Կարծիք

22.09.2014 13:21


«Ֆուտբոլային դիվանագիտությունը» տալիս է իր «արդյունքները»

«Ֆուտբոլային դիվանագիտությունը» տալիս է իր «արդյունքները»

Իտալական «Corriere della Sera» օրաթերթը սեպտեմբերի 21-ի համարում հրապարակել է հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ։ Հարցերից մեկը հետևյալ բովանդակության է. «Ի՞նչ դեր ունի Թուրքիան» (նկատի ունենալով ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը՝ նախորդ հարցի տրամաբանությունից ելնելով)։

Հարցին հաջորդել է պատասխան. «Ոչ դրական: Անկարան պաշտպանում, աջակցում և հանդես է գալիս Ադրբեջանի դիրքերից»։

Ինչպես տեսնում ենք, փոխվել է տվյալ հարցում միջազգային հանրության դիսկուրսը, քանզի Թուրքիան ընդհանրապես պետք է ոչ մի դեր չունենար այդ հարցում, և, ընդհանրապես, Թուրքիայի գործոնը չպետք է շեշտվեր։ Սակայն «ֆուտբոլային դիվանագիտությունը» տալիս է իր «արդյունքները»։ Դեռևս հայ–թուրքական «դիվանագիտության» ակտիվ փուլում Սարգսյանը Թուրքիային հրավիրում էր ԼՂՀ հակամարտության կարգավորման դաշտ։ Այն ժամանակ Թուրքիան՝ Գյուլի գլխավորությամբ, ականջներին չէր հավատացել, բայց, ինչպես տեսանք, փոքր–ինչ ուշքի գալով, նպաստեց քաղաքական դիսկուրսի փոփոխմանը։

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա պետք է նշել, որ դա ընդհանրապես չի բխում մեր երկրի շահերից։ Սարգսյանի նախաձեռնած «դիվանագիտությունը» շեշտակի հարվածներ է հասցնում մեր համար շատ կարևոր երկու ուղղությամբ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացի և ԼՂՀ հակամարտության կարգավորման։

Քանի կար, հեռավոր Հարավային Ամերիկայից էր ռուսական զենքն Ադրբեջանին վաճառելու մտահոգություն հայտնում, հիմա էլ Իտալիայից դժգոհության նոտաներ է հղում։

Ահա այսպիսի հետևանքների է հանգեցնում «Ապահով Հայաստանի» «Ապահով արտաքին քաղաքականությունը»։ Ուորլիքների ու Հեֆֆերնների հայտարարություններն էլ նույն նախաձեռնող «դիվանագիտության» «էֆեկտներն» են։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը