Մեկնաբանություն

10.09.2014 08:35


Վերարտադրման հայեցակարգը

Վերարտադրման հայեցակարգը

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը «բացահայտեց» բարեփոխումների հայեցակարգի «ալֆան ու օմեգան»։ Մի բան, որ հայտնի էր դեռեւս ապրիլ ամսին, երբ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնող Սերժ Սարգսյանը նշված հանձնաժողովում հայտարարեց, թե այլեւս իր թեկնածությունը չի առաջադրելու նախագահի պաշտոնի համար, իսկ եթե ընտրվի կառավարման խորհրդարանական համակարգը, ինչն իր սրտով չէ, ապա ինքը չի հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին (առաջարկվելիք փոփոխություններով ԱԺ նախագահի դերի ու այդ դերին հավակնելու մասին Սարգսյանը լռեց):

Դրանից հետո արդեն պարզ էր, որ սահմանադրական «բարեփոխումների» հանձնաժողովն ընտրելու է հենց խորհրդարանակա՛ն կոչված համակարգը:

Այնպես որ, Գեւորգ Դանիելյանի պաշտոնական հայտարարությունն այն մասին, թե հայեցակարգում ամրագրվել է անցումը կառավարման խորհրդարանական համակարգին, բնավ զարմանալի կամ անսպասելի չէր:

Հայեցակարգում տեղ գտած մնացած դրույթները, որոնք ներկայացրեց Դանիելյանը, կարելի է ասել, ձեւական առաջարկներ են, որոնք պարզապես ամրագրվել են, որպեսզի «արդարացվեն» սահմանադրական փոփոխությունները: Այսինքն, ակնհայտորեն «չզռռար», որ Սահմանադրությունը «բարեփոխում» են միայն կառավարման մոդելը փոխելու և այն Սերժ Սարգսյանի անձնական շահերին հարմարեցնելու նպատակով:

Մի քանի ամիս դատական բարեփոխումներից էին խոսում, սակայն պարզվում է՝ հայեցակարգում պահպանվելու է նույն եռաստիճան համակարգը, բայց առաջարկվում է ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտը։

Մի ինստիտուտ, որը, ըստ Դանիելյանի, չի առնչվելու բոլոր գործերին. տարվա մեջ ընդամենը մի 30 գործի քննության դեպքում կզգացվի երդվյալ ատենակալների անհրաժեշտությունը:

Այսինքն, այս ոլորտում, ըստ էության, արմատական փոփոխություններ չեն արվել:

Ուշագրավ է մեկ այլ «նոու-հաուն», որ կարեւորել է հանձնաժողովը:

Միջազգային կազմակերպություններին կամ դաշինքներին միանալու դեպքում, ինչպես, օրինակ, Եվրասիական տնտեսական միությունն է, ինքնիշխանության կորուստը բացառելու համար հայեցակարգն առաջարկում է դա ամրագրել Սահմանադրությամբ:

«Բոլոր այն դեպքերում, երբ այս կամ այն չափով տեղի կունենա ինքնիշխանության սահմանափակում, ցանկացած չափով, ապա այս հարցերը կարող են քննարկման դրվել և ընդունվել բացառապես հանրաքվեի միջոցով»,- շարունակելով ներկայացնել հայեցակարգը՝ ասում է Դանիելյանը:

Իրոք, զարմանալի է այս դրույթի ամրագրումը հիմա, երբ մեկ տարի առաջ արդեն Սերժ Սարգսյանի միանձնյա որոշմամբ պարզ դարձավ, որ ՀՀ-ի տեղը Մաքսային միությունում է, իսկ շուտով նաեւ՝ ԵՏՄ-ում: Դրանից առաջ նա բանակցում էր ԵՄ–ի հետ, ու կրկին հանրությունը տեղյակ չէր դրա բովանդակությունից։

Սահմանադրական «բարեփոխումների» հայեցակարգը ընդունելուց հետո մի՞թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե է անցկացվելու: Իհարկե, ոչ:

Մինչ այդ արդեն Հայաստանը դառնալու է ԵՏՄ անդամ:

Ուրեմն, ինչի՞ համար է հայեցակարգում ընդգրկվել նման առաջարկ, երբ ամեն ինչ արդեն եղած վերջացած է:

Կրկնում ենք՝ նման ձեւական առաջարկները լավագույնս են բացահայտում սահմանադրական փոփոխությունների միակ նպատակը՝ գործող իշխանության վերարտադրությունը: Ինչը ամեն կերպ փորձում են հերքել հանձնաժողովականները, որոնք, սակայն, այդպես էլ չեն կարողանում հիմնավորել իրենց պնդումը, թե փոփոխություններով Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության հարց չի լուծվում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը