Լրահոս

11.09.2009 17:13


Լևոն Զուրաբյանի հայտարարությունը սեպտեմբերի 11-ի մամլո ասուլիսում

Սեպտեմբերի 18-ին տեղի է ունենալու Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպված հանրահավաքը: Այն ազդարարելու է բռնապետության դեմ մղվող համաժողովրդական պայքարի նոր ալիքի սկիզբը այնպիսի ժամանակաշրջանում, որ կարող է բախտորոշ նշանակություն ունենա հայ ժողովրդի և պետության համար:

Երկրում իշխանությունը բռնազավթած ռեժիմը օրեցոր ցուցադրում է իր տարրական անկարողությունը և ոչ-կոմպետենտությունը պետական կառավարման բոլոր կենսական բնագավառներում: 

Սպասարկելով մի շարք օլիգարխների գերշահույթները, երկրի իշխանությունների վարած ֆինանսավարկային, հարկային, մաքսային, բյուջետային քաղաքականությունը ծառայացվում է բացառապես խոշոր մենաշնորհյալ ներկրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, մինչդեռ խեղդվում է ազատ մրցակցությունը և արտահանումը: Սկսվել է կապիտալի հսկայական արտահոսք: Կառավարությունը նորից պատասխանում է կենտրոնական բանկի պահուստների մսխումով, արհեստականորեն պահպանելով ազգային դրամի դիրքերը՝ կրկին ղեկավարվելով միայն օլիգարխների շահերով: Ըստ էության պետական մեքենան այսօր առևանգված է մի քանի հանցագործների կողմից, և օգտագործվում է նրանց կողմից սեփական հարստացման նպատակով:

Նույնքան անմխիթար վիճակ է տիրում նաև արտաքին քաղաքականության բնագավառում: Վերջերս հրապարակված հայ-թուրքական արձանագրությունները բացահայտեցին այս բնագավառում ռեժիմի վարած քաղաքականության սնանկությունը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորոման և սահմանի բացման մասին հավաստիացումները այդ արձանագրություններում արժեզրկվում են Թուրքիայի կողմից պարտադրված անընդունելի դրույթների ընդգրկումով, ինչն ապացուցում է, որ Հայաստանը ընդունել է Թուրքիայի նախապայմանները:

Ակնհայտ է, թե ինչ է շահում Թուրքիան պատմական հարցերի միջկառավարական հանձնաժողովի հաստատումով: Պատմական փաստերի շուրջ հայ-թուրքական երկխոսության հաստատման պատճառաբանությամբ այսուհետև կդադարեցվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, թուրք-ամերիկյան հարաբերություններում հարթվում է լարվածություն առաջացնող կնճիռը: Հայաստանը սակայն, Հայոց ցեղասպանության ուրացման անընդունելի գնով անգամ, ստանում է միայն թղթի վրա խոստումներ սահմանը բացելու մասին: Ավելին, եթե առաջ Թուրքիան կարող էր բացել սահմանը կառավարության որոշումով, արձանագրությունների ընդունման հետևանքով դա հնարավոր կլինի միայն Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման դեպքում: Սա թույլ է տալիս Թուրքիայի կառավարությանը ձևականորեն ցուցադրել իր կառուցողականությունը հայ-թուրքական կարգավորման գործում, այն Ղարաբաղի խնդրի լուծումով պայմանավորելու առաքելությունը դնելով խորհրդարանի վրա:

Ռեժիմը տեղի է տվել նաև Թուրքիայի կողմից ներկայացված մեկ այլ նախապայմանի կատարման պահանջին. աննախադեպ երկկողմանի հատուկ պայմանգրով սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչմանը, մինչդեռ մի կողմից՝ Հայաստանը նման հավելյալ քայլի դիմելու կարիք չուներ, քանի որ անդամակցելով ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին ընդունել է միջազգային իրավունքի այդ հիմնարար սկզբունքները, և, մյուս կողմից, չգիտես ինչու, արձանագրություններում հիշատակված չէ միջազգային իրավունքի մեկ այլ հիմնարար սկզբունք՝ ազգերի ինքնորոշման իրավունքը:

Այսպիսով ռեժիմի պնդումները այն մասին, թե իբր նրան հաջողվել է առանց նախապայմանների համաձայնության հասնել Թուրքիայի հետ, և մասնավորապես՝ տարանջատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի խնդրի լուծումից, ակնհայտ կեղծիք են:

Իրականում, Հայաստանի վարչախումբը ցուցադրեց, որ, չունենալով ներքին լեգիտիմություն, այն պատրաստ է անընդունելի և անհարկի զիջումների գնալ արտաքին քաղաքականության բնագավառում՝ սեփական իշխանությունը ամրապնդելու և արտաքին լեգիտիմություն սատնալու նպատակով: Նման փաստերը խորացնում են կասկածները, որ ռեժիմը պատրաստ է նույնքան անընդունելի գործարքների գնալ նաև Ղարաբաղի հարցում:

Ռեժիմի կառավարման կործանարար հետևանքերը և ձախողումները օրեցոր ակնառու են դասռնում հայ հասարակության համար: Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել սեպտեմբերի 18-ի մեր հանրահավաքին, որում կքննարկվեն այս վտանգավոր զարգացումները կանխելու և սահմանադրական կարգը վերականգնելու ուղիները:

Այս խորագրի վերջին նյութերը