Քաղաքական

25.09.2014 19:54


Նաիրա Զոհրաբյան. «Իշխանության հայտարարած «ապահով Հայաստանն» այսօր դարձել է ամենաանմարդկային մակդիրների հոմանիշը» (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյան. «Իշխանության հայտարարած «ապահով Հայաստանն» այսօր դարձել է ամենաանմարդկային մակդիրների հոմանիշը» (տեսանյութ)

Այսօր Աբովյան քաղաքում կայացած ոչ իշխանական «եռյակի»՝ ԲՀԿի, ՀԱԿի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքի իր ելույթում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ողջունել է մարզային հանրահավաքների հաջողված մեկնարկը: «Վերջին օրերին հանրապետությունում հայտնի մի սղագրություն է շրջում: Եթե Ձեր ընտանիքը վատ է ապրում՝ մի՛ հավատացեք: Եթե ձեր երեխաներն արտագաղթում են, եթե ձեր երեխաները սոված են՝ մի՛ հավատացեք, որովհետև միջազգային ֆինանսական մոդուսների տվյալներով մենք այսօր ամենաբարեկեցիք ժողովուրդններից մեկն ենք»,-ասել է Ն. Զոհրաբյանն՝ նկատի ունենալով «Առավոտ» օրաթերթում հրապարակված նյութը, որում ներկայացված էին ուշագրավ մանրամասներ սփյուռքահայության հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի արած հայտարարություններից:

ԲՀԿ պատգամավորը շեշտել է նաև, որ երկրի պետական բյուջեից զգալի գումար է հատկացվել այդ նույն միջազգային կազմակերպություններին, որպեսզի երկրում իրական իրավիճակը ներկայացվող տվյալները կեղծվեն. «Տրամադրվել է կես միլիոն դոլար, որպեսզի ՀՀ քաղաքացուն ներշնչեն, թե ինքը լավ է ապրում, որ իր երեխան սոված չէ, որ ինքն ու իր մերձավորները չեն արտագաղթում... Մինչդեռ երկիրը թաղված է անարդարության, կոռուպցիայի, կրիմինալի և խայտառակ աղքատության ճիրաններում»: Զոհրաբյանը շեշտել է, որ որ իշխանության հայտարարծ «ապահով Հայաստանն» այսօր դարձել է ամենաանմարդկային մակդիրների հոմանիշը:

Նա ընդգծել է, որ քաղաքացիները հոգնել են և այլևս ունակ չեն հանդուրժելու մեկ քաղաքական ուժի անմարդկային մենաշնորհը:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին պատգամավորը շեշտել է. «Այն փոփոխությունները, որոնք բռնի ուժով փաթաթվելու են ժողովրդի գլխին մեկ նպատակ են հետապնդում՝ ևս տաս տարով ապահովել գործող իշխանության և Հանրապետական կուսակցության դիկտատուրան»:

Ինչ վերաբերում է պետության կառավարման համակարգի փոփոխության ԲՀԿ խմբավկցության տեսակետին, պատգամավորն ասել է. «Մեկ տարի առաջ, երբ մենք առաջարկեցինք քննարկել խորհրդարանական համակարգին անցնելու հայեցակարգը, ՀՀԿ «իդեոլոգները» մեզ մեղադրում էին, որ մենք փորձում ենք կեղծ իդեաներով հանրության ուշադրությունը շեղել իրական պրոբլեմներից: Իսկ այսօր նրանք գյուղից-գյուց ընկած, մարզպետարանների, գյուղապետարանների հոգնած աշխատակիցներին փորձում է համոզել, որ խորհրդարանական կառավարման մոդելը լավագույնն է»:

ԲՀԿ պատգամավորն իր ելույթն եզրափակել է կոչով ժողովրդին. «Հայրենակիցնե՛ր, առանց ձեր աջակցության որևէ գործ երբևէ չի կարող պսակվել հաջողությամբ: Մենք այստեղ ենք ձեր աջակցությունը ստանալու, մենք այստեղ ենք ձեզ հետ միասին երկրում լրջագույն արմատական փոփոխությունների սկիզբը դնելու: Դուք մեր թիկունքին եք, մենք պետք է զգանք ձեր աջակցությունը: Միայն ձեզ հետ միասին մենք կարող ենք ունենալ այն Հայաստանը, որտեղից մարդիկ չեն փախչի»:

7or. am

Այս խորագրի վերջին նյութերը