Քաղաքական

26.09.2014 12:50


Ստեղծվել է «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների (տեսանյութ)

Ստեղծվել է «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների (տեսանյութ)

Այսօրվանից ստեղծվում է «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը, որը պայքարելու է ընդդեմ իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների։ Նախաձեռնության անդամներն այդ մասին հայտարարել են այսօր՝ «Ուրբաթ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրանցից Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ սահմանադրական այս փոփոխություններով մարտահրավեր է նետվում հանրությանը, քանի որ միակ նպատակը Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունն է։

–Սահմանադրական փոփոխությունները նաև դուրս են թողնելու հանրությանը քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունից։ «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունն ամեն ինչ անելու է՝ թույլ չտալու, որ սահմանադրական փոփոխությունները տեղի ունենան։ Մենք ընտրել ենք պայքարի ոչ բռնի տարբերակը։ Համագործակցելու ենք բոլոր այն ուժերի և քաղաքացիական նախաձեռնությունների հետ, ովքեր համաձայն կլինեն մեր հռչակած սկզբունքներին և նպատակներին, իսկ նպատակը մեկն է՝ թույլ չտալ սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանության վերարտադրությունը,–ասել է Ա. Գրիգորյանը։

Նա ընդգծել է, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը գալիս է ապացուցելու սահմանադրական փոփոխություններն անցկացնելու միջոցով վերարտադրվելու իշխանության բուն նպատակը.

–Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծից էլ պարզ է դառնում, որ ցանկանում են իշխանությունը ձևավորել Երևանի ավագանու նույն արատավոր համակարգի օրինակով։

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության մեկ այլ անդամ Դավիթ Հովհաննիսյանն էլ հավելել է, որ Սերժ Սարգսյանը, չկարողանալով լուծել իր իրավահաջորդի խնդիրը, որոշել է՝ լավագույն տարբերակը իշխանության երկարաձգումն է։

–Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս, և նա որոշել է այս հարցը լուծել սահմանադրական փոփոխության միջոցով, որն էլ նրան թույլ կտա հավերժ իշխել Հայաստանում։ Վստահաբար, որևէ մեկը չի մտածում, որ սահմանադրական փոփոխություններն արվում են, քանի որ Սերժ Սարգսյանը մտահոգվում է Հայաստանի ժողովրդի և կառավարման համակարգի մասին։ Մարտի 1–ի միջոցով իշխանության եկած մարդուն ժողովրդավարությունը և կառավարման համակարգը չեն կարող մտահոգել,–ասել է Դ. Հարությունյանը։

Նա ևս նշել է, որ «Չե՛ք անցկացնի»–ն կհամագործակցի բոլոր այն անհատների, քաղաքական ուժերի և քաղաքացիական նախաձեռնությունների հետ, ովքեր դեմ են Սերժ Սարգսյանին և նրա վերարտադրությանը։

–Սահմանադրական այս փոփոխություններով Հայաստանում ստեղծվում է թուքմենբաշիական համակարգ,–ընդգծել է նա։

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունն առաջիկայում նախատեսում է համաժողով անցկացնել։

–Կփորձենք համախմբել բոլորին, ովքեր դեմ են սահմանադրական այս փոփոխություններին։ Կլինեն նաև հանրահավաքներ, միասնական ակցիաներ այն ուժերի հետ, ովքեր պայքարում են Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ,–ասել է Դ. Հովհաննիսյանը։

«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունում արդեն իսկ ընդգրկվել են տարբեր քաղաքական ուժերի և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական անհատ ակտիվիստներ և նույնիսկ մինչ այժմ քաղաքացիական ակտիվություն չցուցաբերած անհատներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը