Լրահոս

20.09.2014 13:36


Սերժ Սարգսյանը մասնակցել է Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին

Սերժ Սարգսյանը մասնակցել է Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին

Սերժ Սարգսյանն այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը և նախաձեռնությունները:

Տերունական աղոթքից և Ամենայն հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքից հետո, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառ հայրապետին՝ ժողովին մասնակցելու հրավերի համար և Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին մաղթել արդյունավետ աշխատանք: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքված Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռների ներկայացուցիչներին, Հայրապետական պատվիրակությունների և թեմերի պատգամավորներին և հյուրերին ուղղված խոսքում Նախագահը, օգտվելով պատեհ առիթից, ևս մեկ անգամ իր և Հայաստանի բոլոր պետական կառույցների անունից պատրաստակամություն է հայտնել հաստատակամորեն կանգնելու Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր հայրենանվեր գործերի կողքին:

Սերժ Սարգսյանը ժողովականներին ներկայացրել է երեկ ավարտված Սուրբ Աթոռ իր պաշտոնական երկօրյա այցի արդյունքներն ու տպավորությունները և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող, հուզող բոլոր հարցերին, որոնք վերաբերել են ամենատարբեր թեմաների՝ եկեղեցի-պետություն համագործակցության առավել ամրապնդման հնարավորություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումներին, պետության հետ համագործակցությամբ եկեղեցու ջանքերին, Սիրիայից հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին աջակցությանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքներին, ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ խաղաղ բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարին:

Այս խորագրի վերջին նյութերը