Լրահոս

19.09.2014 13:16


Արամ Հարությունյան. «Ես ցավում եմ Դաշնակցության համար»

Արամ Հարությունյան. «Ես ցավում եմ Դաշնակցության համար»

Այսօրվա ասուլիսին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անդրադարձել է ՀՅԴ–ի՝ հոկտեմբերի 10-ին ոչիշխանական քաղաքական ուժերի կողմից Ազատության հրապարակում կազմակերպած համապետական հանրահավաքին չմասնակցելուն։

Բանախոսը, մասնավորապես, նշել է, որ սահմանադրական փոփոխություններն իշխանության համար փրկօղակ են, չնայած նրան, որ նույն հանրապետականները ժամանակին կտրականապես դեմ էին այդ փոփոխություններին։

«Ես ցավում եմ Դաշնակցության համար, որ Ազատության հրապարակ գնալու փոխարեն՝ նախընտրեց Հանրապետության փողոցից շենքերի արանքով գնալ Մելիք–Ադամյան փողոց։ Այսինքն, այսօր որևէ կերպ փորձել ասել՝ Սահմանադրությունը «բարեփոխենք», որովհետև որևէ բան է խանգարում երկրի զարգացմանը, ես հաստատ այդ կարծիքին չեմ, մեր կուսակցությունն այդ կարծիքին չէ, համոզված եմ՝ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունն էլ այդ կարծիքին չէ»,–ասել է Հարությունյանը։

Բանախոսի համար պարզ չէ՝ Սահմանադրության որ կետն է խոչընդոտում երկրի զարգացմանը, և կոռեկտ չի համարում, երբ իշխանությունը խոսում է իրավունքի գերակայության մասին. «Ի՞նչ իրավունքի գերակայության մասին է խոսքը, երբ ժողովրդին, ինչպես ասում են, սեղմել են անկյուն և փորձում են թալանել ամեն ինչ՝ սկսած բիզնեսներից...»։

Վերադառնալով Դաշնակցության վերնախավի՝ վերը նշված որոշմանը՝ Արամ Հարությունյանը շեշտել է. «...դա (որոշումը) շարքերի կարծիքը չի։ Իմ համար Դաշնակցությունը Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, չգիտեմ... մյուսները չեն։ Իմ համար այն տղաներն են, որոնք Արցախյան պատերազմում արյուն թափեցին, զոհվեցին։ Այն մարդիկ են, ի վերջո, որոնք կուսակցություն են պահել, բայց այսօր այդ կուսակցությունը, կոպիտ ասած, կարճ ճանապարհով Հանրապետության փողոցից տանեն Մելիք–Ադամյան, և ասել, որ առաջարկություններ ենք անում... Հանրահավաքին ինչո՞ւ չեք մասնակցում։ Կարծիք ունեք, եկեք, ասե՛ք, Ազատության հրապարակում համոզե՛ք, հետո էլ ասում եք՝ մեզ համար սկզբունքային է։ Եկեք, ասե՛ք», – ասել է նա։

Ըստ բանախոսի՝ Դաշնակցությունն այսօր լուրջ խնդրի առաջ է կանգնած, քանզի այն ռեսուրսը, որն այն ունի որպես ազգային կուսակցություն, իրենք կորցնելու են։ Նա նաև համոզմունք հայտնեց, որ Սփյուռքն էլ է դժգոհ լինելու։

Արամ Հարությունյանը նշել է, որ շարքերի հետ իրենք ավելի շատ են շփվում, քան Դաշնակցության ղեկավարությունը. «Ես գիտեմ, երբ Հովիկ Աբրահամյանը դարձավ վարչապետ, իրենց մոտ նույն այդ խմորումները եղել են, և իրենց, այսպես ասած, էլիտան փորձել է գնալ կոալիցիա, շարքերը դեմ են եղել։ Այս անգամ ինչո՞ւ ժողով չարեցին, թող ժողովով ճշտեին՝ գնում ե՞նք, թե՞ չենք գնում», – եզրափակել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը