Կարծիք

17.09.2014 13:50


Մերի Մովսիսյան. «Ոչ մի հանձնաժողովի եզրակացություն չպետք է մթագնի հայի միտքը»

Մերի Մովսիսյան. «Ոչ մի հանձնաժողովի եզրակացություն չպետք է մթագնի հայի միտքը»

Երեկ սահմանադրական բարեփոխումների (իրականում՝ սահմանադրական փոփոխություններ՝ հանուն վերարտադրության) հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նշել է, որ հոկտեմբերի 10-11–ը Վենետիկյան հանձնաժողովը կգնահատի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծը։

ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ջանք ու եռանդ չի խնայել՝ հասարակությանը համոզելու, որ նոր Սահմանադրությունը ցանկանում է լինել մարդակենտրոն (վերարտադրության վերտառությամբ՝ այն իրոք մարդակենտրոն է՝ «բաղրամյանաքսանվեցախառը մարդակենտրոնությամբ»)։

Սույն փաստի կապակցությամբ անհամբեր սպասում եմ Վենետիկյան հանձնաժողովի գնահատականին։ Այն կարող է լինել բացասական կամ դրական։ Առավել հետաքրքիր կլինի, եթե «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը դրական գնահատական տա։

Ոչ մեկի համար նորություն չի, որ առկա սահմանադրական փոփոխություններն արվում են իշխանության վերարտադրության համար, այլ ոչ թե մարդակենտրոնության, ազատությունների և այլնի։ Ինչևէ... Եթե Վենետիկյան հանձնաժողովը դրական գնահատական տա, դա առաջինը կցուցադրի հայաստանյան «արևմտամետների» գաղափարական կրախը։ Հիշեցնեմ, որ մեր Սահմանադրությունը ներառել է Արևմուտքի՝ եվրոպական երկրների փորձն ու արժեքները, և գրվել համապատասխան եվրոպական երկրի Սահմանադրության «կարկասի» հիման վրա։

Երկրորդ՝ հաշվի առնելով վերը նշվածը՝ դուրս է գալիս, որ Վենետիկյան ազդեցիկ հանձնաժողովն ընդունում է, որ մարդու իրավունքների մասով, մարդակենտրոնությամբ ու այն ամենով, ինչ վերաբերում է մարդուն (ազատ շուկայական տնտեսության ու այլնի մասին լռում եմ) Եվրոպան կապ չունի։

Երրորդ՝ շատ հնարավոր է, որ հանձնաժողովի անդամներն անգամ տեղյակ չեն Գագիկ Հարությունյանի «մարդակենտրոն մուտիտներից»։ Միայն «Սահմանադրական փոփոխություններ՝ հանուն վերարտադրության» հանձնաժողովը կիմանա, թե ինչ տեսակ «սպագետտիով» են համեմել վենետիկցիների ականջները, բայց ըստ կանոնակարգի՝ նրանք պետք է իրավիճակի ինքնուրույն ու անկախ վերլուծություն կատարեին առավել արդյունավետ գնահատական տալու համար։

Չորրորդ՝ կա մտավախություն, որ մեր կողմը՝ հանուն վերարտադրության, եվրոպացիներին գործարք էլ առաջարկած լինի։ Ո՞վ իմանա. քաղաքականություն է, ամեն ինչ էլ հնարավոր է։

Ինչպիսի եզրակացություն էլ տա «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը, Հայաստանում ոչիշխանական քաղաքական ուժերի ու ժողովրդի միահամուռ ջանքերը պետք է ուղղված լինեն սահմանադրական փոփոխություններ անցկացնելու գաղափարի վիժեցմանը և անցնցում իշխանափոխությանը։ Ու ոչ մի հանձնաժողովի եզրակացություն չպետք է մթագնի հայի միտքը, որն ակտիվ շրջանառության մեջ կդրվի (արդեն դրվել է) իշխանության կողմից, քանզի ոչ ոք իրավունք չունի մեր՝ հայերիս փոխարեն որոշել՝ ինչ է մեզ համար լավ, իսկ ինչը՝ վատ։

Հ. Գ. Բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր չեն միանա «Սահմանադրական փոփոխություններ՝ հանուն վերարտադրության» գաղափարի դեմ պայքարին, ավտոմատ մնալու են իշխանական տիրույթում։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը