ք սահմանադրական փոփոխություն կամ բարեփոխում կոչվող այդ հնարքին։ Չհավատա՛ք։ Դա մեկ նպատական ունի՝ այսօր գործող իշխանության վերարտադրությունը,–հանրահավաքի մասնակիցներին հորդորել է Վ. Օսկանյանը՝ ավելացնելով, որ գործող Ընտրական օրենսգրքում առկա արատը, որի շնորհիվ քաղաքական մենաշնորհ է ձևավորվել, իշխանությունն ուզում է սահմանադրական նորմ դարձնել։

Իր ելույթի ավարտին Վ. Օսկանյանը բոլորին հրավիրել է հոկտեմբերի 10–ին Երևանի Ազատության հրապարակում ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» հրավիրած համապետական հանրահավաքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը