Կարծիք

11.09.2014 20:50


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ «ՄԵՍԻՋՆԵՐԸ»

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ «ՄԵՍԻՋՆԵՐԸ»

Գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանի հարցազրուցները հանրային մեծ հետաքրքրություն են առաջացնում: Եվ շատերը բարձրացված հարցերի ու տրված պատասխանների միջոցով փորձում են քաղաքական ակտիվ զարգացումների հետ կապված սեփական հաշվարկներն անել ու ճշգրտումներ կատարել:

Գաղտնիք չէ նաև, որ ԲՀԿ-ն առանցքային դերակատարություն ունի մեր քաղաքական դաշտում, այնպես որ, կարծում եմ՝ մի շարք կարևոր հարցերի պատասխաներ Ծառուկյանի այսօվա հարցազրույցում տրվեցին:

Բայց հատուկ ցանկանում եմ ընդգծել այն, որ սահմանադրական փոփոխությունների հարցում ԲՀԿ առաջնորդի դիրքորոշումը հստակ է. «Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրման»:

Եվ պակաս հստակ չէր նաև այն, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին գնացող նախագահ է համարում, և թեպետ բավականին կոռեկտ ձևակերպում էր դրա համար ընտրված, որ հետագայում հետևից չխոսեն, բայց միաժամանակ՝ պարզորոշ, եթե չասեմ՝ կոշտ՝ նա հեռացող նախագահ է և վե՛րջ: Ա՛յ սա է չափազանց կարևոր, որպեսզի սպասվող ակտիվ քաղաքական զարգացումներից առաջ հասարակությունը տեսնի այս սկզբունքային հարցում ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի հստակ դիրքորոշումը:

Շատ են փորձում որոշ «ընդդիմախոսներ» տարբեր հիմնավորումներ պեղել-գտնել, թե, իբր, Ծառուկյանն ու նրա ղեկավարած կուսակցությունն իշխանությունների հետ են, և այդ առիթով ցանկանում են հասարակության ոգևորությունը կոտրել սպասվող ակտիվ պրոցեսներից առաջ, ու կարծում եմ՝ Ծառուկյանի կողմից այսօր այս հարցի պատասխանը հնչեց այնպիսի շեշտադրումով, որ, կարելի է ասել, վերջակետ դրվեց այդ հիմնազուրկ խոսակցություններին: ԲՀԿ առաջնորդը ցույց տվեց, որ պարտադիր չէ հայհոյել իշխանություններին սեփական տեսակետները ներկայացնելիս։

Կարևորում եմ նաև ոչիշխանական ուժերի համախմբման հարցում Ծառուկյանի ջանքերը: Մենք սովոր ենք, որ խոշոր կուսակցությունների լիդերները կամ հզոր անհատները շատ հաճախ ինքնագոհ հայտարարում են, որ եթե ուզում են՝ թող գան իրենց միանան, քանի որ իրենք ոչ մեկի կարիքը չունեն: Իսկ Ծառուկյանը կարևորում է քաղաքական ուժերի կոնսոլիդացիան, թեպետ նրբորեն հասկացնել է տալիս, որ միայն ԲՀԿ-ով էլ կարող են իրենց ծրագրերը կյանքի կոչել, բայց ինքն է ընդառաջ քայլ անում համախմբման ուղղությամբ, ինչը որ շատ պակասում է մեր քաղաքական դաշտում:

Եվ եթե հնարավոր չի եղել այսքան տարի հաջողության հասնել, նաև շատ դեպքերում խանգարել է քաղաքական դաշտի որոշ անհատների ու կուսակցապետերի անձնական ամբիցիան: Մինչդեռ, եթե երկրի վիճակն իսկապես օրհասական են համարում, բայց չեն կարողանում վեր կանգնել սեփական ամբիցիայից, կա՛մ իրավիճակին ադեկվատ գործիչներ չեն ու լրջորեն կտրված են իրականությունից, կա՛մ իրենց «ես»-ը հայրենիքից վեր են դասում: Մինչդեռ, համեմատաբար վերջերս մեր հայրենիքի մի հատվածի ազատագրման համար հազարավոր մարդիկ իրենց կյանքը զոհաբերեցին, իսկ քաղաքական ֆրոնտի մարտիկներն իրենց «ես»-ը անգամ չեն ցանկանում ստորադասել Հայաստան պետության ու հայ ժողովրդի շահերին:

Հետո էլ ուզում են, որ ուրիշները զոհաբերության գնան ու դրանով երկրում իրավիճակ փոխեն, երբ շատ դժվար են հաշտվում այն մտքի հետ, որ ուրիշներից պահանջելուց առաջ իրենք էլ պետք է եթե ոչ փոփոխության առաջամարտիկը, ապա գոնե՝ ակտիվ մասնակիցը լինեն:

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202938349402243

Այս խորագրի վերջին նյութերը