Տնտեսական

24.09.2014 13:46


Բագրատ Ասատրյան. «Ունենալու ենք զրոյական տնտեսական աճ»

Բագրատ Ասատրյան. «Ունենալու ենք զրոյական տնտեսական աճ»

Այսօրվա ասուլիսին տնտեսագետ Բագրատ Ասատրյանը նշել է, ոչ ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամ) կանխատեսումների համաձայն` Ռուսաստանի տնտեսական աճն ընթացիկ տարում կազմելու է 0,2%, ինչը կազդի Հայաստանի տնտեսության վրա։ Ըստ բանախոսի՝ փաստն այս պաշտոնատար անձինք անտեսում եմ։ «Ազգային վիճակագրական ծառայության 8 ամիսների համար հրապարակած ցուցանիշները, նախորդ տարվա 8 ամիսների համեմատ, աճել են 4,1%-ով, բայց ինչո՞վ է սա ապահովվել։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0,9%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4,9%-ով, շինարարության ծավալը՝ 0,4%-ով, առևտրի շրջանառությունը՝ 5,7%-ով: Բայց նշեմ, որ, օրինակ, գյուղատնտեսության մեջ չկա ապրանքների ծավալների հաշվարկի միասնական մոտեցում: Շատ անգամ հաշվում են բոլոր ծառերի ծաղիկները՝ չհետաքրքրվելով, թե այդ ծառը որքան բերք տվեց»։

Տնտեսագետը ուշադրություն է հրավիրել տրանսֆերտներին, որոնք երկրի տնտեսական աճը խթանող տարրերից են, սակայն դրանց ծավալները զգալի կրճատվել են. «Իմ կարծիքով այս տարի մենք ունենալու ենք զրոյական տնտեսական աճ, իսկ Հայաստանի համար 2%-ը նույնպես զրո է: Տարին կամփոփենք լավագույն դեպքում 2,5% տնտեսական աճով, որը բավարար չէ խնդիրների լուծման համար, և սոցիալական պայմանների բարելավման տեսանկյունից որևէ տեղաշարժ չի լինելու», – եզրահանգել է Բագրատ Ասատրյանը։

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ անդրադառնալով ՄԱԿ-ի կազմակերպված տնտեսական ֆորումում ՀՀ կառավարության ներկայացուցչի հայտարարությանը, թե Հայաստանի տնտեսության համար կանխատեսել են տարեկան 5% տնտեսական աճ` ասեց. «Այդ 5%-ը բավարար չէ Հայաստանի համար, նվազագույնը պետք է 9% ապահովել: Կառավարությունը զգուշություն է ցուցաբերում և չի ցանկանում ավելի մեծ թիվ ասել, որպեսզի այդ թիվը չապահովելու դեպքում քննադատության թիրախ չդառնա: Սակայն մենք պետք է ճիշտ գնահատենք սպասվելիք ռիսկերն ու մարտահրավերները, այլ ոչ թե մեր ցանկությամբ ու հնարավորությամբ շարժվենք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը