Լրահոս

24.09.2014 11:19


Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Նյու Յորքում նախօրեին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել երկու հարևան երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և կարևորել համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը: Անդրադարձ է կատարվել առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաև Թեհրանում նախատեսված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Մտքեր են փոխանակվել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կորլացեանի հետ է եղել: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռումինական հարաբերությունների օրակարգային հարցերին:

Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի զարգացման, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության խորացման վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանն ու Տիտուս Կորլացեանը կարևորել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացումը և փոխգործակցության ակտիվացումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին։

Ռումինիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի նախագահ Աթիֆեթե Յահյագայի հետ։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումներն օգտակար են մտքերի փոխանակման համար: Նախագահ Յահյագան ներկայացրել է Կոսովոյի հարևան երկրների հետ հարաբերությունները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային գերակա մի շարք խնդիրների վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը