Մեկնաբանություն

18.09.2014 18:10


Ապագա դեսպանի նորավանքյան ձախողված բիզնես պլանը

Ապագա դեսպանի նորավանքյան ձախողված բիզնես պլանը

Վայոց ձորի մարզպետ, ՀՀԿ-ական Էդուարդ Ղազարյանի գլխին մութ ամպեր են կուտակված: Ըստ որոշ լուրերի՝ նա վաղուց աշխատանքից ազատման դիմում է գրել, բայց «վերևները» դեռ չեն ստորագրում։ Լուրեր են շրջանառվում նաև, որ դիմումը մոտ օրերս, այնուամենայնիվ, կհաստատվի, ինչը, սակայն, մարզպետին չի տխրեցնի. նա ավելի հեռահար պլաններ ունի, քանի որ դեսպան է ուզում դառնալ:

Ղազարյանը պատրաստվում է անցնել հայ-լեհական դարավոր կապերի ամրապնդման աշխատանքին, միայն թե Լեհաստանում էլ հայկական հուշարձանը ամերիկացների աջակցությամբ բիզնես պլան չդարձնի։ Լեհերը դա հաստատ թույլ չեն տա:

Բանն այն է, որ մարզում անցկացվող գրեթե բոլոր միջոցառումներին (մանավանդ եթե տեսախցիկ կա) Է. Ղազարյանը ներկա է լինում, իսկ մարզի սոցիալական, կրթական, մշակութային խնդիրները մնում են անտեսված։ Իսկ, օրինակ, Նորավանքի վանական համալիրը՝ մարզի ամենաչքնաղ հուշարձաններից մեկը, Վայոց ձորի մարզպետը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, որոշել է բիզնես ծրագիր դարձնել: Նման ցանկություն մարզի նախկին ղեկավարներն էլ են ունեցել, բայց չի հաջողվել գործը գլուխ բերել: Երևի տարբերությունն այն է, որ ՀՀԿ-ական Ղազարյանն աջ ու ձախ գլուխ է գովում, թե վայելում է վերևների հովանավորությունը:

Ամիսներ առաջ մարզպետ Ղազարյանը դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն՝ առաջարկելով գործակցություն: Դեսպանատունն էլ հանձնարարել է «USAID-ARMENIA» ընկերությանը գործակցել մարզպետի հետ: Ամերիկացիները մշակել են «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիր` Նորավանքի կիրճի ու Արենիի «մաստեր պլան»:

Առաջին հայացքից գեղեցիկ ձևակերպմամբ այս փաստաթուղթն իսկական զավեշտ է: Ամերիկացները որոշել են, որ չկան հատուկ ծրագրեր կամ քաղաքական փաստաթղթեր Արենիի կամ Նորավանքի կիրճի հետագա զարգացման համար, որ Արենիիում պարտադիր է հյուրանոցի կառուցումը, որ զբոսաշրջիկները քիչ են գալիս, մի խոսքով, որոշել են առաջնորդվել «քանդենք, նորը սարքենք» տխրահռրակ սկզբունքով:

Իրականում, եթե ծրագիրը կազմողներն իրոք ուսումնասիրեին հարցը, ապա կպարզեին, որ զբոսաշրջիկի պակաս Նորավանքը չունի. ավելին՝ վանական համալիրում մշտական ծառայության հոգևոր հայրեր կան:

«Մաստեր պլան»–ով նախատեսվում է երկու համայնքի վերահսկողությունը 20-25 տարով կենտրոնացնել մասնավորի ձեռքում: Զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ նախատեսվող տենդերը շահողն էլ արդեն կա, քանի որ խոսքը լուրջ թվերի մասին է, ակնկալվող շահույթն էլ մեծ է, ուրեմն շահողն էլ պետք է գոնե ծրագրի համար շահագրգիրռ անձանց մերձավորը լինի: Ամերիկյան «սթայլով» ծրագրում նաև նշվել է, որ հեծանվավազքի ոլորտը կուժեղացվի, և որ այն այսօր զարգացած է Անգլիայում:

Իսկ հիմա «ամենաուժեղ» հատվածը՝ ճամբարային վայրեր կլինեն ու կիրճում մի շարք խնջույքների տարածքներ կզարգացնեն: Մեջբերում ենք. «Առաջարկվում է Նորավանքի կիրճում զարգացնել մի շարք խնջույքների տարածքներ, ունենալ խորովածի տարածք»:–Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Եվ սա այն դեպքում, երբ սրճարան- թոնրատուն (որտեղ նաև ավանդական խորոված է մատուցվում) արդեն իսկ կա Նորավանք տանող ճանապարհին: Պատկան մարմինները տարիներ շարունակ փորձում են վերացնել այդ անօրինականությունը, բայց օբյեկտի տերը վայելում է ինչպես նախկին, այնպես էլ ներկա մարզպետի համակրանքը: Ասում են նաև, որ նույնիսկ մարզպետն ինքն է փորձել այն օրինականացնելու միջնորդություններով պատկան կառույցներին դիմել:

Փաթեթը մշակվել է ս. թ. փետրվար ամսից, բայց պատկան մյուս կառույցներին որոշել են «տեղյակ պահել» 9 ամիս անց միայն՝ սեպտեմբերի 6-ին քննարկում անցկացնելով: Որոշ տեղեկություններով՝ այդ քննարկմանը ելույթների գերակշիռ մասը դեմ է եղել բիզնես պլանին:

Խնդիրն այն է, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը հստակ սահմանում է մարզպետի լիազորությունները հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում: Մասնավորապես, օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է. «Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման տարածքային մարինները մարզի տարածքում ապահովում են վերահսկողություն համապատասխան օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ, կազմակերպում են լիազորված մարմնի համապատասխան ծառայությունների և ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեություն՝ միջոցներ են ձեռնարկում մարզի տարածքում հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ»:

Ինչպես տեսնում ենք՝ տվյալ դեպքում օրենքի տառը պահպանելու փոխարեն՝ մարզպետը խախտել է ոչ միայն այդ, այլ օրենքի այլ դրույթներ ևս։

Մի քանի նկատառում.

1.Է. Ղազարյանի առաջարկից ոգևորված՝ ծրագիր կազմողները, հավանաբար, գաղափար էլ չունեն, որ վանական համալիրը գտնվում է Արփի բնապատմական արգելոցի տարածքում, ունի իրավական կարգավիճակ, պահպանական գոտու օգտագործման ռեժիմ, իսկ իրենց նախատեսածը նոր կարգավիճակ է ենթադրում արգելոցի համար:

2.Հաշվի չի առնվել, որ տարածքում բազմաթիվ չպեղված հուշարձաններ կան, թռչունների քարանձավը, դեռևս ուսումնասիրված չեն ուշ բրոնզեդարյան, վաղերկաթեդարյան բնակատեղիներ, դամբարանադաշտեր: Վայոց ձորում են գտնվում Վարդանանց նահատակների վկայարանները, հուշակառույցները:

3.Արդյոք արժե՞ ձևախեղել պատմական ժառանգությունը՝ հանուն նյութականի, եթե նույնիսկ արդեն ճամպրուկային տրամադրության մեջ է մարզպետը: Բիզնես ծրագիրն, անշուշտ, մեծ գումարների հոսք է ենթադրում, սակայն արժե՞ դա անել մշակութային ժառանգության հաշվին, ծառայություն մատուցել հանուն փողի: Եվ վերջապես, պետք չէ առաջնորդվել «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով:

Հ. Գ. Ի դեպ, մարզպետարանում անցկացված քննարկմանը մասնակցած թե՛ Վայոց ձորի թեմի առաջնորդը, թե՛ Արենի համայնքի ղեկավարը, թե՛ ավագանու անդամները, թե՛ պատկան այլ մարմինների ներկայացուցիչներ դեմ են արտահայտվել ծրագրին:

«7օր»–ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել նաև շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը