Կարծիք

25.09.2014 18:55


Պայքար ընդդեմ Հայաստանի ու Ղարաբաղի լիսկայապատման

Պայքար ընդդեմ Հայաստանի ու Ղարաբաղի լիսկայապատման

Վերջերս Սերժ Սարգսյանը սրտնեղել էր, թե սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսները ոչ մի փաստարկ չեն ներկայացնում, միայն ասում են՝ դեմ են, ու վե՛րջ: Իհարկե, այնպես չէ, որ չեն ասում՝ ինչու են դեմ, ուղղակի բովանդակային քննարկման չեն մասնակցում, որովհետև իրեն հարգող գործիչը չի կարող այս իշխանությունների հետ լուրջ դեմքով քննարկել մի փաստաթուղթ, որի նպատակը իշխանությունների վերարտադրությունն է, որի մասին բառ անգամ չկա գրված այդ փաստաթղթում, ի՞նչը քննարկենք:

Ներկայացնենք մի քանի փաստարկ, թե ինչու ենք դեմ սահմանադրական փոփոխությունների միջոցով Սարգսյանի վերարտադրությանը՝ օգտվելով հենց իշխանության «զինանոցից»:
Առաջին՝ ամենաթարմ ու թերևս ամենաարտառոց պատճառը՝ Լիսկան դարձյալ նշանակվեց մարզպետ: Ու եթե թույլ տանք, որ «վերջին բոլշևիկը» հավերժ իշխի, ուրեմն Սյունիքի մարզը պետք է կոչենք Լիսկաշեն գավառ ու հավերժ ամրագրենք այդ հանցագործին: Բացի այդ՝ ՀՀ բոլոր մարզերը կդառնան լիսկաների լծի տակ կքված բնակավայրեր։
Երկրորդ՝ Հայաստանում մենաշնորհները պահպանվելու են, ապրանքների ու ծառայությունների քվոտաները բաժանվելու են անձամբ Սարգսյանի կողմից, քանի որ մի փոքր երկիր ենք, քանի՞ հոգի պիտի ապրանք ներկրի:
Երրորդ՝ Հայաստանում դժվարություններ չեն ունենա միայն այն գործարարները, որոնք կարող են դիմել անձամբ Սերժ Սարգսյանին, իսկ եթե այդքան «քաշը» չի ներում, ապա ավագ սերնդի կիսագրագետները «աբրաշչատ» կլինեն Սաշիկին, իսկ ժելեած մազերով ջահելները՝ երիտսաշիկին: Իսկ նրանք, ովքեր կքննադատեն իշխանություններին ու չեն օգտվի Ազատիչի բարեհաճությունից, ուրեմն Հայաստանում բիզնեսով զվաղվելու գործում անելիք չեն ունենա:
Չորրորդ՝ աշխարհում Հայաստանը կներկայացնի աշխարհահռաչակ անձնավորություն, որը հենց քննադատի մեր իշխանությունների վարած քաղաքականությունը, ապա անմիջապես կորակվի գործից անտեղյակ մի երգիչ:
Հինգերորդ՝ մեկ գիշերվա մեջ մեր երկրի համար բախտորոշ որոշումները կկայացվեն միանձնյա, իսկ այդ որոշումների հետևանքների տակ պետք է ճկռի հայ ժողովուրդը:
Վեցերորդ՝ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի հենց սկզբից լավ իմանալով, որ Թուրքիան նախապայման է ներկայացրել, դա գաղնի է պահվում մեր հասարակությունից, բայց երբ արձանագրությունների վավերացման հարցը քաշքշվում է, մերժվում ենք թուրքերի կողմից, գործող նախագահը այդ ամենն արդարացնելու համար ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» է ուղարկում արձանագրությունները՝ շարունակելով պաշտոնավարել ու նոր փորձանքներ նախաձեռնել՝ գրողի ծոցն ուղարկելով ՀՀ և ԼՂՀ շահերը:
Յոթերորդ՝ ահագնացող չափերի հասնող արտագաղթի մեղավորը, ըստ ՀՀԿ ղեկավարի, Ղարաբաղն է ու Սփյուռքը: Ու այս վիճակից դուրս գալու համար եթե Սփյուռքը վերցնել հնարավոր չէ, մնում է Ղարաբաղը հանձնելը՝ անշուշտ, «հայրենասիրական» ճառերի ուղեկցությամբ:
Ես նշեցի 7 պատճառ, վստահ եմ՝ դուք կմտաբերեք 7000-ը, գուցե՝ 70000-ը:
Ուստի եզրակացությունը մեկն է՝ հավանություն տալով Սարգսյանի սահմանադրական փոփոխություներին՝ դուք քվեարկում եք Լիսկայի օգտին, որպեսզի նա հավերժ իշխի Սյունիքում, ու որպեսզի լիսկայապատվեն ամբողջ Հայաստանն ու Ղարաբաղը։
Սահմանադրական փոփոխությունների օգտին հանդես գալով՝ դուք նաև քվեարկում եք Շմայսի, Մանվելի, Թոխմախի Մհերի և նմանատիպ կերպարների օգտին, որոնք մեզ համար պետք է օրենքներ գրեն. Սարգսյանի թիմը սրանք են՝ նրան իշխանության բերողները, նրան իր աթոռին ամեն գնով պահողները:
Ի՞նչ կապ ունի, թե ինչ է լինելու «վերջին բոլշևիկի» նոր պաշտոնի անունը, եթե ունենալու ենք այս անտանելի արդյունքի ավելի վատ տարբերակը, քանի որ հիմա գոնե երկրում պայքար կա, հույս՝ այս վիճակը փոխելու, ուժեր կան, որոնք չեն հրաժարվել պայքարից, ավելին՝ պատրաստ են առաջնորդել շարժումը: Իսկ Սարգսյանի վերարտադրվելու հետ այս ամենը կվերանա, ճիշտ այնպես, ինչպես Սովետի ժամանակ, երբ միայն մահն էր բաժանում ղեկավարին իր աթոռից:
Հիմա ի՞նչ եք ասում՝ գնա՞նք հանրահավաքի, թե՞ ապրենք ավելի վատ, քան այսօր, երբ այսպես ապրել այլևս չի կարելի, ու հնարավոր էլ չէ:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1476603289278120&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը