Քաղաքական

23.09.2014 16:18


Եռյակը չի բացառում շուրջօրյա հանրահավաքների անցկացումը

Եռյակը չի բացառում շուրջօրյա հանրահավաքների անցկացումը

Քիչ առաջ խորհրդարանում ավարտվել է ոչիշխանական երեք խմբակցությունների՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» աշխատանքային դռնփակ հանդիպումը։ Օրակարգում եղել է 4 հարց՝ մարզային այցելությունները, 12+1 կետերի (էլեկտրաէներգիայի թանկացման հարցը) վերջնական գնահատականների ամփոփոումը, հոկտեբերի 10–ի հանրահավաքի օրակարգը և կազմակերպական այլ հարցեր։

Հանդիպումից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին ասել է, որ որոշել են սեպտեմբերի 25–ից հոկտեմբերի 8–ը մարզային հանրահավաքներ անցկացնել, որոնք կնախապատրաստեն հոկտեմբերի 10–ի համապետական հանրահավաքը։

–Համապետական հանրահավաքին, անշուշտ, լինելու են ամենատարբեր պահանջներ, ընդգրկուն օրակարգ է լինելու, որի ուղղությամբ էլ այժմ աշխատում ենք։ Մարզային այցելություններն այդ իմաստով շատ կարևոր են, որովհետև օրակարգի ձևավորման հիմքում դրվելու են մարզային այցելությունների ժամանակ ժողովրդի հնչեցրած պահանջները,–ասել է Ռ. Հակոբյանը՝ հավելելով, որ և՛ քարոզչական, և՛ կազմակերպական հանձնախմբերն այժմ բավականին արդյունավետ աշխատում են.

–Արդյունավետ են նաև ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» այս հանդիպումները, և մինչև հոկտեմբերի 10–ը վստահաբար կունենանք ամբողջական մոտեցում։

Ռ. Հակոբյանը անգամ չի բացառել շուրջօրյա հանրահավաքների հնարավորությունը։

12+1 կետերն էլ վերջանակապես կամփոփվեն սեպտեմբերի 30–ին. մինչ այդ այս հարցը «քառյակի» առանձին նիստով կքննարկվի նաև ՀՅԴ–ի հետ, և ամբողջական գնահատականը կհնչեցվի հոկտեմբերի 10–ի համապետական հանրահավաքի ժամանակ։

Ինչ վերաբերում է «քառյակին», Ռ. Հակոբյանն ընդգծել է. «Ամեն ինչ արեցինք, որ 4 քաղաքական ուժերի ձևաչափը պահպանվի»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը