Կարծիք

16.09.2014 13:47


Էլինար Վարդանյան.

Էլինար Վարդանյան.

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ՝ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ներկայացնելով ԲՀԿ–ի տեսակետը, հայտարարել է, որ այսօր առաջ է քաշվել արհեստական օրակարգ՝ առանց բավարար հիմնավորումների, հասարակական պահանջի և հիմնավոր փաստարկների։

–Ուստի, տարօրինակ չէ, որ սահմանադրական բարեփոխումների գաղափարը հասարակության մեջ հիմնավոր կասկածներ է առաջացրել։ Վստահաբար, Հայաստանում այսօր առկա հիմնական խնդիրներից որևէ մեկը պայմանավորված չէ Սահմանադրությամբ, դրա անկատարությամբ, որևէ նորմի առկայությամբ կամ բացակայությամբ,–ասել է նա։

ԲՀԿ–ական պատգամավորը հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանը, Դավիթ Հարությունյանը, Արմեն Աշոտյանը և ՀՀԿ–ական մի շարք այլ ներկայացուցիչներ ոչ վաղ անցյալում հիմնավորում էին, որ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում ընդունելի չէ կառավարման պառլամենտական համակարգը, որ այն ֆաշիզմի նախադրյալներ է ստեղծում և այլն։

–Հիմա ի՞նչ փոխվեց այս մեկ, մեկուկես տարվա ընթացքում։ Արդյոք Հայասատանը դադարե՞ց պատերազմի վտանգի տակ գտնվելուց, թե՞ բոլովին վերջերս չէր, որ ագրեսիվ գործողություններ էին ծավալվում սահմաններում: Ի՞նչը ստիպեց միանգամից, այսքան կտրուկ փոխել համոզմունքը,–հարց է հնչեցրել Է. Վարդանյանը:

Նա ընդունում է, որ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ վերը թվարկված գործիչները, կարծիքը, մոտեցումը փոխելու իրավունք ունեն, բայց նաև ընդգծում է, որ այստեղ անազնիվ միտումներ կան.

–Պնդումների կտրուկ փոփոխությունն է, որ կասկածի տակ է դնում սահմանադրական փոփոխություններն ի շահ ՀՀ քաղաքացուն ծառայեցնելու նպատակը: Այստեղ դրվում է վերարտադրման խնդիր, ինչն էլ անընդունելի է, անթույլատրելի: Սահմանադրական բոլոր փոփոխությունները պետք է արվեն բաց, հասարակական համերաշխության բաց մթնոլորտում:

Չմտնելով բովանդակային քննարկման մեջ՝ ԲՀԿ–ական պատգամավորն անդրադարձել է հայեցակարգի նախագծում տեղ գտած ընտրական համակարգի փոփոխություններին, այսպես կոչված, բոնուսային և ռեյտինգային համակարգերին, որոնք, նրա կարծիքով, ավելի շատ թակարդ են հիշեցնում.

–Բոնուսային համակարգը նմանվելու է Երևանի ավագանու ընտրություններին, և ամենևին չի աջակցելու կուսակցությունների կայացմանը, ինչպես ներկայացվում է հայեցակարգում: Պրակտիկան ցուց տվեց, որ այդպիսի ընտությունների արդյունքում կայացած կուսակցություններ և հայտնի քաղաքական գործիչներ դուրս մնացին գործընթացից, հետևաբար, ո՞րն է երաշխիքը որ այդ ընտրական համակարգի արդյունքում Ազգային ժողովը չի համալրվի թաղային հեղինակություններով: Ծուղակ է ներկայացնում նաև ռեյտինգային քվեարկությունը, և բոլորովին չի ծառայելու ընտրողի և ընտրվողի միջև անմիջական կապ ապահովելու նպատակին, ինչպես ներկայացվում է հայեցակարգում:

Հաջորդը սահմանադրական բարեփոխումների հասարակական սպասումների և տրամադրության բացակայությունն է։ Է. Վարդանյանը հորդորել է. «Դահլիճներում, փակ սենյակներում նստելուց բացի, բարձր ամբիոններից ամպագոռգոռ հայտարարություններ անելուց առաջ դո՛ւրս եկեք փողոց: Ձեզանից ո՞վ է հիշում, թե վերջին անգամ երբ է փողոցում հանդիպել և խոսել քաղաքացիների հետ: Խոսե՛ք մարդկանց հետ, հարցրե՛ք՝ ինչ ակնկալիքներ ունեն»:

Պատգամավորը պնդել է, որ այսօր ժողովրդի պահանջը ոչ թե սահմանադրական բարեփոխումներն են, այլ տնտեսական, այսօր ժողովրդի պահանջը կյանքի մեջ փոփոխություններն են, օրվա հացի խնդիրներն են: Եվ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն արտագաղթի կասեցման ուղղությամբ, այլ ոչ թե շեղվեն՝ մտնելով խնդրահարույց և բարդ քննարկումների մեջ, ինչն իր հերթին կարող է ապակայունացնել երկիրը:

Անդրադառնալով մարզային հանդիպումներին և, ինչպես ընդունված է անվանել, լայն քննարկումներին՝ Է. Վարդանյանը նշել է.

–Եթե իշխանությունները մարզային հանդիպումներ են համարում մարզպետարանների փոքրիկ սենյակներում իշխանության մարզային մանր-մունր չինովնիկներին հավաքելը, ովքեր չշեղվելով ամեն ինչի հետ համաձայնելու կուսակցական գծից՝ լուռ համաձայնություն են հայտնում ցանկացած գաղափարի, ուրեմն այդ դեպքում երևի իրենց այդ հանդիպումները բավարարեն: Գիտեք, այս ամենն անլուրջ տպավորություն է թողնում, և մատնանշվող հանդիպումները կամ քննարկումները պարզապես իմիտացիա ստեղծելու նպատակ ունեն: Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանությունից, և դրա հիմնավորվածությունը բոլորովին համոզիչ չէ:

Եզրափակելով ԲՀԿ–ի տեսակետը՝ Է. Վարդանյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ հասարակության մեջ տարակուսանքը հիմնավոր է, քանի որ ակնառու են դառնում քողարկված վերարտադրման նպատակները։

–Հետևաբար, մենք կարող ենք փաստել, որ այսօր մեր երկրում չկա սահմանադրական ճգնաժամ, չկա սահմանադրական բարեփոխումների հասարակական տրամադրություն, և խնդիրները և դրանց լուծումները բոլորովին էլ սահմանադրական չեն: Սահմանադրական ցանկացած փոփոխության գաղափար և հայեցակարգի նախագիծ կարելի է քննարկել երկրի առջև ծառացած սոցիալ–տնտեսական խնդիրները լուծելուց և երկիրը զարգացման ուղու վրա դնելուց հետո միայն: Դրա համար ակնհայտորեն պահանջվելու է մի քանի տարի: Շատ ավելի տրամաբանական է, որ դա անեն նոր իշխանութունները, ինչը նվազագույնի կհասցնի փոփոխությունները սեփական շահերին ծառայեցնելու վտանգը: Սակայն, այնուհանդերձ, եթե, առանց հաշվի առնելու կուսակցությունների անհամաձայնությունը, փաթեթը դրվի շրջանառության մեջ, ուրեմն մենք լիովին իրավունք կունենանք Երևանի և մարզերի հրապարակներում հավաքել մարդկանց, լսել նրանց. թող հասարակությունը որոշի՝արդյոք մեզ այս պահին պե՞տք են սահմանադրական բարեփոխումներ: Եվ լցոնումներով, կեղծ արդյունքներով հանրաքվեն որևէ լավ արդյունքի չի կարող բերել,–հայտարարել է ԲՀԿ–ական պատգամավորը:

Այս խորագրի վերջին նյութերը