Լրահոս

25.09.2014 17:51


Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանի բոլոր կենտրոններից հավաքվում ենք Ազատության հրապարակում՝ մեր պարտադրանքն ասելու»

Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանի բոլոր կենտրոններից հավաքվում ենք Ազատության հրապարակում՝ մեր պարտադրանքն ասելու»

–Ինչպես 1988թ. շարժումը սկսվեց Աբովյանի բնապահպանական շարժումով, այնպես էլ այսօր մենք պետք է սկսենք մի շարժում, որը Հայաստանին իսկապես ներքին ազատություն է բերելու,–Աբովյանում ընթացող ԲՀԿի, ՀԱԿի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ սկիզբ առնող նոր շարժումը Հայաստանում փոփոխությունների սկիզբ է դնելու, երկրում մթնոլորտ է ձևավորելու։

–Իշխանությունները ցույց են տալիս, որ հասարակական կարծիքի վրա թքած ունեն, մեր ազատության, մեր ցանկությունների վրա թքած ունեն։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք, քան Հայաստանում արմատական իշխանափոխությունը և համակարգային բարեփոխումները։ Իշխանությունների ամեն մի քայլը ցույց է տալիս, որ փորձելու են ժողովրդին մինչև վերջ կոպեկահան անել, մեր երկիրը դատարկել, որպեսզի իրենք հավերժ իշխանավորեն։ Փորձելու են մեր քաղաքական դաշտը, կառավարման համակարգը հասցնեն բրեժնևյան ժամանակների գենսեկության,–ընդգծել է Ա. Մարտիրոսյանը։

Նա վստահ է, որ հասարակության բոլոր շերտերի հետ միասին պետք է այս իշխանություններին օր առաջ հեռացնել իշխանությունից, և նոր, արդար ընտրություններով իշխանություն ձևավորել, որն իսկապես համակարգային փոփոխություններ կիրականացնի.

–Մեզ այլ ճանապարհ չի մնում, քան համախմբվելը։ Հայաստանի բոլոր կենտրոններից՝ հյուսիս, հարավ, արևելքից արևմուտք, հոկտմեբերի 10–ին՝ 18։00–ին, հավաքվում ենք Ազատության հրապարակում՝ մեր կամքն ասելու, մեր պարտադրանքն ասելու, մեր պահանջն ասելու։

Ա. Մարտիրոսյանն ընդգծել է, որ այսօր իսկապես պատմական եզակի հնարավորություն է Հայաստանում ստեղծվել. 1991թ. ի վեր իշխանությունը երբեք մեկ կուսակցության ձեռքում չի եղել, իսկ ընդդիմությունն էլ այսքան միասնական չի պայքարել։

–Այդ շանսն այսօր տրված է։ Տարբեր «վերլուծաբաններ» հակասություններ են փորձում փնտրել «եռյակում», բայց վստահեցնում եմ, որ «եռյակում» որևէ հակասություն չկա, քանի որ մենք մի խնդրի շուրջ ենք համախմբվել՝ երկրում արմատական իրավիճակ փոխելու։ Երկիր փրկելու խնդիր ունենք,–եզրափակել է Ա. Մարտիրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը