Մեկնաբանություն

17.09.2014 12:45


Մտան քաղաքականություն փայլուն ապագայով, հեռանալու են սարսափելի անցյալով

Մտան քաղաքականություն փայլուն ապագայով, հեռանալու են սարսափելի անցյալով

Քաղաքական պոռնկություն. որակում, որով բնութագրվում է անսկզբունքային քաղաքական գործիչը (քաղաքական ուժը), որը պատրաստ է գետնով տալ պատիվը, խիղճը, հայրենիքի ու ժողովրդի առջև պարտքն ու այլ արժեքներ հանուն սեփական շահի։ «Վիքիպեդիա»:

Նորից ակտիվացան խոսակցությունները, թե «Հայաստանի քաղաքական դաշտը կոմայի մեջ է», «Ինքա՞ն կարող եք ծախվել», «Տեսա՞ք, որ քաղաքականությունը պոռնկություն է» և այլն...

Ինչ–որ տեղ հասկանում ես նման գնահատականները, առավել ևս, որ գիտես, թե դրանք կոնկրետ ում են ուղղված։ Բայց պետք չէ քաղաքականությունը մարմնավաճառության հետ համեմատել։ Ի վերջո, ամեն պոռնիկ չէ, որ կհամաձայնվի հրապարակավ, հանրության աչքի առաջ աշխատել։

Եթե ավելի լուրջ՝ աստիճանաբար ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Բացահայտվում են մարդիկ, բացվում է իրականությունը։ Գերադասե՞լ են անձնական նեղ շահը՝ նրանց գործն է։ Եթե այս պահին ինչ–որ գին ունեն գործող իշխանության համար, վաղվանից նրանց ազդեցությունն ու նշանակությունը քաղաքական դաշտում զրոյանալու են։ Զրոյանալու է նաև նրանց գինը։

Նայե՛ք այսօրվա իշխանության կողքին հավաքված դհոլներին ու տակից աշխատող հաճախորդներին։ Ովքե՞ր են նրանք։ Մնացել է մի բան այս տեսակի համար՝ քարեր նետել բոլոր նրանց ուղղությամբ, ովքեր տանում են ու տանելու են սեփական սկզբունքային գիծը։ Բայց դե, նրանց նետած քարերն այդպես էլ օդում կախված են մնալու։

Զուգահեռաբար, ամրանում է սկզբունքը, որ ամենալավ քաղաքականությունն ազնիվ լինելն է։ Ի դեպ, ոչ պակաս հայտնի դրույթ, քան քաղաքականությունը պոռնկության հետ համեմատելը։

Հայաստանի քաղաքական օրակարգում իշխանությունների նախաձեռնած արհեստական «փոփոխությունների» հարցը... Բայց հենց այս կեղծ նախաձեռնությունն է բերելու ոչ արհեստական գործընթացների՝ բոլորին վերջնականապես դնելով իրենց տեղը։ Թե չէ, ինչքա՞ն պետք է շարունակվի բյուրեղացման այսքան երկար ձգձգվող գործընթացը։

Վերջում՝ կյանքով ապացուցված ևս մեկ մեջբերում՝ վերարտադրմանը ձգտող իշխանության համար ամենավտանգավոր պահը սկսվում է այն ժամանակ, երբ այն որոշում է «բարեփոխվել»։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը