Քաղաքական

11.09.2014 14:05


Ալ. Արզումանյանը կողմ է սահմանադրական փոփոխություններին՝ չբացառելով վերարտադրության նպատակը

Ալ. Արզումանյանը կողմ է սահմանադրական փոփոխություններին՝ չբացառելով վերարտադրության նպատակը

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ

–Իշխանությունները սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնել։ Դուք կողմնակի՞ց եք այդ հայեցակարգին։

–ՀՀՇ–ի ծրագրում էլ նշված է, որ մենք կողմնակից ենք կառավարման խորհրդարանական համակարգին։

–Ձեր այդ դիրքորոշմամբ ջուր չե՞ք լցնում Սերժ Սարգսյանի ջրաղացին՝ նպաստելով նրա վերարտադրությանը։

–Ո՛չ, մենք տարբեր կերպ ենք մեկնաբանում։ Ես ընդհանուր մոտեցումս եմ ասում, թե ինչպես եմ պատկերացնում Հայաստանի ժողովրդավարացման իմ տեսլականը։ Սերժ Սարգսյանը գուցեև այդ բարեփոխումն անի, որ ստանձնի «պախանի» դերում ԱԺ նախագահի պաշտոնը։ Բայց այստեղ անձերից պետք է վեր կանգնել։ Քննարկում ենք կառավարման ընդհանուր համակարգը, ի՞նչ կապ ունեն անձերը։ Կեղծում են թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունները, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռքներս ծալենք և ընդունենք, որ Հայաստանում այլևս ոչ մի ընտրություն չի լինելու։ Հո հավե՞րժ չեն։

–Սերժ Սարգսյանը բարի՞ նպատակներով է նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները, թե՞ վերարտադրվելու։

–Ինձ չի հետաքրքրում։ Չէ, հավանաբար, վերարտադրության համար է արվում։ Երեք նախագահ ենք ունեցել, երեքն էլ Սահմանադրություն են ընդունել։ Առաջինը հասկացանք, բայց հաջորդ եկողը Սահմանադրությունն իր համար վերաձևել է։ Հիմա մենք նույնն ենք տեսնում։

–Այդ դեպքում ինչպե՞ս անել, որ կառավարման համակարգը փոխելու՝ ձեր կարծիքով դրական քայլը Սերժ Սարգսյանը չօգտագործի իր վերարտադրության համար։

–Պայքարենք ամեն օր, ամեն ժամ, ամեն տեղ, յուրաքանչյուր մարդ իր իրավունքների համար պայքարի, քաղաքացիական հասարակություն կառուցվի։ Գնալով ավելի բարդանալու են, չէ՞, այդ վերարտադրության մեխանիզմները։ Պետք է կարողանանք տեր կանգնել մեր քվեին։ Էական չէ, թե ինչ մեթոդով են վերարտադրվում, էական է թույլ չտալ այդ վերարտադրությունը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը