Լրահոս

25.09.2014 19:21


Կայացել է ԱՊՀ անդամ երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 21-րդ նիստը

Կայացել է ԱՊՀ անդամ երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 21-րդ նիստը

Սեպտեմբերի 25-ին Երևանում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 21-րդ նիստը: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ խորհուրդը քննարկել է աշխատանքային խմբերի առաջարկություններն առանձին խնդիրների վերաբերյալ ԱՊՀ անդամ և հրավիրված երկրների ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՊՀ գործադիր կոմիտեի մասնակցությամբ: Օրակարգում են եղել մինչև 2020թ. ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության երկրորդ փուլի միջոցառումների ծրագրի իրականացման հարցը, էլեկտրոնային առևտրի ժամանակ հսկողական աշխատանքների իրականացման` ԱՊՀ անդամ պետությունների փորձը: Ամփոփվել են 2013թ.-ին ԱՊՀ անդամ պետությունների հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, փոքր ձեռնարկությունների նկատմամբ 2012-13թթ. պարզեցված (հատուկ) հարկային ռեժիմների կիրառման գործընթացի վերլուծության արդյունքները, ինչպես նաև 2014թ.-ին հարկային ոլորտի կադրերի պատրաստման, մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները: Խորհուրդը դիտարկել է նաև հարկ վճարողների հետ աշխատելու ժամանակակից մեթոդները, ռիսկերի գնահատման հիման վրա հարկային պարտավորությունների ինքնակամ կատարման միտումը և տեղեկատվության փոխանակումն այն գործարքների վերաբերյալ, որոնց դեպքում գնորդը գրանցված է օֆշորային գոտում, իսկ բեռն ստացողը` ԱՊՀ երկրներում: Նիստի մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել բարձր եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց մասին ԱՊՀ անդամների միջև տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցելու վերաբերյալ, ինչպես նաև համաձայնեցրել հարկային(ֆինանսական) օրենսդրության խախտման դեմ պայքարի շրջանակում գործողությունների համակարգման և փոխգործակցության մեխանիզմների նախագիծը:

Նիստի ավարտին Հայաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչներն արձանագրություն են ստորագրել: Իսկ Հայաստանն ու Լատվիան 2 երկրների միջև տեղեկատվության փոխանակման, եկամուտների ու կապիտալի հարկման առնչությամբ վարչական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Հաջորդ հանդիպմանն ընդառաջ Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարար Վլադիմիր Պոլույանն ընտրվել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների խորհրդի նախագահ:

ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերը` միջազգային լավագույն փորձի հիման վրա տեխնոլոգիական լուծումների ներդրման գործում. «Հայասատանն աշխարհում լավագույններից մեկն է հարկ վճարողների կողմից հաշվետվությունների և տեղեկատվության ներկայացման էլետրոնային եղանակին անցնելու ցուցանիշով: Կարծում եմ` լիովին լուծելի խնդիր է նաև Մաքսային միության անդամ երկրների հետ փոխգործակցության համար անհրաժեշտ տվյալների էլեկտրոնային ձևաչափով համապատասխանեցումը ՄՄ-ում կատարվող գործընթացներին»:

Համակարգող խորհրդի 21-րդ նիստի մասնակիցներն այցելելել են նաև Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր` ծաղիկներ դնելով զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հիշեցնենք, որ 2013թ. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների խորհրդի 20-րդ նիստի ժամանակ Գագիկ Խաչատրյանն ընտրվել էր համակարգող խորհրդի նախագահ: Միաժամանակ որոշում էր կայացվել կառույցի հաջորդ` 21-րդ նիստը 2014թ.-ին անցկացնել Հայաստանում:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը