Լրահոս

25.09.2014 12:50


«Արզական-Երևան» ջրատարը դարձավ հուսալի

«Արզական-Երևան» ջրատարը դարձավ հուսալի

Ամռան վերջին ամիսը ևս «Երևան Ջուր» ՓԲԸ-ի համար լարված աշխատանքի ժամանակաշրջան էր: Ջրատար համակարգի շահագործման հուսալիության բարձրացման եւ ջրակորուստներից խուսափելու նպատակով` «Արզական-Երեւան» ջրատարի վրա՝ Զովունու հարակից տարածքում, վթարված հատվածի փոխարեն կառուցվեց 110մ երկարությամբ շրջանցիկ խողովակաշար: Միաժամանակ, օգտվելով ջրատարի կանգառից` Մրգաշեն, Թաիրով և Փարաքար գյուղերում նորերով փոխարինվեցին գյուղերի ջրագծերի հին փականները, իսկ «Ջամբուլի» ՕԿՋ-ի մուտքագծի վրա տեղադրվեց փական: Վթարների վերացման աշխատանքներ են կատարվել նաև «Ծարավաղբյուր-Երեւան» և «Գառնի-Երևան» ջրատարների վրա:

Ներքաղաքային ջրատար համակարգում ավարտվեց Թբիլիսյան խճուղի - «Էլեկտրալամպերի գործարան» օրվա կարգավորիչ ջրամբար (ՕԿՋ) ջրագծի վերակառուցումը: Վերջինիս ողջ երկայնքով տարածքների սեփականաշնորհման եւ հետագա կառուցապատման պատճառով` վթարների վերացումը դժվարացել էր, ինչը հանգեցնում էր հոսակորուստի ավելացման: Խնդիրը որոշվեց լուծել արմատապես. թուջե ջրագիծը փոխարինվեց ավելի կիրառելի պոլիէթիլենով եւ կառուցվեց նոր դիտահոր:

Օգոստոսին սկսվեցին նորոգվել ջրագծերը Շևչենկո - Արտաշիսյան, Շևչենկո-Չեխով հատվածում, իսկ Չեխով - Նիզամի, Մանթաշյան - Չեխով, Մանթաշյան - Եղբայրություն, Գ.Նժդեհի հր. - Եղբայրություն փողոցների խաչմերուկներում, Մայիսի 9-ի փողոցում տեղադրվում են նոր փականային հորեր: Մուրացանի փողոցը նույնպես վերածվել է շինհրապարակի: Հին, քայքայված ջրագիծը, որն այլեւս պիտանի չէ շահագործման, ապամոնտաժվում է, իսկ բաժանորդների միացումները տեղափոխվում են փողոցում գործող մեկ այլ ջրագծի վրա: Միաժամանակ, ամենուր կառուցվում են ջրաչափական հորեր:

Շարունակվել է նախորդ ամիսներին սկսված բաշխիչ ցանցի վերակառուցումն ու վերանորոգումը Երևանի` Վարշավյան, Պուշկինի, Արզումանյան, Շինարարների փողոցներում, Գ.Նժդեհ-Մանթաշյան, Հալաբյան-Բաշինջաղյան, Խ.Խաչատրյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկներում, Թբիլիսյան խճուղում, Ներքին Շենգավիթի 4, 6, 9, 11, Նոր Արեշի 3 և 5, Նուբարաշենի 11, Եղվարդի` Շիրակի փողոցներում:

Ընդհանուր առմամբ համակարգում այդ ընթացքում կառուցվել է 326 մետր մետաղական, 140 մետր պոլիէթիլենե ջրագիծ և 41 մետր կոյուղի, փոխարինվել` 407 մետր ջրագիծ և 21 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել է 482 մետր վթարված ջրագիծ: Նաեւ վերացվել է 591 ջրագծի վթար, 1667 կոյուղու վթար և 196 վթար` պոմպակայաններում: Տեղադրվել է 37 փական և 13 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 135 ջրաչափական հանգույց, մաքրվել է 3 դիտահոր և 638 անձրևընդունիչ:

Դրա շնորհիվ օգոստոսին Երևանում 23,5-24,0 ժամ ջուր է ունեցել սպառողների 70%-ը, 17-23,5 ժամ՝ 26%-ը, իսկ 12-17 ժամ՝ 4%-ը: «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1588 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին եւ կանոններին:

Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալների վերահսկման եւ հաշվառման աշխատանքը: Բաժանորդների քանակը հուլիսի համեմատ ավելացել է 206-ով և կազմել 356,884: Իսկ ջրի վաճառքն այդ ընթացքում ավելացել է 355,000 մ3-ով: Ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով կազմել է 13,9 մ3, որը նախորդ ամսվա համեմատ ավել է 0,5 մ3-ով: Կազմվել է ջրի օգտագործման կանոնների խախտման 291 տարաբնույթ ակտ, որից 20-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ:

Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. օգոստոսի գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:

Հիմնական ցուցանիշներ

2008թ.

օգոստոս

2013թ.

օգոստոս

2014թ.

օգոստոս

2014թ. օգոստոսը 2013թ. օգոստոսի համեմատ /+-

Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան

12 004

10084

10072

-12 /2008թ. օգոստոսից` -1932/

Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ

323 000

111 000

110 000

-1000 /2008թ. օգոստոսից` -213000/

Ջրամատակարարման շարունակականություն`%

70,7

95,1

95,4

+ 0.3% կետ /2008թ. օգոստոսից`+ 24,7% կետ

«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը