Մեկնաբանություն

21.09.2014 18:22


Ի պաշտպանություն Ալվարդ Պետրոսյանի

Ի պաշտպանություն Ալվարդ Պետրոսյանի

Երբ ՀՅԴ–ական Ալվարդ Պետրոսյանը «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում պաշտպանում էր Սերժ Սարգսյանին, նրա կուսակցական անդամությունը սառեցրեցին։

Ընկեր Ալվարդը հիմա էլ շարունակում է նույն գիծը՝ ջերմեռանդորեն պաշտպանելով ՀՀԿ ղեկավարին։ Նա չի իջնում իշխանամետ լրատվամիջոցների էջերից՝ գովաբանելով մեկին, ում տված «նվիրատվություններից» 2000-ականների սկզբներում բենզինի հոտ էր առնում (այդ փուլում նրա կուռքը Ռոբերտ Քոչարյանն էր)։

Տեղեկություն չունեմ, թե այժմ ինչ վիճակում է Պետրոսյանի սառեցված անդամությունը, սակայն հստակ տեղեկություն կա այն մասին, որ կարկառուն դաշնակցականները դիվանագիտական ոլորտում (դեսպանի և հյուպատոսի կարգավիճակներով) առաջ են տանում պաշտոնական Երևանի քաղաքականությունը։ Քաղաքականություն, որը տեղավորվում է «Ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում («Նախագա՛հ, մի՛ զիջիր»)։

Հայ–թուրքական արձանագրությունները ՀՀ ԱԺ–ում են, իսկ Նալբանդյան Էդիկն էլ, ում հրաժարականը պահանջում էին դաշնակցականները, իր տեղում է, սակայն դա չի խանգարել, որպեսզի սկզբունքային որոշում կայացվի, և ընկերները գործի անցնեն։ Եվ անհեթեթ են այս պայմաններում այն խոսակցությունները, թե ՀՅԴ–ն շուտով կարող է իշխող կոալիցիայի մաս կազմել։ Դաշնակցականներն արդեն իսկ գործակցում են իշխանությունների հետ, այն էլ՝ այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին արտաքին քաղաքականությունն է։ Ինչի՞ մասին է խոսքը։

Հարկ է, ուրեմն, արժանին մատուցել Ալվարդ Պետրոսյանին այն բանի համար, որ նա «էն գլխից» ձևեր չի թափել ու անկեղծորեն չի թաքցրել իր համակրանքն առ «Ֆուտբոլային» դիվանագիտության կնքահայր (թերևս՝ ոչ առանց բենզինի հոտով «նվիրատվությունը» շոշափելու)։ Իսկ ահա ոմանք երկրպագում են գործող նախագահին ու գործարքի ակնկալիքով նետվում Բաղրամյան 26, բայց դա անում են խուճուճ–մուճուճ ձևակերպումներով և սկզբունքայնության մասին ճամարտակություններով։

Ընկեր Ալվարդը, հետևաբար, անկեղծ դաշնակցական է։ Եվ եթե նրա անդամությունը դեռևս սառեցված վիճակում է, ապա դա մեծագույն անարդարություն է նրա նկատմամբ։ Ճիշտն այն կլինի, որ կամ իրենը ապասառեցնեն, կամ էլ սառեցնեն Ալվարդի անդամությունը սառեցնողներինը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը