Կարծիք

25.09.2014 11:57


Միասնականություն՝ կարգախոս, որ պետք է հնչի Աբովյանում

Միասնականություն՝ կարգախոս, որ պետք է հնչի Աբովյանում

Այսօր ՀՀ Աբովյան քաղաքում՝ Քաղաքապետարանին կից հրապարակում, ժամը 17։00-ին մեկնարկելու են Հայ Ազգային Կոնգրես, «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» ոչիշխանական խորհրդարանական ուժերի մարզային հանրահավաքները։

Բավականին խորհրդանշական է հանրահավաքների մեկնարկի սկիզբն այդ քաղաքից։

26 տարի առաջ Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի աշխատակիցները դարձան ազգային միասնականության մեկնարկի առաջամարտիկները։ Իսկապես, պետք է արժանվույն գնահատել այդ քաղաքի բնակիչների վճռականությունը։ Նրանք չվախեցան ոչ խորհրդային իշխանության տեղական, ոչ էլ կենտրոնական մարմիններից։

1988 թվականի փետրվարյան իրադարձություններն Աբովյանում բեկումնային դարձան։ Կարծես թե քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող շարժումը, գործադուլների ու հանրահավաքների հետ համատեղ, հետագայում դարձավ այն շարժիչ ուժը, որը երկրում քաղաքական փոփոխությունների հանգեցրեց։

Արդեն Երևան ժամանած «Սիրիուս» և «Չափիչ» գործարանների, ինչպես նաև մի շարք այլ ձեռնարկությունների բազմահազար աշխատակիցներ գազի կուտակման պահեստների վերաբերյալ պահանջներից բացի՝ իրենց բողոքն ուղղեցին նաև հանրապետության իշխանություններին։

Սակայն Աբովյան–Երևան բազմահազար երթերի ու հանրահավաքների անկյունաքարը դարձավ Հայաստանի և Արցախի վերամիավորման պահանջը։

Օրեր անց՝ փետրվարի 20-ին, սկիզբ դրվեց Արցախյան շարժմանը։

Այսօր, իհարկե, Հայաստանն արդեն անկախ է, Արցախն՝ ազատագրված, բայց հաղթանակի ու անկախության պտուղներն այդպես էլ մնացին գրեթե չճաշակված։

Ինչպես 26 տարի առաջ, այնպել էլ հիմա ստիպված ենք պայքարել հանրապետության իշխանությունների դեմ՝ բարձրացնելով սոցիալական խնդիրներ ու պահանջատեր լինելով դրանց լուծմանը։ Սակայն... մերօրյա իշխանությունները համառորեն չեն ցանկանում լսել ժողովրդի պահանջները, իսկ պատմությունը ցույց է տալիս, որ դա հանգեցնում է քաղաքական փոփոխությունների։

Տարիներ են անցել... հույս ունեմ, որ ոչ միայն աբովյանցիների, այլև ամբողջ ժողովրդի վճռական ու միասնական ոգին դեռևս արթուն է։

Միասնականություն՝ միակ կարգախոսը, որ պետք է հնչի Աբովյանում, Հրազդանում, Սիսիանում, Կապանում, Արարատում, Իջևանում, Վանաձորում, Գյումրիում, Երևանում և երկու հայկական պետություններում՝ Հայաստանում ու Արցախում։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը