Լրահոս

26.09.2014 17:46


Նաիրա Զոհրաբյան. «Մեր երկրի թիվ մեկ խնդիրն այսօր այս իշխանությունն է»

Նաիրա Զոհրաբյան. «Մեր երկրի թիվ մեկ խնդիրն այսօր այս իշխանությունն է»

Հրազդան քաղաքում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «եռյակի» համատեղ հանրահավաքին ողջունելով քաղաքացիներին՝ հայտարարել է. «Հրազդանցինե՛ր, երեք քաղաքական ուժեր միացել են այսօր՝ ձեզ ներկայացնելու, թե ինչպիսի տեսլական ունենք, ինչպիսի Հայաստան ենք մենք պատկերացնում ձեզ հետ միասին։ Ակնհայտ է, որ առանց ժողովրդի աջակցության՝ ոչ մի շարժում երբևէ չի կարող հաղթանակի հասնել։ Եվ այստեղ ամենակարևոր ուժը, բնականաբար, դուք եք, սիրելի՛ ժողովուրդ»։

Շարունակելով իր խոսքը՝ ԲՀԿ պատգամավորը շեշտել է, որ ըստ իշխանության տրամաբանության՝ երկրում բոլոր հարցերի մեղավորը գործող Սահմանադրությունն է։

«Հիմա ես հարց եմ տալիս ձե՛զ, հարգելի՛ հայրենակիցներ, արդյոք գործող Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ երեկ «Ոսկու շուկայի» տերը իր աշխատողների տաղավարներն էր կոտրում։ Արդյոք Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ նման մարդիկ ունեն այնքան ինքնավստահություն, որ անպատիժ են մնում՝ իրենց թույլ տալով տարածքը վարձակալած քաղաքացուն, Սահմանադրությամբ թույլատրված իր բողոքն արտահայտողին վերաբերվել՝ ինչպես ստրուկի... Գնացե՛ք, նայե՛ք, ինչպես ժողովուրդն է կոչում, «արտագաղթի ավտոբուսներին». ավտոբուսներ, որոնք հանրապետության բոլոր մարզերից տասնյակներով ընտանիքներին տեղափոխում են Ռուսաստան։ Արդյոք Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ մարդիկ հույս չեն տեսնում իրենց հայրենիքում ապրելու, որովհետև գործազուրկ են, աղքատ են, չունեն աշխատանք...»։

ԲՀԿ պատգամավորը ծիծաղելի է համարել այն փաստը, որ երկրի բոլոր խնդիրները իշխանությունը կապում է Սահմանադրության հետ։ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ սահմանադրական փոփոխություններ պետք չեն, այլ քաղաքական կամք՝ գոնե մեկ անգամ արդար ընտրություններ անցկացնելու, որ քաղաքացին հերթական անգամ չասի, թե «իմ քվեն ոչինչ չի որոշելու»։ Պատգամավորը կոչ է արել դեմագոգիայով չզբաղվել՝ հավելելով. «Մեր երկրի թիվ մեկ խնդիրն այսօր այն իշխանությունն է, որը սահմանադրական փոփոխություններով մեկ հարց է ուզում լուծել՝ իր վերարտադրության հարցը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը