Կարծիք

13.09.2014 09:56


Եթե ոչ վսեմ նկրտում, գոնե բանական միտք ունեցեք…

Եթե ոչ վսեմ նկրտում, գոնե բանական միտք ունեցեք…

Պատերազմը ռազմական բիզնես ծրագիր է: Ցեղասպանությունը` այլևս ոչ արտառոց երևույթ: Ծիծեռնակաբերդն էլ` ոչ խրախճանքի վայր: Մարդկությանն այսօր սպանդով, ահասարսուռ և գազանաբարո խոշտանգումներով չես զարմացնի. պատերազմը, ազգամիջյան, կրոնական ու քաղաքացիական բախումները՝ գերտերությունների պարագլուխների հրահրմամբ և քմահաճությամբ, վերածվել են համաշխարհային հանրության «բնականոն» ապրելակերպի անօտարելի մասի: Յուրաքանչյուր ռազմական բախում` ներքաղաքականից մինչև չիրագործված «եղանակային» ու «երանգային» հեղափոխություն` չհայտարարված պատերազմի տեսքով, ռազմական բիզնես ծրագիր է` զենք-զինամթերքի առք ու վաճառքի գծով, որի գործոն մեխանիզմը մարդկային կյանքն է, ինչպես բոլոր ժամանակներում: Այո´, պատերազմը բիզնես է` ռազմական տեխնիկայի նորարարության մրցույթ-ծրագիր: Իսկ հանուն հաղթանակի մրցող-իշխանավորնները պատրաստ են ամեն ինչի. ոչ ոքի և ոչնչի առջև չեն երկնչում. նրանց համար այլևս սրբություն չկա: Այսօր ի տես ամենքի, ի լուր և ի ցույց աշխարհի է ցեղասպանությունը` ազգերի կոտորածը, որ ջարդի իր դաժանության անհատելի սահմանը վաղուց է հատել, վերածվել է մարդկային մորթի (բառի բուն իմաստով):

Ցեղասպանության հարցն այսօր տաբու չունի. աշխարհն այլևս չի թաքցնում ցեղասպանության իրողությունը` նրա անցյալն ու ներկան: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, իր ողջ ներուժով գործի է դրվել թուրքական ժխտողական քաղաքականության քարոզչական համապետական մեխանիզմը: Ժամանակին Հայոց ցեղասպանությունը բացառիկ երևույթ էր իր տեսակի ու ձևի մեջ, և հնարավոր եղավ բողոքի այդ ճիչը խեղդել` թեկուզ ժամանակավոր...: Իսկ 21-րդ դարում ցեղասպանությունը «սովորական և ոչ արտառոց» երևույթ է: Որքան էլ Թուրքիան նյութական և դիվանագիտական միջոցներ չխնայելով օգտագործի հակաքարոզչության իր ողջ ներուժը, այնուամենայնիվ ճշմարտության ճիչը խեղդել անհնար է: Հայոց ցեղասպանության իրողության մեղսակից Գերմանիան, ի դեմս Գերմանիայի Բունդեսթագի խոսնակ Նորբերտ Լամմերտի, «Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարին» խորագիրը կրող միջոցառման ժամանակ եվրոպական մեծ լսարանի առջև Թուրքիայի Մեջլիսի խոսնակին հիշեցրեց Առաջին աշխարհամարտի քողի ներքո իրականացված հայկական ջարդերի մասին /http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=224/: Այսպիսով, միլիոնավոր թուրքերով բնակեցված Գերմանիան դիվանագիտական անհանդուրժողականության թեզ է առաջադրում` զսպելով Թուրքիայի Եվրոմիության անդամակցության անհագուրդ նկրտումը: Այս հարցում Հայոց ցեղասպանությունը ազդեցիկ զսպաշապիկ է:

Անշուշտ թուրքական կողմի պատասխանը չուշացավ, որում ակնհայտ է Թուրքիայի Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքի մեծ հեգնանքը. «Կարծում եմ, համաշխարհային պատերազմի մեր զինակից Գերմանիան շատ լավ գիտի, որ տեղահանումը կատարվել է` ելնելով ռազմական անհրաժեշտությունից»: «Պատերազմի մեր զինակի՞ց Գերմանիա», եթե ոչ` ցեղասպանության մեղսակից, հանցակից: «Տեղահանո՞ւմ` ելնելով ռազմական անհրաժեշտությունից», եթե ոչ` նախապես մշակված տեղահանություն. արդյո՞ք Բեռլին-Բաղդադ երկաթուղու շինարարությունն այդ ծրագրի մի մասը չէր...: Տեղին է հիշել ժողովրդական այն հայտնի խոսքը. «Տե´ս, հա´, ես ընկա, քեզ էլ հետս եմ տանելու»: Մի՞թե թուրք պաշտոնյայի պատասխանը դա չի ակնարկում: Այլևս հայտնություն չէ Հայոց ցեղասպանության ծրագրման և իրագործման մեջ Գերմանիայի մեծ դերակատարությունը:

Վերոնշյալ լրատվությունում հստակ չի նշված, թե թուրքական Բիլգի համալսարանի պրոֆեսոր Այհան Աքթարը ե՞րբ և որտե՞ղ, գուցե «Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարին» խորագիրը կրող միջոցառման ժամանա՞կ է Գերմանիային նախազգուշացնող զսպվածության ժեստ ուղղել` հիշեցնելով. «Այդ ժամանակ Օսմանյան կայսրության զինված ուժերի գլխավոր շտաբը ղեկավարում է գերմանացի Շելենդորֆ փաշայի կողմից, իսկ գերմնական հյուպատոսությույնը իր պետությանը մանրամասնորեն տեղեկացնում էր կատարվող իրադարձությունների մասին` ակնարկելով, որ Գերմանիան այն ժամանակ աչք է փակել կատարվածի վրա»: Ճիշտ է` Աքթարն էությամբ ազդեցիկ գործիչ չէ, բայց նա կատարել է իր «առաքելությունը»՝ ասելով չասվածը, այնպես որ, հարգելի Գերմանիա, մենք ինքնուրույն չենք գործել: Հայոց ցեղասպանության իրողության մեջ ձեր ձեռքերն էլ են արյունոտվել, ուստի, մի քիչ խոհեմ եղեք, մենք հո՞ լավ գիտենք, թե ի՞նչ է եղել, և որ ձեր միսիոներական առաքելությունն այդքան էլ բարի նպատակների համար չէր ծառայում…:

Համաշխարհայնի դիվանագիտության այս զազրելի ներկայացման հանդիսատեսը լինելով հանդերձ` Հայաստանում և Սփյուռքում հերթական մոնո-ներկայացումն է արդեն բեմադրվում. «Էրդողանը 2015 թվականի Ապրիլի 24-ին կգա՞ Հայաստան, կբարձրանա՞ Ծիծեռնակաբերդ»: Այս զառանցանքը իր նախադեպն ունի. այս էլ արդեն քանի տարի է` Ապրիլի 24-ին ընդառաջ, հազարավոր հայեր մանկան միամտությամբ անհեթեթ մտահոգության երևակայական տվայտանքների գիրկն են ընկնում` Օբաման կասի՞ Genocide, թե՞ ոչ: Հիմա էլ Էրդողանի պարագայում է. պատվախնդրության զգացում ասվածը, այսօր առավել քան երբևէ, խորթ է հայ դիվանագիտական էլիտայի և քաղաքգիտական մտքի բանկանությանը. հանուն ինչի՞ կամ ո՞ւմ էր այն քծնանքը` ի տես և ի լուր աշխարհի Էրդողանին 2015 թվականի Ապրիլի 24-ին պաշտոնապես Հայաստան հրավիրելը: Ծիծեռնակաբերդը սրբավայր է` բյուրավոր անշիրիմ նահատակած հուշակոթող, և ոչ թե խրախճանքի վայր: Հրավիրում եք, որ պետության փողերով պատվե՞ք ու ճանապարհե՞ք: էրդողանը վիրավորանք է համարում իրեն հայ անվանելը. «Ինձ ասել են, թե վրացի եմ, կներեք, բայց ավելի վատ բան են ասել՝ պնդել են, թե հայ եմ» /www.blogbox.am/arm/index.php?id=12132#.VAfs-8V_vnp/: Եվ այսքանից հետո նրան Հայաստա՞ն եք հրավիրում… Նա իրավունք չունի ոտքը դնի հայոց հողին. Արարատը Հայաստանի կողմից տեսնի, էլ ուր մնաց` թույլ տանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանա:

Գիտեք, զարմանալին այն է, որ անգամ ՀՀ պետական` դիվանագիտական մակարդակով է այս զավեշտը կրկնվում. նախարար Նալբանդյանը Հայաստանի նախագահի կողմից Թուրքիայի նախագահին 2015-ի Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանում գտնվելու հրավերին անդրադառնալիս, հույս է հայտնում. «…որ դա կորցված հնարավորություն չի լինի և Էրդողանն այդ օրը կլինի Երևանում» /www.panarmenian.net/arm/news/182244//: Եվ մենք` հայերս, դիվանագիտական մակարդակով մտահոգվում ենք Թուրքիայի շահի համա՞ր, բա ո՞ւր մնացին հայի ինքնասիրությունն ու պատվախնդրությունը…

Եթե ոչ վսեմ նկրտում, գոնե` բանական միտք ունեցեք…

Բավական է, վե´րջ տվեք երազխաբությանը, ուշքի´ եկեք. Հայաստանի առջև ավելի կարևոր և լուրջ խդիրներ են ծառացած…: 2015 թվականը սարերի ետևում չէ, մենք դեռ խոսում ենք, մեր պետական քայլերն ու գործողությունները համաժողովների սահմաններից այդպես էլ դուրս չեկան: 100 տարվա գոնե վերջին երկու տասնամյակում չկարողացանք Հյաոց ցեղասպանության իրավական մի թղթածրար կազմել, մի քանի ազդեցիկ միջազգային իրավագետ, ցեղասպանագետ ներգրավել. ինքներս հասկանալու և հստակեցնելու մեր պահանջն ու անելիքը, և հասկացնելու աշխարհին` ումից, ինչ ենք պահանջում:

«Թե ինչպես աշխարհը մեկեն փոխվեց», երկար է խորհել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Խորհում ենք և մենք. հիրավի, աշխարհը փոխվեց, բայց մենք էլի ու էլի էն միամիտ` «թորիկյան անուրջներով» ապրող ժողովուրդը մնացինք, որին և մեկ դար անց իր վերջին հորդորը տվեց Հանճարեղ Պարույր Սևակը. «Թե արժի՞ արդյոք դարեր շարունակ քնել մե՜ծ ուղտի փոքրի՛կ ականջում...»:

Ջեմմա Բաղդադյան

Այս խորագրի վերջին նյութերը