Կարծիք

10.09.2014 13:55


Սևակ Դանիելյան. Արամ Զավենի Սարգսյանի բիզնեսը

Սևակ Դանիելյան.  Արամ Զավենի Սարգսյանի բիզնեսը

Շատ բնական է, երբ մարդիկ այս կամ այն պատճառով, սուբյեկտիվ, թե օբյեկտիվ, չեն համակրում Քոչարյանին: Շատ նորմալ և բնական բան է նաև, որ մարդկանց այս կամ այն քաղաքական կամ տնտեսական քայլի համար քննադատում են Ռոբերտ Քոչարյանին: Կամ որ իր նախագահության տարիներին միանշանակ գնահատական չեն տալիս: Բայց, մեղմ ասած, անբարոյականություն է, երբ Քոչարյանին քննադատում են միմիայն Սերժ Սարգսյանին հաճոյանալու նպատակով կամ սեփական գրպանի պարունակությունն ընդարձակելու համար:

Անբարոյականություն է սեփական պետությանը ճգնաժամի մեջ գցող մարդուն քծնելու համար նախկին իշխանությունների հասցեին քննադատությունը բիզնեսի մակարդակի հասցնել: Սակայն այս պարզ ճշմարտությունը չի ընկալում, օրինակ, Արամ Զավենի Սարգսյանը:

Բաղրամյան 26-ի համակարգման տակ աշխատող թերթին տված իր հարցազրույցում Զավենիչը Սերժ Սարգսյանին շողոքորթեց 2 ուղղությամբ: Նախ՝ փորձեց բարոյականության դասեր տալ ԵԿՄ-ից դուրս եկած ազատամարտիկներին, ովքեր հիմնել են իրենց սեփական կառույցը: Դե, իսկ հարցազրույցի վերջում, ինչպես միշտ, անդրադարձավ Քոչարյանին:

Համաձայնեք, որ այսօր ԵԿՄ-ն Սերժ Սարգսյանի կողքին է, ու Սերժին ձեռնտու չէ, որ նոր կառույց ստեղծվի՝ որպես հակակշիռ ԵԿՄ-ին: Այդ իսկ պատճառով էլ իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են «Երդվյալ ազատամարտիկների միության» (ԵԱՄ) գործունեությանը: Օրինակ՝ թույլ չեն տալիս ԵԱՄ-ին համագումարներ անել՝ փակելով նրանց դեմ բոլոր դահլիճները: Իշխանությունները ԵԱՄ-ի դեմ խոսացնում են բոլոր մանր-մունր գործիչներին, այդ թվում նաև՝ ԵԿՄ վարչության անդամ Արամ Զավենիչին: Վերջինս, սակայն, ինչպես նշեցի, չսահմանափակվեց ԵԱՄ-ին քննադատելով. նա սկսեց խոսել Քոչարյանի մասին՝ երևի մտածելով, որ երկու ուղղությամբ քծնելով Սերժ Սարգսյանին՝ նա իր սեփական գինը կբարձրացնի:

Ընդհանրապես, զավեշտալի է, երբ բարոյականության մասին խոսում է մի մարդ, ով իր եղբոր անունը միայն սպեկուլյացիաներ անելու համար է օգտագործում, ամեն տեղ ասում է, թե շարունակում է եղբոր գործը, փորձում է հզոր երկիր ստեղծել և այլն, բայց իրականում ծառայում է Սերժ Սարգսյանին ու իր հետ միասին պատասխանատվություն կրում երկրից արտագաղթած հազարավոր հայերի համար, քանզի հենց Զավենիչի նման մարդիկ են, որ սպասարկելով Սերժի շահերը՝ օգնում են նրան մնալ իշխանության ղեկին: Զավենիչի համար սա բիզնես է, բիզնես՝ պետության ու սեփական եղբոր հիշատակի գնով:

Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր:

Սևակ Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը