Կարծիք

23.09.2014 13:43


Նինա Մարգարյան. « Մեզ առաջարկվում է ոչ թե խորհրդարանական կառավարման մոդել, այլ համայնավարական համակարգ»

Նինա Մարգարյան. « Մեզ առաջարկվում է ոչ թե խորհրդարանական կառավարման մոդել, այլ համայնավարական համակարգ»

Քաղաքական կյանքին քիչ թե շատ հետևող ՀՀ քաղաքացին այսօր արդեն չի կարող չնկատել, որ գործող իշխանությունները և բոլոր այն ուժերը, ովքեր հայտնվել են իշխանությունների տիրույթում, վերջերս ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի կոծկեն գործող իշխանության կողմից նախաձեռնած «սահմանադրական փոփոխությունների» իրական նպատակը՝ վերարտադրել սեփական իշխանությունը և ցմահ դարձնել այն:

Եվ այդ նպատակով տեղեկատվական դաշտը լցվում է ոչ միայն տարբեր մակարդակի դատարկ դեմագոգիկ հայտարարություններով և մեկնաբանություններով, այլ նաև փորձ է արվում, տարբեր արհեստական օրակարգեր ձևավորելով, այսպես կոչված, «տեղեկատվական աղմուկ» ստեղծել, միայն թե ՀՀ քաղաքացու ականջին չհասնի այդ չարաբաստիկ «սահմանադրական փոփոխությունների» իրական իմաստը:

Եվ պատահական չէ, որ իշխանական դաշտում հայտնված քաղաքական գործիչները, պատասխանելով «սահմանադրական փոփոխությունների» մասին հարցերին, սահմանափակվում են միայն ընդհանուր, անբովանդակ, պաթոսային հայտարարություններով՝ խուսափելով մեջբերել այդ «բարեփոխումների» կոնկրետ կետերը: Մինչդեռ արժեր ծանոթանալ այն հայեցակարգին, որը դրված է փոփոխության հիմքում։

Եվ այսպես, «Սահամադրական բարեփոխումներ» նախագծի «2.4. «Իշխանությունների բաժանում և հավասարակշռում: 2.4.1. Առկա խնդիրները» կետում գրված է. «Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի բացարձակ մեծամասնության առկայության և ներխորհրդարանական հակակշիռների բացակայության պայմաններում մեծանում է քաղաքական մենիշխանության վտանգը։ Դա հանգեցնում է նրան, որ բացարձակ է դառնում նախագահական իշխանությունը՝ չունենալով գործուն հակակշիռներ ոչ օրենսդիր և ոչ էլ գործադիր իշխանության կողմից»։ Թվում է, թե սա այն հիմնական խնդիրներից է, որն իսկապես առկա է մեր քաղաքական համակարգում, և որն իսկապես լուծում է պահանջում, քանի որ հենց այդ խնդիրն է հագեցնում նրան, որ այսօր երկրի գործող իշխանությունները մենաշնորհային դեր են զբաղեցրել քաղաքական դաշտում, և իրենց կամքն են պարտադրում մի ամբողջ հայ ժողովրդի՝ առանց որևէ մեկի կարծիքը լսելու և դրանով իսկ տապալելով երկրի քաղաքական կուրսը:

Սակայն եկեք տեսնենք, թե ինչ են մեզ առաջարկում նախագծի հեղինակները: Իսկ առաջարկվում է հետևյալը. «2.4.2. Ազգային ժողովի օրենսդրական գործունեության և վերահսկողական դերի հետագա ամրապնդումը համարելով առանձնահատուկ կարևորության խնդիր՝ անհրաժեշտ է.
- ամրապնդել Ազգային ժողովի մարմինների դերն օրենսդրական գործունեության բնագավառում,
- ուժեղացնել Ազգային ժողովի դերը պետական իշխանության ու կառավարման մարմինների ձևավորման գործում,
- ընդլայնել Ազգային ժողովի վերահսկողական լիազորությունների շրջանակները»:

Դրա հետ մեկտեղ՝ նախագծի «2.5. Ընտրական իրավունքը և ընտրական համակարգը» կետում առկա է հետևյալ ձևակերպումը. «Ընտրական համակարգի հիմնական նպատակներն են՝ 1. խորհրդարանում ապահովել քաղաքական մեծամասնություն»:
Քաղաքական համակարգից քիչ թե շատ հասկացող անձի համար այս կետերն իրար հետ համադրելուց հետո պետք է որ պարզ լինի, որ առաջարկվող «բարեփոխումներով» փորձ է արվում դե ֆակտո «իրավական փաթեթավորում» ապահովել «մեկ կուսակցության համակարգ» գաղափարին, քանի որ ընտրական համակարգի հիմնական նպատակն է հռչակվում ոչ թե տարբեր կուսակցությունների ներգրավվածության միջոցով հասարակության տարբեր շերտերի շահերի առավել օպըիմալ ներկայացումը ԱԺ-ում, այլ` «խորհրդարանում ապահովել քաղաքական մեծամասնություն»

Եվ նման կետերի առկայության պարագայում առավել քան դատարկ են դառնում բոլոր այն պնդումները, թե այդ նախաձեռնած «բարեփոխումները» կոչված են նպաստել քաղաքական կուսակցությունների զարգացմանը և առավել ակտիվ մասնակցությանը երկրի քաղաքական կյանքին:

Բացի այդ, ակնհայտ է, որ «2.4.2» կետը կյանքի կոչելու արդյունքում մի քանի անգամ կուժեղանա ԱԺ նախագահի դերը, ով դե ֆակտո դառնալու է երկրի համար 1 դեմքը, իսկ նախագծում առկա «2.4.3» կետը՝ կապված ՀՀ Նախագահի իսնտիտուտի հետ, զրկում է քաղաքական համակարգը ԱԺ-ին և, մասնավորապես, ԱԺ նախագահի ինստիտուտին հակակշիռ ստեղծելու հնարավորությունից, քանի որ ՀՀ Նախագահը, ով ընտրվում է ԱԺ-ի կողմից, դե ֆակտո ստանձնելու է «անգլիական թագուհու» դերը: Ինչ մնում է վարչապետին, ապա այն վերածվում քավության նոխազի և աննշան ֆիգուրի։
Եվ այսպես, առաջարկվող փոփոխությունների արդյունքում, հաշվի առնելով նաև գործող իշխանությունների «տոկոս խփելու» սովորությունը, երկրում ձևավորվելու է «մեկ կուսակցության համակարգ», իսկ երկրի այսօրվա նախագահի դերը ստանձնելու է ԱԺ նախագահը, ով դե ֆակտո կունենա անսահմանափակ լիազորություններ և մինիմալ պատասխանատվություն, քանի որ ամբողջ պատասխանատվությունը երկրում առկա քաղաքական իրավիճակի համար «բարեփոխումների» նախագծով առաջարկվում է բարդել «անգլիական թագուհու» դեր ստանձնող ՀՀ Նախագահի և քավության նոխազի դեր ունեցող վարչապետի վրա:

Այնպես որ, մեզ առաջարկվում է ոչ թե խորհրդարանական կառավարման մոդել, այլ համայնավարական համակարգ, որը ոչ մի կապ չունի մեր երկրի ժողովրդավարացման հետ։

Հ.Գ: Ճիշտն ասած, արդեն նույնիսկ մարազմ էլ չես կարողանում անվանել մի իրավիճակ, երբ մարդիկ հավատում են կամ ձև են անում, որ հավատում են, , որ մարտի 1-ով, հետո «տոկոս խփելով» իշխանությանը եկած անձինք պատրաստ են ռեսուրսներ ծախսել, որպեսզի երկրում ձևավորվի ազատ, մրցակցային քաղաքական դաշտ: Բայց դա այլ թեմա է:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը