Մեկնաբանություն

24.09.2014 13:59


«Փոքր երկրում մի մարդ բա անընդհատ չղեկավարի՞»

«Փոքր երկրում մի մարդ բա անընդհատ չղեկավարի՞»

«Առավոտ» օրաթերթը հրապարակել էր Պրահայում Սերժ Սարգսյանի՝ սփյուռքահայության հետ առանց տեսախցիկների ձևաչափով հանդիպման մանրամասները։

ՀՀԿ առաջնորդի հայտարարություններին անմիջապես հետևեցին գնահատականներ ու վերլուծություններ։ Դրանք դեռ կշարունակվեն մինչև «խիարը թարս է բուսնում» ոճի մի նոր հայտարարություն։

Ամեն դեպքում, Սարգսյանի անկեղծ պատասխաններին (իրականում նա այդպես է մտածում), որքան էլ դրանք տարակուսանք կամ զայրույթ առաջացնեն, պետք է վերաբերվել որպես «դիագնոզի»։

Շատ հնարավոր է, որ նախագահական նստվայրից այն կողմ Սերժ Սարգսյանն իրականում մարդակենտրոն անձնավորություն է։ Բայց երկրի ղեկավարի պաշտոնում նա ձախողված է բոլո՛ր առումներով։

Լսե՛ք նրա անկեղծությունները, նայե՛ք նրա ձեռնարկած քայլերին ու նախաձեռնություններին։ Միայն «ֆուտբոլային» դիվանագիտությունն ամեն ինչ արժե։ Հիմա էլ խորհրդարանից, ըստ տարածված տեղեկությունների, պատրաստվում է հետ կանչել հայ–թուրքական արձանագրությունները։ Նախաձեռնեց գործընթաց, տարիներ շարունակ ամպագոռգոռ հայտարարություններ... հիմա էլ վերջակետ է դնում իր իսկ անփառունակ նախաձեռնությանը։ Ու այսքանից հետո նա ցանկանում է վերարտադրվել։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել էր. «Հանրապետականն իրեն չի սպառել. ուզում է վերարտադրվել, որովհետև դեռ շատ անելիքներ ունենք...»։ Չունե՛ք։ 6 տարվա ձեր արածի հետևանքների՛ն նայեք։

Այնպես որ, «խորհրդարանական, կամ ավելի ճիշտ՝ խորհրդային համակարգ՝ հանուն Սերժ Սերգսյանի» տարբերակը պետք է բացառվի։

Վախթանգ Մարգարյան

Հ.Գ.։ Վերը նշված հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանի դիտարկումներից մեկը. «Փոքր երկրում շաքարավազը մի մարդ չբերի, բա քանի՞ հոգի բերի»։

Դա նույնն է, ինչ ասես՝ փոքր երկրում մի մարդ բա անընդհատ չղեկավարի՞...

Այս խորագրի վերջին նյութերը