Կարծիք

24.09.2014 14:06


Էդվարդ Անտինյան. Ազատության հրապարակում հավաքվում ենք ներքին օրակարգով՝ 12 պահանջներ և սահմանադրական փոփոխությունների մերժում

Էդվարդ Անտինյան.  Ազատության հրապարակում հավաքվում ենք ներքին օրակարգով՝ 12 պահանջներ և սահմանադրական փոփոխությունների մերժում

Այս օրերին Բաղրամյան 26-ի «սազանդարներն» ինչ պատճառ ասես, որ չեն բերում՝ հասարակությանը համոզելու` չգնալ հանրահավաքի, բայց հասկանալով, որ դա բավարար չէ, անցել են, իբր, ինտելեկտուալ փաստարկների, որպեսզի առաջին հայացքից չհասկացվի՝ իրենց ուզածն ինչ է: Ասում են՝ «եռյակի» համար լրջագույն փորձություն են դառնալու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերը, քանի որ նրանց մեջ էլ կան ռուսամետ ուժեր: Որպեսզի ենթագիտակցորեն մարդիկ մտածեն, որ եթե իշխանություններն էլ, նրանց դեմ պայքարողներն էլ նույն գծի կողմնակից են, էլ ինչո՞ւ օգնենք վերջիններիս, երբ հաղթանակից հետո էլ բան չի փոխվելու:

Նախ՝ այն ուժերը, որոնց մասին ակնարկվում է, հստակ հայտարարել են, որ ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակցությանը դրական վերաբերվելով հանդերձ՝ դեմ են, որպեսզի այդ գործընկերության արդյունքում մեր երկրի շահերը ստորադասվեն: Ու նույնը պնդել են Եվրասիական միությանն անդամակցելու՝ իշխանությունների այս անհաշվենկատ որոշումների հարցում, որտեղ ակնհայտ երևում է, որ ոչ թե հայ ժողովրդի, այլ միայն Սերժ Սարգսյանի վարչակազմի շահն է կարևորված: Բացի այդ՝ իշխանություններին ներկայացրած 12–կետանոց պահանջում կար նաև ՀՀ–ի ու ԼՂՀ–ի շահերին առնչվող հստակ ձևակերպում։ Ուստի, խոսել այն մասին, որ իշխանափոխությունից հետո ոչինչ չի փոխվելու, քանզի բոլորն էլ նույն գծի կողմնակիցներ են, պարզ ստախոսություն է:

Երկրորդ՝ այսօր ընտրություններ չեն, որպեսզի երկրի վրա արտաքին քաղաքական կողմնորոշումների ազդեցությունը դարձնենք քաղաքական առաջնահերթություն: Եթե ընտրողին խոստանում ես սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում, անմիջապես հարց է առաջանալու՝ դրան ինչպե՞ս ես հասնելու: Հարկային վարչարարությամբ կավելացնես հավաքագրումները, ու դրանից կյանքը կբարելավվի՝ թույլ փաստարկ է: Հետևաբար, հարկավոր է նշել, թե ո՞ր տնտեսական համակարգին ես պատրաստվում մաս կազմել, արդյունքում՝ ի՞նչ առավելություններ կստանանք ու ի՞նչ վնասներ կկրենք: Կամ էլ կհիմնավորեն, որ այս փուլում հարկավոր է փորձել բոլորի հետ արդյունավետ համագործակցել՝ առանց որևէ տնտեսական համակարգ մտնելու:

Բայց այժմ խոսում ենք իշխանություններին ներկայացված պահանջների մասին, Սահմանադրության փոփոխության միջոցով վերարտադրության մտքից հրաժարվելու մասին: Այստեղ աշխարհաքաղաքական խնդիր չկա, քանզի պետք էլ չի, որովհետև այն արհեստական կդարձնի քաղաքական օրակարգը։
Երբ երկրում արմատական փոփոխություններ լինեն, այն ժամանակ էլ քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց ծրագրերը, թե՝ ով է կողմնակից արևմտյան ուղղությանը, ով՝ եվրասիական, իսկ ով՝ կոմպլեմենտար քաղաքականությանը:

Այլապես, ստացվում է, որ ամեն ինչ վաղօրոք հանրահավաքի կազմակերպիչներն իրար մեջ պայմանավորվել են, լիդերին ընտրել, արտաքին քաղաքական կողմնորոշումը հստակեցրել, ու հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում մեզ պատրաստի սցենար են ներկայացնելու: Այդ դեպքում ո՞րն է լինելու մեր անելիքը. սերժսարգսյանական այս լճացման տարիների ոճով միաձայն հավանություն տա՞լը:

Ո՞վ է փորձում համոզել, թե ամեն ինչ առանց մեզ որոշված է, ու հայտնի մանրապատման ոճով՝ «Խաղը ծախած ա, «սուդյան» էլ առած ա», երբ հիմնական խաղացողը մենք ենք լինելու Ազատության հրապարակում՝ ՀՀ քաղաքացին, և մեր վճռական խաղից է կախված լինելու այս պայքարի ելքը:
Ու պետք չէ «շատ հեռատես» ծնողի նման կարծել, որ եթե գիտի՝ երեխան առաջին դասարանից հետո երկրորդ դասարան է գնալու, ավելի լավ է՝ հիմիկվանից 2-րդի դասագրքերով ուղարկի դպրոց: Երբ պարզից էլ պարզ է, որ այդ դասագրքերը տվյալ պահին պետք չեն գալու, իսկ առաջին դասարանը բաց թողնելու դեպքում երկրորդի մասին մտածելն իմաստազուրկ է:

Եկեք, ուրեմն, փուլ առ փուլ անցնենք քաղաքական բոլոր դասարանները և չտրվենք իշխանությունների խարդավանքներին, թե իրենք խնդրի պատասխանը կարդացել են գրքի վերջում, ու գիտեն, որ ինչ էլ անենք՝ ոչինչ չի փոխվելու:
Հարգելի՛ իշխանավորներ, ձեր ոտուձեռ ընկած վիճակն ու վախվորած աչքերը տեսնողը կհավատա՞, որ դուք ձեր ուժերի վրա վստահ եք, ու ոչինչ չի փոխվելու:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203012476735380

Այս խորագրի վերջին նյութերը