Կարծիք

27.09.2014 19:12


Ազատագրենք Հայաստանը լիսկաներից ու նրանց հովանավորից

Ազատագրենք Հայաստանը լիսկաներից ու նրանց հովանավորից

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ոչ միայն «եռյակն» է հանգամանորեն նախապատրաստվում մայրաքաղաքում կայանալիք հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ու հետագա հավանական զարգացումներին, այլև՝ իշխանությունները: Բայց ո՞վ չի հասկանում, որ եթե հարյուրհազարավոր մարդիկ փողոց լցվեցին, ոչ մի մեթոդ չի աշխատելու, իսկ ժողովրդի դեմ գնացողները կդառնան «օֆշոր Տիկո», դրանից բխող բոլոր գունավոր հետևանքներով:

Իշխանությունները շատ լավ իմանալով այս ամենը՝ հասկացան, որ պետք է դիմեն «նուրբ» տեխնոլոգիաների, այսինքն՝ անեն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ժողովուրդը փողոց չլցվի: Եվ ահա՝ առաջին փորձարկումը եղավ Սյունիքի հանրահավաքներից առաջ, երբ հապշտապ օգտագործեցին «Լիսկա» տիպի գործիքը: Այս գործիքի առանձնահատկությունն այն է, որ ոչնչացնում է ոչ թե ֆիզիկապես, այլ՝ բարոյապես: Այնպիսի կործանարար հարված է հասցնում հակառակորդին (տվյալ դեպքում՝ Սյունիքի ժողովրդին), այն աստիճան բարոյալքում, որ վերջինս աղուհացով դիմավորում է մարդասպանին, հերթ կանգնում, որպեսզի համբուրի նրան: Ու շատերն այդ տեսարանից զայրացած համացանցում հեռու գնացող եզրահանգումներ էին անում, թե այդպես որ գնա՝ վաղն էլ Լիսկայի աջը կհամբուրեն, մյուս օրն էլ՝ աջ թայը: Ու ժամանակին էլ ժողովրդին այս օրն էին գցել, որ աղուհացով թուրքին է դիմավորել, կամ էլ «կարմիր» բանակի առաջ դռները լայն բացել:

Իշխանությունների հաշվարկն այն է, որ սրանից հետո բավական է ժողովրդին ասվի, որ պետք է հանրահավաքի օրը տանից դուրս չգաք, նրանք հլուհնազանդ կենթարկվեն «տիրոջ» հրահանգին: Իհարկե այս հարցում էլ իշխանությունների հաշվարկը սխալ է դուրս գալու, ինչում շուտով կհամոզվենք:

Բայց որքան էլ պատկերավոր նկարագրեն, թե այս ի՞նչ աստիճանի են ստորացրել սյունեցիներին ու եզրակացնեն, որ սա վերջն է, սրանից այն կողմ անկում չկա, ես համաձայն չեմ այդ գնահատականների հետ:

Իշխանություններն ամենաշատ ստորացրել են ոչ թե օրվա հացի կարոտ այս խեղճ ժողսվրդին, այլ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներին և սահմանադրական փոփոխությունները պաշտպանողներին. ա՛յ սրանք իրոք վերջն են:

Լուրջ անցած ճանապարհով, աշխարհ տեսած, աշխարհի մեծերի հետ նստած-վերկացած, մեծահարուստ, մի մասն այսօր էլ բարձր պաշտոններ զբաղեցնող այս ինտելեկտուալները դռնեդուռ են ընկել, որպեսզի ժողովրդին համոզեն, թե Սերժ Սարգսյանը սահմանադրության փոփոխությունը նախաձեռնել է, որպեսզի այն լինի մարդակենտրոն, ու որ դուք կարողանաք ազատվել Լիսկայի նմանների հաստատած ճորտատիրական կարգերից:

Լավ, սրանք էլ հո այսքան չե՞ն ստորանում մի կտոր հացի համար: Ու եթե չքավոր ժողովուրդն ինչ որ տեղ արդարացում ունի, ինչի համար նրա բարոյական անկումը բացատելի է, ապա սրանցն ինչո՞վ բացատրես:

Իրենց լուրջ գիտելիքներն ու կենսափորձը ծառայեցում են, որպեսզի երկրում ամրագրեն կիսագրագետ ու բռի լիսկայանմանների իշխանությունը:

Տղե՛րք, իմացա՛ծ եղեք, ձեզ ՀՀԿ-ի տատիկից էլ ավելի են ստորացրել։ Տատիկն, ի դեպ, մի կտոր հացի համար է խեղկատակություն անում։ Ախր նա անգրագետ է, բա դո՞ւք, դո՞ւք ինչի համար եք ՀՀԿ–ի տատիկից էլ ցածր իջել ու դարձել Լիսկայի կոշիկները սրբողը:

Այսպիսով, ամեն օր այս իշխանությունները մի նոր հիմնավոր պատճառ են մեզ տալիս, որ ոչ մի պարագայում չի կարելի սրանց հետ գնալ կոմպրոմիսի, ու իշխանափոխությանն այլընտրանք այլևս չի մնացել, պայքարի վճռական փուլի մեկնարկին էլ բան չի մնացել: Հաղթանակ եմ մաղթում բոլորիս: Ազատագրենք Հայաստանը լիսկաներից ու նրանց հովանավորից։

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1477430422528740&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը