Կարծիք

23.09.2014 17:39


Արսեն Գևորգյան. «Խնդիրը խորհրդարանականը կամ նախագահականը չէ. խնդիրը համակարգի աշխատել-չաշխատելն է»

Արսեն Գևորգյան. «Խնդիրը խորհրդարանականը կամ նախագահականը չէ. խնդիրը համակարգի աշխատել-չաշխատելն է»

Շատերն այսօր քննարկում են ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցը: Սերժ Սարգսյանը սկզբում հայտարարեց, որ կողմ չէ փոփոխություններին (ա՛յ քեզ բան. փաստացի, ի՛ր իսկ կողմից նախաձեռնած փոփոխություններին), իսկ հետո ՀՅԴ-ի «սկզբունքային» դիրքորոշման «ճնշման» ներքո, ըստ էության, ասաց` «դե որ ուզում եք, լա՛վ»: Արդյունքում ձևավորվել է միֆ, թե նրանք, ովքեր դեմ են արտահայտվում փոփոխություններին, այսպես ասած, «հետամնացներ» են, իսկ նրանք, ովքեր կողմ են, պայքարում են նոր Հայաստանի համար: Իրականությունը, սակայն, այն է, որ պայքարողների դաշտում կռիվը գնում է ոչ թե սահմանադրական ու նախագահական համակարգերի գաղափարների շուրջ, այլ դրանց բովանդակային փաթեթի ու դրա գործնական իրականացման մեխանիզմների: Փոփոխությունների դեմ հանդես եկողները պայքարում են ոչ թե առհասարակ սահմանադրական համակարգ հիմնելու դեմ, այլ նրա դեմ, թե կոնկրետ ինչպիսի՞ համակարգի մասին է խոսքը, ո՞ ւմ պատկերացրած փաթեթով (իշխանության ու Սերժ Սարգսյանի), և ո՞ ւմ շահերի համար (նույնպես իշխանության ու Սերժ Սարգսյանի): Այսինքն, պարզ է, որ վարչակարգի վերարտադրման համար 2 նախագահական ժամկետի խոչընդոտը վերացնելու համար պետք է «ժողովրդավարական բարեփոխումներ» ծարգրի ներքո՝ Սահմանադրություն փոխել` է՛լ ավելի հզորացնելով գործող վարչակարգի արատավոր աշխատանքի համար գործնական պայմանները:
Պետք է հասկանալ մի պարզ բան՝ այս պայքարը դնում է ոչ թե «ի՞նչ» հարցադրումը, այլ «ինչպիսի՞ն ու ինչպե՞ս»: Սա, ըստ էության, արդեն ծանոթ վարչակարգային մարտավարություն է: Դնել այնպիսի հարցեր, որոնք, ըստ սահմանման, ունեն «դեմ եմ, բայց…» պատասխանը, սակայն ընդունվում է միայն «դեմ եմ-կողմ եմ» մասը պատասխանի, իսկ հիմնավորումը, բանական փաստարկներն ու մնացած ամեն ինչ էական չէ:

Եթե հիշում եք, 2008-ին հայ-թուրքականի ժամանակ նույն բանն էր. մարդկանց հարցնում էին` «դե՞մ եք, որ սահմանը բացվի», ասում էինք՝ «դեմ չեմ, բայց…», ու «բայց»-ի մասն արդեն արհամարհվում է, այսինքն՝ մարդու կարծիքն ու պատասխանը խեղաթյուրվում են: Ըստ իս՝ սրա համար դատել է պետք քրեական հոդվածներով:
Եվ ուրեմն, պետք է անել բավականին պարզ ու ճշմարիտ հետևություն. Հայաստանում սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարողները կռիվ են տալիս ոչ թե առաջադեմ խորհրդարանական համակարգ հիմնելու դեմ, այլ վարչակարգի ու Սերժ Սարգսյանի պատկերացրած «խորհրդարանական»-ի դեմ, ու բոլոր նրանք, ովքեր փորձում են խեղաթյուրել քաղաքական դիսկուրսը, կա՛մ ազնիվ անմեղսունակներ են, կա՛մ վարչակարգի շահերը սպասարկող սուբյեկտներ: Մի՞թե դժվար է հասկանալ ուղեղի մեծ լարում չպահանջող այս պարզունակ տրամաբանական շղթան:

Արսեն Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը