Կարծիք

12.09.2014 13:22


Աննա Մովսիսյան. «Իշխանությունը պետք է հետևություններ անի»

Աննա Մովսիսյան. «Իշխանությունը պետք է հետևություններ անի»

Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել «Zham.am» լրատվականին։ Ծառուկյանը մի շարք «մեսիջներ» է հղել թե՛ իշխանությանը, թե՛ քաղաքական ուժերին, թե՛ հասարակությանը։

Այսպես, երկրում առկա ծանր վիճակի համապատկերին առավել հետաքրքրական է իշխանությանն ուղղված հետևյալ միտքը. «Հիմա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է: Նա դրանից հետո իրավունք ունի հանգիստ հեռանալու, իր սիրած գործերով զբաղվելու։ Ես չեմ ուզում, որ այսօր մարդիկ, ովքեր իր ենթականերն են, վաղը ուրիշին դուր գալու համար նրա հասցեին չարախոսեն ու հետևից խոսեն: Ես ուզում եմ՝ մեկընդմիշտ այդ ավանդույթը վերանա: Պետք է ունենալ խիզախություն՝ այդ ավանդույթը կոտրելու»։

Իշխանությունը պետք է հետևություններ անի. երկրում ոչ ոք չի ցանկանում ցնցումներ։ Երկրում միակ բևեռը, որը ցնցումների է պատրաստ, իշխանությունն է։ Սակայն դրա կարիքը չկա, քանզի առաջարկվել է ցանկացած տեսանկյունից իշխանափոխության լավագույն տարբերակը (որը ներառում է նաև երաշխիքների փաթեթ)։

Սերժ Սարգսյանը մարդկանց այն դասին է պատկանում, որը սիրում է «դաբրոներ»։ Ընտրելով անցնցում կերպով իշխանությունը հանձնելու ճանապարհը՝ Սարգսյանն աշխարհի հզորներից, ինչու ոչ՝ ամբողջ աշխարհից (ճիշտ է, աշխարհասփյուռ հայությունը վերջին վեց տարիների ընթացքում հասցրել է թուլանալ, բայց ոչ այնքան, որ չկարողանա ստիպել աշխարհին արժանվույն գնահատել Հայաստանի երրորդ նախագահի՝ հիրավի միակ արժանի քայլը) մի մեծ «դաբրո» կստանա։ «Դաբրոյահար» կլինի, և սա՝ ամենայն լրջությամբ։

Պատմության մեջ շատ քիչ ղեկավարներ են քաղաքական կամք ցուցաբերել ու անցնցում հանձնել իշխանությունը։ Այս առումով Սերժ Սարգսյանը վերջին մի քանի տարվա ընթացքում տարբեր երկրներում տեղ գտած իշխանափոխության օրինակներում կարող է բացառություն դառնալ։ Դա կարող է նաև նրա աստեղային ժամը դառնալ, քանզի առանց ցնցումների իշխանափոխությունը քաղաքական կամք, հեռատեսություն ու խոհեմություն է պահանջում, որը բնորոշ է միայն եզակի քաղաքական գործիչներին։

Ամեն դեպքում, ընտրությունը պետք է արվի Բաղրամյան 26-ում՝ պատմության մեջ մնալ որպես եզակի դեպք ու դեմք կամ որպես 21-րդ դարի շարքային բռնակալ՝ համապատասխան ավարտով։
Կարծում եմ՝ առաջին տարբերակը լավագույնն է թե՛ երկրի, թե՛ նրա այժմյան նախագահի համար։ Բացի այդ, կառավարումը փլատակների վրա հանգեցնելու է, այսպես ասած, լիդերի լուրջ հոգեբանական բարդույթի, երբ չորս կողմդ օր օրի հզորացող հարևաններ են։ Հուսանք՝ Բաղրամյան 26-ում դեռ հեռատեսության ունակությունը չեն կորցրել։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը