Կարծիք

23.09.2014 23:10


Եթե չեք ուզում հերոս կարգել ՀՀԿ–ի Գևորիկին ու ՀՀԿ–ի տատիկին

Եթե չեք ուզում հերոս կարգել ՀՀԿ–ի Գևորիկին ու ՀՀԿ–ի տատիկին

Այսօր տեղեկացանք «եռյակի» մարզային հանրահավաքների անցկացման գրաֆիկի մասին: Կարծում եմ՝ հետագայում այս 8 քաղաքներով գործը չի սահմանափակվի, սա ուղղակի շարունակական գործընթաց է՝ մինչև հաղթական ավարտ, որը, հուսով եմ, իրեն երկար սպասել չի տա:

Հասկանալի է, որ համախմբված գործելը ոգևորիչ է նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու հասարակական ակտիվիստների համար: Եվ միանգամայն բնական է, որ առանց ժողովրդի ակտիվ մասնակցության ոչ մի հաջողություն էլ չի լինի, և հասկանալի է այն կոչերի իմաստը, որոնք հնչում են՝ մեր երկիրն այս փակուղային վիճակից դուրս բերելու համար հասարակական լայն զանգվածների ակտիվ մասնակցությունն ապահովելու հարցում:

Իսկ ինչո՞վ են զբաղված իշխանություններն այս օրերին: Առավոտից երեկո Բաղրամյան 26-ի սպասարկուներն ընկել են դռնեդուռ, որպեսզի մեկից մի բառ պոկեն ու դրա վրա իրենց «հանճարեղ» եզրահանգումն անեն։ Սրանք ուզում են հենց հիմա իմանալ, թե ինչ է սպասվում։ Բայց մի հարցնող լինի՝ ինչո՞ւ պիտի հանրահավաքի կազմակերպիչներն իշխանափոխության իրենց «ճանապարհային քարտեզը» հրապարակայնորեն հրամցնեն ձեզ: Օրը կգա, բարին էլ հետը, ինչի՞ մասին է խոսքը։ Պարզ է, որ ծրագրերը գաղտնի չեն պահվելու, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի։
Պետք չէ զարմանալ, որ որքան մոտենա համապետական հանրահավաքի օրը, այնքան ավելի շատ են լինելու իշխանական դրածոների պրիմիտիվ «շուստրիության» դրսևորումները, որի իմաստը պարզ է՝ ժողովուրդ, հանրահավաքի մի՛ գնացեք, էլի՛, լավ էլի՝ թողեք երկիրը թալանողները մի քիչ էլ խաղան:

Այն, որ այս իշխանությունները ցինիկ են՝ նորություն չէ, բայց ոչ այնքան, որ ժողովրդին ասեն, թե այնքան լավ են ապրում նրանք, որ պետք է պարտական լինեն իշխանություններին ու հանրահավաքի չգնան: Չէ՞ որ՝ այսքան ուրախ կյանքը մեր Սերժ Ազատիչն է տվել: Բայց, քանի որ սրան հավատացող չկա՝ ստիպված անցել են տարբերակ Բ-ին՝ իշխանությունները վատն են, բայց «եռյակից» էլ սպասելիք չկա, ավելի լավ է կա՛մ սուսոփուս արտագաղթեք, կա՛մ սսկվեք ու մի կողմ քաշվեք, մաքսիմում իշխանություններից կարող եք բողոքել միայն խոհանոցում:

Մի բան ակնհայտ է. եթե իշխանություներին հաջողվի Սահմանադրությունը փոխելով վերարտադրվել ու խորհրդային մոդելի ավելի վատ տարբերակը մեր երկրում կյանքի կոչել, ապա՝ մեր ժամանակի հերոսները կդառնան ՀՀՇ-ի Գևորիկը, որը ճիշտ պահին, «առաջքաշման» կարգով դարձավ ՀՀԿ-ի Գևորիկ։ Մյուս հերոսն էլ կլինի ՀՀԿ-ի տատիկը, որը ցանկացած բարձր պաշտոնյայի աստվածացնում է ու նրանց քննադատողներին՝ անիծում: Եվ իմաստ չի լինի այլևս Հանրապետության հրապարակում Լենինի արձանի տեղի համար մեր երկրի փառավոր անցյալը կամ լուսավոր ապագան խորհրդանշող արձան տեղադրել: Պարզապես հարկավոր է ԽՍՀՄ-ը խորհրդանշող Վերա Մուխինայի՝ «Բանվորն ու կոլտնտեսուհին» արձանի օրինակով տպավորված ՀՀՇ-ՀՀԿ-ի Գևորիկին ու ՀՀԿ-ի տատիկի արձանը տեղադրել՝ որպես Հայաստանի «ապահով» ներկայի ու «պայծառ» ապագայի կենդանի մարմնացում: Եթե սա եք ուզում, ուրեմն իրոք ձեզ առաջիկա հանրահավաքին մասնակցել պետք չէ: Իսկ նրանք, ովքեր այս հեռանկարի հետ հաշտվելու մտադրությւն չունեն՝ թախանձագին խնդրում եմ՝ ակտիվորեն մասնակցել առաջիկա հանրահավաքին ու եթե ոչ մեզ համար, գոնե մեր երեխաների, որպեսզի կարողանանք նրանց թողնել զարգացած և նորմալ Հայաստան:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1475915002680282&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը