Լրահոս

22.09.2014 11:45


Արցախյան պաշտոնյաների «ազնվության» համակարգային պատճառները

Արցախյան պաշտոնյաների «ազնվության» համակարգային  պատճառները

Բակո Սահակյանի նախագահության տարիները, կարծում եմ, Արցախի պատմության մեջ կմնան «լճացման շրջան» անվանման տակ:

Լճացումն անդրադարձել է երկրի կյանքի բոլոր ոլորտներին` քաղաքականությանը, տնտեսությանը, կրթական համակարգին, հասարակական կյանքին, բանակին և այլն:

Վերջին յոթ տարիների ընթացքում իշխանական ռեժիմը ստեղծել է մի համակարգ, որի միակ նպատակը երկրի ռեսուրսների կենտրոնացումն է կառավարող վերնախավի մոտ, և այդ վերնախավի վերարտադրությունը այս կամ այն տեսքով` կուտակած ռեսուրսները պահպանելու և բազմապատկելու համար:

Սահակյանական տարիների գլխավոր օրինաչափությունը միասնականության կոչերի ներքո միատարր քաղաքական, տնտեսական և հասարակական դաշտերի ստեղծումն է:

Այդ ամենի արդյունքում վերոնշյալ ոլորտները զրկվել են մրցակցության չնչին նշույլից և մենաշնորհի են ենթարկվել իշխանական ուժերի կողմից: Դա է պատճառը, որ օրեցօր դեգրադացիայի է ենթարկվում քաղաքական էլիտան, իսկ հասարակությունը վերջնականապես կորցրել է տեղի ունեցող գործընթացների վրա որևէ կերպ ազդելու իր ունակությունն ու հնարավորությունը: Իշխող վերնախավին հաջողվել է չեզոքացնել արցախյան հասարակությանը և այժմ գործում է այնպես, ինչպես ցանկանում է ու չի էլ փորձում քողարկել սեփական գործողությունների նպատակը:

Այսպես, մեկ ամիս առաջ ռուս հայտնի լրագրող Վադիմ Դուբնովի հարցին պատասխանելով՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հետևյալ հայտարարությունն է արել. «Մենք ընդամենը 140 հազար բնակչություն ունենք: Դա նշանակում է, որ մեզ այս կամ այն մասնագիտությամբ որոշ քանակի մարդ է պետք` բժիշկներ ու ուսուցիչներ, 14000 զինվոր, ասենք: 1400 բիզնեսմեն: Բայց այստեղ որտեղի՞ց գտնել 1400 նորմալ բիզնեսմեն: Եվ մենք որոշել ենք` մինչև ժամը 18:00 դու կարող ես լինել նախարար, փոխվարչապետ, պետական պաշտոնյա, բայց 18:00-ից հետո դու պարտավոր ես լինել բիզնեսմեն: Կոռուպցիա՞, բացառված է: Կոռուպցիան այն է, երբ դու չգիտես, թե ում ես կաշառք տալիս: Մեզ մոտ այդպես չի ստացվի»:

Նախ՝ պետք է նշել, որ պարոն փոխվարչապետի պատկերացումները կոռուպցիայի մասին չափազանց մակերեսային են: Ըստ նրա` եթե արցախցիները գիտեն՝ ում են կաշառք տալիս, ուրեմն Ղարաբաղում կոռուպցիա չկա: Սա, անկասկած, նոր մոտեցում է տվյալ պրոբլեմատիկայի ուսումնասիրության ոլորտում: Պետք է նաև նշել, որ կոռուպցիան միայն կաշառակերությամբ չի սահմանափակվում: Նեպոտիզմը, պետական պաշտոնի օգտագործումն անձնական շահի համար, հանրային միջոցների կողոպուտը և նմանատիպ շատ այլ երևույթներ ժամանակակից գիտնականների կողմից բնորոշվում են որպես կոռուպցիայի դրսևորումներ: Սակայն այդ տիպի տեսական տարաձայնություններն այդքան էլ կարևոր չեն: Կարևորն այն է, որ Ա. Աղաբեկյանը, փաստորեն, ինքնակամ խոստովանել է, որ իր գործընկերների հետ խախտում է ԼՂՀ սահմանադրությունը:

Քաղաքական և իրավական ուժեղ ինստիտուտներ ունեցող պետություններում այդպիսի հայտարարություն կատարած պաշտոնյան ոչ միայն անմիջապես ազատված կլիներ զբաղեցրած պաշտոնից, այլև համապատասխան մարմինների ուշադրությունը կգրավեր: Սակայն սա Արցախն է, և Արթուր Աղաբեկյանի անհավատալի թվացող այդ պատասխանը գրեթե ոչ մի արձագանք չստացավ: Ավելին, պարոն փոխվարչապետը հարկ չհամարեց նույնիսկ հերքել կամ որևէ կերպ հիմնավորել սեփական խոսքերը և շարունակում է ամբիցիաներ ունենալ` նախագահական աթոռի հետ կապված:

Նկատենք, որ Աղաբեկյանի այսպիսի «ազնվության» արմատները համակարգային բնույթ ունեն:

Ամերիկացի հանրահայտ քաղաքագետ Ջոն Ջ. Միերշայմերն իր` «Ինչու են առաջնորդները ստում. ճշմարտությունը միջազգային քաղաքականության մեջ ստի մասին» (John J. Mearsheimer «Why Leaders Lie: The Truth about Lying in International Politics») գրքում պնդում է, որ ժողովրդավարական համակարգերում քաղաքական գործիչները և պաշտոնյաներն ավելի շատ են ստում սեփական քաղաքացիներին, քան ոչ ժողովրդավարական համակարգերում: Պատճառն այն է, որ ժողովրդավարական համակարգերում հասարակութունները բազմաթիվ լծակներ ունեն որոշումներ կայացնելու գործընթացի վրա, որի հետևանքով քաղաքական էլիտաները հաճախ ստիպված են լինում ստել կամ թաքցնել ճշմարտության մի մասը` իրենց համար նախընտրելի քաղաքականությունը իրականացնելու համար: Քվազի-ժողովրդավարական, ավտորիտար և տոտալիտար համակարգերում այդպիսի անհրաժեշտությունը ավելի քիչ է, քանի որ հասարակության ազդեցությունը կայացվող որոշումների վրա զրոյական է:

Արցախում իշխող ռեժիմը այսօր այնքան է ճնշել հասարակությանը և իջեցրել նրա դերը, որ բարձրաստիճան պաշտոնյաները արդեն ստելու կարիք էլ չունեն: Գոյություն ունեցող համակարգի ներքո իշխանությունները կարող են լինել ամենազդեցիկ օլիգարխները և առանձնակի ջանքեր չգործադրել այդ հանգամանքը թաքցնելու ուղղությամբ:

Հասարակության այսպիսի տկար վիճակով է պայմանավորված նաև այն փաստը, որ գրեթե զրոյական վարկանիշ ունեցող նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ով վերջին տարիների ընթացքում ինքնամեկուսացել էր երկրի կյանքից, երազում է վերադարձի մասին, կամ Երևանից ուզում են պարտադրել նրա թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ:

Այս խնդիրների լուծման համար Արցախին առաջին հերթին քաղաքական հակակշիռներ են պետք: Քաղաքական համակարգի վերջին տարիների լճացումը ցույց տվեց, որ միասնականության մասին կեղծ կոչերը կործանարար են երկրի համար: Առանց քաղաքական և տնտեսական մրցակցային դաշտերի գոյության՝ երկիրը չի կարող որևէ զարգացում ունենալ:

Տիգրան Գրիգորյան

Ստեփանակերտ

Այս խորագրի վերջին նյութերը