Կարծիք

11.09.2014 14:21


Գրիգոր Աթանեսյան. «Մեր իշխանությունների տրամաբանությունից միայն ապշել կարելի է»

Գրիգոր Աթանեսյան. «Մեր իշխանությունների տրամաբանությունից միայն ապշել կարելի է»

Էս մեր իշխանությունների տրամաբանությունից (կամ էլ տրամաբանության բացակայությունից, չգիտեմ էլ արդեն, թե որն է ճիշտ) միայն ապշել կարելի է:

Ուրեմն կարդում եմ, որ Կառավարության էսօրվա նիստին ՀՀ Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար տրամադրվել է 53 միլիոն դրամ: Իսկ դրանից հետո կարդում եմ, որ սահմանամերձ համայնքների խնդիրների լուծմանը տրամադրվել է 147 մլն դրամ: Խնջույք ժանտախտի ժամանակ...այլ բառերով էս ամենը հնարավոր չէ նկարագրել: Փաստորեն, մեր սահմանամերձ համայնքներին տրամադրվող դրամական օգնությունը հերիքում է ընդամենը 2,5 համերգ կազմակերպելու համար:

Բա, ժողովուրդ ջան, էդ համայնքներում ապրող մարդկանց հոգսերը, փաստորեն, ըստ իշխանությունների, ընդամենը 2,5 համերգ արժեն: Եվ դա էն պարագայում, երբ հենց էդ գյուղերն են դե ֆակտո պահում մեր երկիրը թշնամուց:

Մի խոսքով, մեկնաբանություններն ավելորդ են:

Հ.Գ.: Ս. Սարգսյան. «Ես այդպիսի մեծ պրոբլեմ չեմ տեսնում, երբ որ խոսում են լեռնային գյուղերի մասին, խոսում են դատարկվող գյուղերի մասին, չգիտեմ՝ այդ պրոբլեմը ինչքան է ակտուալ, որովհետև մարդը այսօր, ապրելուց լինի գյուղում, թե քաղաքում, ուզում է կյանքի համար լավ պայմաններ, և եթե այսօր կա մի գյուղ, որտեղ ապրում է 5-6 հազար մարդ, որն ապահովված է ոռոգման ջրով, խմելու ջրով, դպրոցները վերանորոգված են, մանկապարտեզ կա, ես կնախընտրեի, որ 7 կիլոմետր վերև ապրող 10-12 ընտանիքը իջներ այդտեղ, այս մի գյուղում ապրեր, մինչև կկարողանանք այն վերևի գյուղն էլ գազ քաշենք կամ դպրոց կառուցենք։ Պրոբլեմներն այնքան շատ են, որ այդպիսի բաների մասին մտածելը դեռևս շատ վաղ է։ Այսինքն, եթե Երևանի դպրոցը չի ջեռուցվում, մենք ի՞նչ հնարավորություն ունենք՝ գնանք սահմանամերձ գյուղում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր կենանք գնանք, այնտեղ ապրենք։ Մենք պետք է կենսական պրոբլեմների մասին առաջին հերթին մտածենք»:

Այս խորագրի վերջին նյութերը