Լրահոս

25.09.2014 14:53


Հովիկ Աբրահամյան. «Մեր թիրախը պետք է լինի խոշորը»

Հովիկ Աբրահամյան. «Մեր թիրախը պետք է լինի խոշորը»

ՀՀ կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգին անցնելը վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է փոքր ու միջին ձեռնարկատերերի բողոքին:

Մինչ այդ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտարարել է, որ մի քիչ զարմանալի և անհասկանալի է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ներկայացված անհանգստությունը՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության և հարակից օրենքների կիրառման վերաբերյալ:

–Մեր կարծիքով փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներն անհանգստանալու ոչ մի առիթ չունեն,–ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ օրենքով նախատեսված դրույթը գործիք է, որը հնարավորություն է ընձեռելու խոշոր ձեռնարկատիրության նկատմամբ իրականացնել պատշաճ հսկողություն.

–Խոշոր ձեռնարկատիրության այն հիմնավորումը, որ օրենսդրությունը կատարյալ չէ, որովհետև չկա որևէ օրենսդրական մեխանիզմ, որով փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները կպահանջեն համապատասխան փաստաթղթեր, առկա չէ: Պարզապես մենք օրենսդրությամբ սահմանում ենք այդ հնարավորությունը, որը թույլ է տալու հարկային մարմիններին վարչարարության սլաքն ուղղել դեպի առավելապես խոշոր ձեռնարկատերերը, և նպատակը, իհարկե, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները չեն:

Հովիկ Աբրահամյանն էլ հավելել է, որ փոքր ու միջին ձեռնարկատերերի մտահոգությունն իրոք անտեղի և անհիմն է:

–Իրոք, Կառավարությունը խնդիր չի դրել, որ փոքր և միջին բիզնեսը ճնշի, այլ հակառակը, այս փաթեթով մենք մտածել ենք ամեն ինչ անել, աջակցել, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կայանա մեր երկրում: Ուղղակի մենք չենք հանդուրժելու, որ իրենք հարթակ դառնան, որպեսզի նպաստեն խոշորներին՝ հարկերը թաքցնել պետական բյուջեից: Սա՛ է խնդիրը, և ես հանձնարարում եմ Ֆինանսների նախարարությանը՝ նախարարին, հարկային ծառայության պետերին, որպեսզի ձեռնպահ մնան որևէ անհիմն ստուգումից, և չխոչընդոտեն փոքր և միջին բիզնեսի զարգացումը: Ուղղակի մեր խնդիրը, թիրախը պետք է լինի խոշորը,–ասել է Հ. Աբրահամյանը:

Նա նշել է, որ բոլորը, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, նույնպես դա հասկանում են, պարզապես կան հրահրողներ, որոնք փորձում են տարածել անհիմն տեղեկատվություն, թե, իբր, Կառավարությունը ցանկություն ունի ճնշելու փոքր և միջին բիզնեսը:

–Մենք պետք է որդեգրենք այն քաղաքականությունը, որ ի սկզբանե ունեինք պայմանավորվածություն՝ չդիտարկել փոքր և միջին բիզնեսը որպես հարկատու, այլ դիտարկել խոշորը: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի իրենց ներգրավենք հարկային դաշտ: Դա՛ է մեր խնդիրը,–ավելացրել է Հ. Աբրահամյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը