Կարծիք

24.09.2014 12:07


Մերի Մովսիսյան

Մերի Մովսիսյան

Հոկտեմբերի 10՝ համապետական միասնականության մեկնարկի օր

Երեկ մի շարք տոնավաճառների աշխատակիցներ բողոքի ցույց իրականացրեցին Կառավարության շենքի դիմաց։ Պատճառը «Շրջանառության հարկի մասին» օրենքն էր, որն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1–ից։ Ինչպես տեսնում ենք, այդ օրենքը փոքր և միջին բիզնեսը վերջնականապես ոչնչացնելու իշխանության հերթական «ջանքերն» են։

Իշխանությունն, ինչպես առաջ, այնպես էլ հետագայում շարունակելու է պատեհ–անպատեհ ցանկացած առիթով և անառիթ մտնել քաղաքացու գրպանը, եթե դրան ի պատասխան՝ գործի չդրվի ժողովրդի տիրապետության տակ գտնվող միակ ազդեցիկ ռեսուրսը՝ միասնականությունը։

Այո, միայն միասնական ուժ տեսնելով իշխանությունը կգնա զիջումների։

Քաղաքացիների մի մասը հոգնել է ԴԱՀԿԿԲՃՈից ու նրանում տիրող փողկորզիչ քաոսից։ Մի մասը կարմիր գծերից, մյուսը՝ պարտադիր պահումներից, այսպես կոչված, ապահով ծերության համար, մի մասը հոգնել է բարձր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերից, իսկ մնացած 36 %–ն էլ հոգնել է սովից ու անօթևան լինելուց։ Բոլորն ինչ–որ բանից հոգնած են ու դժգոհ։ Սակայն բոլորին միավորում է մեկ գաղափար՝ արժանապատիվ կեցություն սեփական երկրում։

Երբ երկիրը համակում են սովն ու աղքատությունը, երբ բոլշևիզմը դառնում է օրվա քաղաքական կուրս, ապա հապաղելը պատասխան գործողություններում հավասարազոր է ինքնասպանության։

Աղքատության, ցածր կենսամակարդակի և այլ բազում սոցիալական արատների դեմ պայքարը պետք է լինի միասնական ու հրատապ։

Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ընտանիքի հայր ու մայր, եթե ցանկանում են, որ իրենց երեխաներն ապրեն արժանապատիվ, պետք է այսօր քաղաքացիական կամք ու միասնականություն ցուցաբերեն՝ ոչ միայն բարձրաձայնելով առկա խնդիրները, այլև պահանջատեր լինելու դրանց։

Այս առումով հոկտեմբերի 10-ն Ազատության հրապարակում պետք է դառնա համապետական միասնականության ու պահանջատիրության օր։ Ոչիշխանական խորհրդարանական ուժերի կոցմից ներկայացված 12 կետերը+էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված խնդիրն այն առաջնահերթություններն են, որոնց չկատարումն իշխանությունների կողմից ամբողջապես, կրկնակի հարված է հասցնելու ՀՀ քաղաքացիների՝ առանց այդ էլ համեստ եկամուտներին առաջիկա ձմռանը։

Հետևապես, յուրաքանչյուրս պետք է պահանջատեր լինի՛, ոչ միայն ոչիշխանական քաղաքական ուժերը։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների (հանուն վերարտադրության) հարցին, ապա հարկ է մեկ անգամ ևս նշել, որ այդ նախաձեռնությունը զուտ քաղաքական բնույթ է կրում, և նպատակ է հետապնդում վերարտադրելու մեկ մարդու, որը ցանկանում է Հայաստանում խորհրդային կառավարման ձև հաստատել՝ բոլշևիզմով համեմված, բայց այս անգամ ոչ թե 70/30, 80/20 հարաբերակցությամբ, այլ՝ 100/0։

Այդ քաղաքական նախաձեռնության պատասխանը քաղաքական պահանջների տեսքով է լինելու։ Ու թող Բաղրամյան 26-ում ժողովրդի միասնականության հարցում չկասկածեն։ Հոկտեմբերի 10-ը և դրան հաջորդող բոլոր օրերը դառնալու են համապետական միասնության մեկնարկի օրերը։

Հ. Գ. Եթե իշխանությունը, այնուամենայնիվ, վերարտադրվի, կիրականանա թուրքերի վաղեմի երազանքը՝ Հայաստան՝ առանց հայերի։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը