Կարծիք

24.09.2014 22:39


Արեգնազ Մանուկյան.

Արեգնազ Մանուկյան.

««Գրողի ծո՛ցը՝ վավերացնեք». ժողովրդական լեզվով արտահայտված այս երկու բառի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է՝ Հայրենիքը սուրբ է, ու ձեր առուծախը հեռո՛ւ տարեք մեզնից»,–ՄԱԿ–ում հերթական անգամ անկեղծացել է Սերժ Սարգսյանը։
Ճիշտ է, այս անգամ նրա վրիպումները շատ ավելի քիչ են, քանի որ «նախաձենողականության» կնքահայրը խոսել է նախապես գրված տեքստով և միացված տեսախցիկների առջև։ Թե չէ, է՛լ ավելի կբացվեր և հերթական անգամ մուննաթ գալով՝ կասեր՝ եկել եք իմ տարածք, առուծախ եք, հա՞, ուզում անել, սատանի մայլեն քյանդրբազություն եք, հա՞, անում, ստեղով հլը ոչ մեկը առանց փայ տալու չի անցել, ըսկի Բռնոյից գործարար Արսենին չենք թողնում՝ շաքար ներմուծի, կամ տրանսպորտի բիզնեսով զբաղվի՝ առանց մեզ դիմելու, էլ ուր մնաց՝ «քցող» թուրքերի հետ երկրորդ անգամ գործ բռնենք։
Ընդգծենք, նախապայմաններից այսօր դժգոհող նույն Սերժ Սարգսյանը Հայաստան Գյուլի այցելության ժամանակ սիրով ընդունել էր ԼՂ–ի հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի նախագահի օժանդակության առաջարկը՝ մի բան էլ հավելելով, որ միայն հիմար մարդը կհրաժարվի օժանդակությունից։
Զավեշտ է նաև, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը նախաձեռնած, Գյուլի տիկնոջ պատրաստած քյաբաբները սիրով համտեսող և մեր դարպասներին գոլ ուտելուց մի այլ կարգի հրճվող Սերժ Սարգսյանն այսօր «մուննաթ» է գալիս թուքերի վրա՝ հայտարարելով, թե հայրենիքը սրբություն է, և սպառնալով, որ հայ–թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կկանչի։
Հայրենասիրությունը, իհարկե, լավ բան է, բայց ոչ այն դեպքում, երբ ի հայտ է գալիս օրվա կուրսին համահունչ և զուտ միայն չոր առևտրային նպատակով։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը