Կարծիք

10.09.2014 14:16


Մերի Մովսիսյան. Վենետիկյան հանձնաժողովի անդամը ՀՀ կողմից ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է

Մերի Մովսիսյան. Վենետիկյան հանձնաժողովի անդամը ՀՀ կողմից ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է

Օրերս տեղեկություն էր ստացվել, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը փաստաթղթի նախնական տարբերակը կքննարկի Վենետիկի հանձնաժողովից Հայաստան հրավիրված ներկայացուցիչների հետ: Սկզբի համար հարկ եմ համարում մի փոքր անդրադառնալ Վենետիկյան հանձնաժողովի գործունեությանը:

Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի գործունեությունը բխում է հետևյալ սկզբունքներից` ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն ու օրենքի գերակայություն: Այդ երեք սկզբունքների վրա հիմնված հանձնաժողովի գործունեությունն արտացոլվում է հետևյալ հիմնական բնագավառներում՝ աջակցություն սահմանադրական իրավունքի ոլորտում, ընտրություններ և հանրաքվեներ, սահմանադրական դատարանների հետ համագործակցություն, հետազոտություններ, զեկույցներ և «տրանսազգային» սեմինարներ:

Վենետիկի հանձնաժողովի գործունեության մեջ առավել հետաքրքրական է նրա աշխատանքի մեթոդը: Այսպես, Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, իսկ դա նշանակում է, որ նրա եզրակացությունները, հնչեցրած կարծիքները կրում են ոչ թե պարտավորեցնող, այլ խորհրդատվական բնույթ: Դա նշանակում է, որ նա պարզապես չունի պարտադրող լծակներ միջազգային իրավունքի սուբյեկտների վրա. այն միայն խորհրդատվական գործառույթ է իրականացնում:

Ընդունել դրանք, թե ոչ յուրաքանչյուր պետության գործն է: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է հասկանալ, որ Վենետիկյան հանձնաժողովի գործունեությունը Սերժ Սարգսանի վերարտադրությանն ուղղված սահմանադրական փոփոխությունների փաստաթղթի վերջնական տարբերակի վրա որևէ լուրջ ազդեցություն չի ունենալու: Եվ հոկտեմբերին նոր փաստաթուղթ ունենալու Սերժ Սարգսյանի վստահությունն ամենևին չի նշանակում ու ենթադրում, որ լինելու է այն տարբերակը, որը ներկայումս ներկայացվելու ու քննարկվելու է հանձնաժողովի հրավիրած ներկայացուցիչների հետ:

Վենետիկյան հանձնաժողովի հետ քննարկումները, մեծ հաշվով, ընթացակարգային պրոցեդուրա են: Իշխանությունն ակտիվ շրջանառության մեջ է դնելու այն թեզը, թե՝ տեսեք՝ սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը քննարկվել է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կառույցի կողմից. այն ամբողջովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին և այլն, և այլն: Սակայն պետք չէ խաբվել ու տրվել նման քարոզներին, առավել ևս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վենետիկյան հանձնաժողովի անդամը ՀՀ կողմից ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է (1997 թվականից):

Հ. Գ. Իշխանությունը ցանկություն ունի սահմանադրական փոփոխությունների՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության հանրաքվեն իրականացնել 2016 թվականին, սակայն գործը չպետք է հասնի հանրաքվեի, և իշխանության այդ ծրագիրը պետք է վիժեցնել արագ ու առանց վարանելու առաջիկա երկու ամսվա ընթացքում:

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը