Տնտեսական

22.09.2014 14:17


Արմեն Պողոսյան. «Երկրում ավելի շատ գնաճ է արձանագրել, քան տնտեսական աճ»

Արմեն Պողոսյան. «Երկրում ավելի շատ գնաճ է արձանագրել, քան տնտեսական աճ»

Այսօրվա ասուլիսին Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը խոսելով ԵՄ–ի և ԵՏՄ–ի մասին՝ ասել է. «Այսօր մենք կանգնած ենք այլընտրանքի առջև՝ Եվրոպական միության ու Եվրասիական տնտեսական միության, սակայն երկուսն էլ մեզ համար չարիք են, բայց մենք ստիպված ենք չարյաց փոքրագույնն ընտրել. դա մեր ճակատագիրն է»։

Ըստ բանախոսի՝ անկախ նրանից՝ որ միության մասին է խոսքը, թանկացումներն անխուսափելի են։ Ինչ վերաբերում է էներգետիկայի ոլորտին, Պողոսյանն ասել է. «Հայաստանի հաղթաթուղթը տնտեսության մեջ էներգիան է. մենք ունենք ամենաբարվոք վիճակը մոլորակի վրա. չկա որևէ երկիր, որ էներգիայի ավելցուկ ունենա: Եթե մենք սնունդ արտահանենք, տնտեսության վրա այնքան ազդեցություն չի ունենա, ինչքան էներգիան, – պարզաբանելով, որ Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող հզորություններն այսօր ծանրաբեռնված են 30 %–ով, – այսպես տնտեսություն չեն վարում: Այս տնտեսության մեջ չեմ տեսնում տրամաբանված ուղղություն. տնտեսությունը վարում են կարկատանային եղանակով»։

Խոսելով թվերից՝ Արմեն Պողոսյանը նշել է, որ երկրում գնաճը կազմել է 5.9 %, իսկ սննդի գներն աճել են 14 %-ով, ինչպես նաև նկատել, որ երկրում ավելի շատ գնաճ է արձանագրել, քան տնտեսական աճ։

Բանախոսը դժգոհություն է հայտնել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունից.

«Պարբերաբար լսում ենք, որ այսինչ ձեռնարկությունը տուգանվեց, իսկ մեր ձայնը մնում է օդում: Օրինակ՝ մենք բազմիցս խոսել ենք շաքարավազի և հացի որակի մասին: Որակից դժգոհ չենք, իսկ գնի մեջ կրիմինալ ենք տեսնում, ինչը մրցակցության կանոնների խախտում է: Այսինքն, հավասար մրցակցային պայմաններ չենք կարողանում ապահովել. մի քանիսը հավասար են, բայց մի քանիսն ավելի հավասար են՝ արտոնյալ են», – ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը