Կարծիք

17.09.2014 11:58


Էդվարդ Անտինյան. « Քաղաքական դաշտը գտնվում է ցնցումների և խաղաղ ճանապարհով վերարտադրություն թույլ չտալու արանքում»

Էդվարդ Անտինյան. « Քաղաքական դաշտը գտնվում է ցնցումների և խաղաղ ճանապարհով վերարտադրություն թույլ չտալու արանքում»

Արդեն ակնհայտ է, որ իշխանությունները ցանկության դեպքում անգամ չեն հասցնի կատարել «քառյակի» 12–կետանոց պահանջը: Ուստի, թեպետ կատարման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, նախատեսված է, որ վաղը կհայտարարվի առաջիկա հանրահավաքի օրն, ու կնախանշվի օրակարգը: Բայց հիմնական ինտրիգն, այնուամենայնիվ, մնում է Սահմանադրության փոփոխության միջոցով իշխանությունների վերարտադրության ցանկությունը:

Անընդհատ քննադատական տոնով թմբկահարվում է, թե ինչու ոչիշխանական ուժերից շատերը չեն մտնում բովանդակային քննարկման մեջ ու փաստարկված մերժում փոփոխության անհրաժեշտությունը: Բայց դա իշխանության թյուր տեսակետն է ու ցանկությունը:

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը նախնական տարբերակի մասին արդեն իրազեկել է հանրությանը, որ առաջարկում են անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին: Ու երբ ոչիշխանական ուժերին մեղադրում են, թե շատերը ժամանակին կողմ էին կառավարման համակարգը փոխելուն, հիմա ինչու են դեմ, պատահաբար մոռանում են, որ խոսքը վերարտադրությանը դեմ լինելուն է վերաբերում, ինչի մասին հատուկ շեշտեց նաև Ծառուկյանը։

Այսինքն, խնդիրը ոչ թե կառավարման համակարգի ընտրությանն է վերաբերում, այլ Սահմանադրությունն առանձին անհատի կամ մարդկանց փոքրիկ խմբի շահերին չծառայեցնելուն։ Իսկ նման դեպքում իմաստ չունի բովանդակային քննարկման մեջ մտնել, ինչն էլ անում են լուրջ քաղաքական ուժերը։

Բերեմ մի պարզ օրինակ: Եթե մեկն իր մի քսան տարվա ջարդուփշուր եղած մեքենան վաճառելիս ասում է, թե այն արժե մեկ միլիոն դոլար, ու գնորդին առաջարկում սակարկել, ապա լսում է կարճ պատասխան՝ իսկ ես պատրաստ եմ վճարել զրո դրամ: Ու այն հարցին, թե ինչո՞ւ չի սակարկում, գուցե գա՞ն համաձայնության, պատասխանը հստակ է՝ իրեն հարգող գնորդը ոչ խելամիտ նախնական գին լսելիս սակարկությունն ավարտում է՝ դեռ չսկսված:

Այնպես որ, պետք չէ արդարանալ, թե պրոֆեսիոնալ իրավաբանների հանձնաժողովն է նման կարծիք ներկայացրել: Մենք լավ գիտենք, որ եթե Սերժ Սարգսյանը հանձնարարեր, որպեսզի ներակայացնեին, թե Հայաստանը պետք է լինի բռնապետական երկիր, մեր հարգարժան պրոֆեսիոնալները լուրջ դեմքով մեզ կբացատրեին, թե աշխարհի շատ երկրներում բռնապետական կարգեր են, ու տեսեք, թե ինչ լավ են զարգանում:

Սահմանադրական փոփոխությունների առիթն օգտագործելով՝ Սարգսյանն, իր բնավորության համաձայն, նախաձեռնողականություն է հանդես բերել, որպեսզի քաղաքական ազդեցիկ ուժերի հետ քննարկման թեմա ունենա՝ թողնո՞ւմ են իրեն մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը, թե՞ հարցերը լուծում են այս տարի: Եթե չեն թողնում, ի՞նչ երաշխիքներ են տալիս, իսկ եթե թողնում են, ի՞նչ պայմանով, և ո՞վ է լինելու ժառանգորդը: Ու այս հարցերի պատասխանները վաղօրոք իմանալու համար Սարգսյանին պետք է բանակցության թեմա, և մենք չենք մեղավոր, որ մեր պրոֆեսիոնալ իրավաբաններն իրենց մասնագիտական ունակություններն իջեցրեցին գործող նախագահի համար «բազարի» նյութ պատրաստելու մակարդակի: Ու եթե ՀՀԿ ղեկավարն այս հայեցակարգով ասում է՝ ես վերարտադրվելու եմ, հիմա ի՞նչ եք ասում, իրեն էլ հակադարձում են՝ դու գնացող նախագահ ես՝ սա ենք ասում:

Գործող նախագահը ցույց է տալիս, որ վճռական է տրամադրված, նրան հակադարձում են՝ դու քոնը կանես, մենք էլ՝ մերը: Իսկ երբ ինչ–որ պահի Սարգսյանը, գնահատելով իրավիճակի լրջությունը, նստելու է բանակցային սեղանի շուրջ, բնական է, որ ասելու է՝ դե լավ, այս հայեցակարգը գցենք մի կողմ, ու դա ներկայացնելու է որպես իր կողմից արված զիջում, որպեսզի ակնկալի համարժեք վերաբերմունք: Իսկ թե ինչ պատասխան կստանա այդ դեպքում, արդեն կախված է իր վարքագծից։ Համենայնդեպս, ազդեցիկ ուժերը հակված չեն ցնցումների, բայց նաև դեմ են վերարտադրությանը։ Ահա այս արանքում էլ կարելի է լուծումներ փնտրել։ Բայց դե, դա թող փնտրողը փնտրի։

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202967368047691

Այս խորագրի վերջին նյութերը