Կարծիք

26.09.2014 11:39


Հրահանգը կա, բայց գրելու բան չկա

Հրահանգը կա, բայց գրելու բան չկա

Երեկվա Աբովյանում կայացած հանրահավաքը, ինչպես երևաց լրատվամիջոցների նյութերից և համացանցի արձագանքներից, վերջնականապես խախտել է իշխանական անդորրը:
Եվ դեռ չմարած Սուրեն Խաչատրյանին կրկին մազրպետ նշանակելու ռումբի էֆֆեկտ ունեցած լուրը՝ իշխանականները ստացան երկրորդ հարվածը. փոքր քաղաքի համար անսպասելի բազմամարդ հանրահավաք, որտեղ խոսվում էր երկրում առկա խնդիրների մասին:
Դեռ հանրահավաքի ընացքում արդեն գործի էին դրվել բոլոր գրչակներն ու ստատուսագիրենրը, կայքերն ու լրատվամիջոցները, որոնց նպատակը մեկն էր՝ ամեն ձևով փնովել ու փորձել սևացնել Աբովյանում կայացող հանրահավաքը: Նույն այդ գրչակներն ու ստատուսագիրները, ովքեր ստիպված լռում էին Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակելու առթիվ, հանկարծ կենդանացան ու սկսեցին ակտիվորեն գրել հանրահավաքի մասին, որը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Երևի այդպիսով սեփական ներքին ցավը մեղմելու հնարավորություն էր առաջացել: Մի ձև պետք է արտահայտվեին:
Իսկ հանրահավաքը, ինչպես գիտեն բոլորը, հենց այնպես, առանց պատճառի չի լինում։ Իսկ պատճառներ որքան ուզես՝ կան՝ արտագաղթ, աղքատություն, մարզերի բնակիչների հոգսառատ կյանք, որոնց հոգսերով այսօրվա իշխանություններն ուղղակի չեն էլ հետաքրքրվում:
Եվ այս խնդիրներին ուշադրություն դարձնելու ու դրանք բարձրաձայնելու կամ գոնե վերլուծելու փոխարեն՝ գրչակներն ու իշխանությանը սպասարկող լրատվամիջոցները զբաղված էին տառակերությամբ. բանախոսների ելույթների մեջ առանձին բառեր էին գտնում ու դրա վրա սևեռվում, փորձում «բացահայտել», թե որ մասնակիցը որտեղից էր եկել և այլն՝ չհասկանալով մի տարրական բան, որ Աբովյանում կայացող հանրահավաքն ամենևին էլ չի նշանակում, որ դրան պետք է մասնակցեն միայն աբովյանցիները: Մի խոսքով, պրիմիտիվ հնարքներ, քանի որ գրելու բան իսկապես չկար, իսկ եթե կար, դա միայն հասարակության` իր կիզակետին հասած դժգոհությունն էր, և անելանելի վիճակը:
Հստակ զգացվում էր, որ հրահանգը կա, բայց գրելու բան չկա, դրա համար բոլոր տեղերում զգացվում էր փրփուրներից կախվելու, չեղած տեղից մի բան հորինելու ու գրելու ոճը:
Ինչ խոսք, խղճալի է դա, հատկապես երբ գիտես, որ գրողն էլ իր մտքում կամ սրտի մի անկյունում ամբողջությամբ միանում է հանրահավաքին, և եթե ոչ ֆիզիկապես, գոնե մտոք ու էությամբ մասնակցում է դրան :
Ցավով պետք է նշել, որ Սուրեն Խաչատրյանի՝ մարզպետ նշանակվելու առթիվ «սառը ցնցուղ» ստացած գրչակները ստիպված էին լռել այդ մասին և անցնել հանրահավաքը փնովելու անշնորհակալ գործին: Իսկապես, կարելի է ցավակցել:

Արտակ Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը